Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Արիֆ Մամադովն ինձ պատմեր ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալների մասին, ես միանգամից կդիմեի Ֆրանսիայի դեսպանատուն». Յագլանդը մանրամասներ է ներկայացնում

Հունվար 23,2019 14:51

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի ելույթից հետո Նիդերլանդները ներկայացնող պատվիրակ Փիթեր Օմզիգը ԵԽ գլխավոր քարտուղարին հիշեցրեց՝ դեռ հոկտեմբերին ԵԽ անկախ հետաքննական մարմնի ութ անդամներ նամակով դիմել էին Թորբյորն Յագլանդին: Այդ նամակում գրված էր, որ անկախ հետաքննական մարմնին Արիֆ Մամադովը պատմել է, որ մեկ տարի առաջ Ձեզ հայտնել է վեհաժողովում կոռուպցիոն երևույթների և մի շարք հանդիպումների մասին: Մինչդեռ Դուք, հակառակ 1327 դրույթի, որն ինքներդ եք ստորագրել, այդ մասին չեք հայտնել: Փիթեր Օմզիգը հարցրեց՝ չե՞ք պատրաստվում արդյոք երկու շաբաթվա ընթացքում մեզ պատասխանել և նոթեր հրապարակել այդ հանդիպումների մասին:

Թորբյորն Յագլանդը պատասխանեց. «Ես երկու անգամ պատասխանել եմ այս հարցին: ԵԽԽՎ հետաքննող անկախ մարմինը նշանակել է անկախ հանձնաժողով, որը դիմել է իմ գրասենյակի ղեկավարին այս հարցով: Դրանից հետո հանձնաժողովն անհրաժեշտ չի համարել ինձ դիմել, քանի որ ըստ նրանց՝ իմ գրասենյակի ղեկավարը բավարար պատասխան է տվել: Այն անձը, որին դուք հղում եք կատարում, պատմել է բազմաթիվ բաներ Ադրբեջանում կոռուպցիայի մասին, որոնք մեզ ապշեցրել են: Այդ պատճառով ես 2015 թվականին անդրադարձել եմ Կոնվենցիայի 52-րդ հոդվածին, ինչն ինձ իրավունք է տվել իմ անձնական հարցումները կատարել այդ երկրին: Դրա պատճառն էր նաև այն, որ Իլգար Մամադովն ազատ չէր արձակվում: Ես տեսնում էի, որ ինչ որ մի բան սխալ է: Բայց այդ անձն ինձ պատմել է Ադրբեջանում գոյություն ունեցող կոռուպցիոն երևույթների մասին: Իսկ եթե նա ինձ ասեր այս վեհաժողովում գոյություն ունեցող կոռուպցիոն երևույթների մասին, ես միանգամից կգնայի Ֆրանսիայի ոստիկանություն, քանի որ ինչպես գիտեք՝ կաշառակերությունն անընդունելի է: Բայց նա ինձ հետ խոսում էր Ադրբեջանում կաշառակերության մասին»:

Թորբյորն Յագլանդը մտահոգություն հայտնեց, որ իր տպավորությամբ այս հարցը փորձում են քաղաքականացնել, ինչն անընդունելի է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031