Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է «fake news»-երի խնդիրը, որպես հանրային կարծիքը խեղաթյուրող եւ հանրությանը մանիպուլացնող վտանգավոր գործիքի։ Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, խոսելով «fake news»-երի մասին, հայտարարել է, որ կեղծ տեղեկատվությունն այսօր տարածվում է «Էբոլա» վիրուսից առավել մեծ արագությամբ եւ կոչ է արել ԵԽԽՎ մշակույթի եւ մեդիայի հանձնաժողովում ստեղծել աշխատանքային խումբ, որի օրակարգը լինելու է «fake news»-երի դեմ օրենսդրական եւ իրավական լուծումների մշակումը։ «Մենք պարտավոր ենք պաշտպանել քաղաքացու՝ անաչառ եւ ստույգ տեղեկատվություն ստանալու իրավունքը»,- ասել է հայ պատգամավորը։
Իր ելույթում Զոհրաբյանն ասել է՝
Հարգելի գործընկերներ,
Որպես նախկին լրագրող, որպես պատգամավոր եւ որպես քաղաքացի, խնդիրը, որն այսօր քննարկում ենք, ես համարում եմ
ամենաակտուալ եւ հրատապ լուծում պահանջող հարցերից մեկը։ Այո, մեդիա ազատությունը դեմոկրատական ընտրության հիմնական պայմաններից է։ Սակայն պետք է ընդունենք, որ այսօր «ֆեյք» լրատվական ինդուստրիան կատաղի ձեռնոց է նետում պրոֆեսիոնալ մեդիային, ինչը տարածվում է «էբոլա» վիրուսից առավել մեծ արագությամբ։ Այսօր արդեն գործում են հսկայական «ֆեյք ինդուստրիաներ», որոնք ակտիվանում են հատկապես ընտրական փուլերում եւ մանիպուլացնում են հանրային կարծիքը։ Ֆեյքային այս ինդուստրիան ստեղծում է ֆեյք իրականություն, որտեղ արդեն դժվար է տարանջատել իրական տեղեկատվությունը՝ ստից։ Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ ԵԽ անդամ երկրների ազգային խորհրդարանները լրջորեն քննարկեն «fake news»-ի խնդիրը եւ փորձենք օրենսդրական լուծումներ գտնել ընդդեմ «ֆեյք ինդուստրիաների», որպեսզի ապահովենք քաղաքացու՝ օբյեկտիվ և ստույգ տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Գերմանիան վաղուց արդեն լուրջ եւ խիստ օրենսդրական լուծումների է գնում ինչպես «fake news»-երի, այնպես էլ սոցիալական ցանցերում ատելության խոսքի կանխարգելման համար։
Ընդամենը ամիսներ առաջ որպես քաղաքապետի թեկնածու, ես տեսել եմ, թե ինչ զարհուրելի չափերի կարող է հասնել սոցիալական մեդիայում ատելությունն ու անհանդուրժողականությունը:
Նոր մեդիամիջավայրում, որտեղ ապատեղեկատվության տարածումը, ֆեյք լրատվությունը, դարձել են մանիպուլյատիվ լուրջ գործիքներ, սկսում է ձեւավորվել ֆեյք իրականություն, ֆեյք օրակարգեր, ինչը հանգեցնում է տեղեկատվական անարխիայի։ Այսօր ԵԽ անդամ երկրներից յուրաքանչյուրում մեդիագրագիտությունը լուրջ խնդիր է եւ այստեղ կարեւոր անելիք ունեն քաղաքացիական հասարակությունն ու Զանգվածային լրատվության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները։
Ես համաձայն եմ հարգարժան զեկուցողների հետ, որ «fake news»-ները կարող են էապես խեղաթյուրել հանրային կարծիքն ու ազդել ընտրական պրոցեսների վրա, ուստի պատահական չէ, որ այսօր սոցիալական տիրույթում «Ֆեյք-ինդուստրիաների» կատաղի պայքար է, որոնց վրա հսկայական ռեսուրսներ են ծախսվում։
Առաջարկս հստակ է՝ ԵԽԽՎ մշակույթի եւ մեդիայի հանձնաժողովում ստեղծել աշխատանքային խումբ, որի օրակարգը լինելու է «fake news»-երի դեմ օրենսդրական եւ իրավական լուծումների մշակումը։
Իսկ որպես Հայաստանի խորհրդարանի պատգամավոր եւ նախկին լրագրող, հայկական ոչ ֆեյք մեդիա դաշտի եւ այդ խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ սկսելու ենք քննարկումներ՝ ընդդեմ «ֆեյք-news»-երի, որպեսզի պաշտպանենք ազատ խոսքն ու ազատ մամուլը, ինչպես նաեւ, քաղաքացու՝ անաչառ եւ ստույգ տեղեկատվություն ստանալու իրավունքը։
Մամուլի հաղորդագրություն