Փաստաբան Արմինե Ֆանյանի տվյալներով, համաներումից հետո աճել է հանցագործությունների թիվը: «Հանցավորության աճ կա, և դրա մասին են խոսում պարբերաբար ներկայացվող ցուցանիշները»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց փաստաբանը:
«Այս դեպքում նույնիսկ առավել վտանգավոր հանցագործություններ կատարած անձանց վրա այն տարածվեց։ Եթե պետությունը այդքան լայն դաշտ ընդգրկող ակտ է ընդունել, ապա պետք է համաներվածների վերասոցիալականացման խնդրով ևս զբաղվեին, քանի որ եթե այն անձը, որը որոշ ժամանակ աշխատանք է փնտրում ու չի գտնում, կրկին բռնում է հանցավորության ճանապարհը։ Իսկ մեզ մոտ վերասոցիալականացման մեխանիզմներ դեռևս չեն մշակվել։ Ստացվում է, որ այդ մարդկանց մոտ կրկին անազատության մեջ հայտնվելու հավանականությունն ավելի շատ է»,- ասաց փաստաբանը:
Ըստ նրա՝ հանցագործություններն ուղղված են սեփականության դեմ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հանցագործությունների աճը կապված է նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ:
Արմինե Ֆանյանն անդրադարձավ նաեւ փաստաբանների նկատմամբ ճնշումներին. «Հանրային ճնշումներ կան և դա մեծապես պայմանավորված է փաստաբանների կողմից ստանձնած այն գործերի հետ, որոնց դեպքում հանրային շատ մեծ անհանդուրժողականություն կա։ Սա պայմանավորված է նաև փաստաբանի դերի, նշանակության թյուր ըմբռնմամբ։ Փաստաբանի նկատմամբ դրսևորվող ցանկացած անհանդուրժողականություն գնահատում ենք որպես նահանջ իրավական պետության զարգացման ճանապարհին»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ