Reddit ծառայության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը փորձում է հայկական կոնյակի ավանդույթները դուրս բերել ամերիկյան շուկա: Ավելի վաղ նա հայտնել էր, որ Flaviar ընկերության հետ գործակցությամբ հիմնել է հայկական կոնյակի ապրանքանիշ, որն անվանել են «Շախմատ» (Shakhmat):
Ամերիկյան Forbes պարբերականի հետ զրույցում նա պատմել է Հայաստան կատարած կարճատև այցելության, այդ այցի ընթացքում ծնված գործակցությունների և կոնյակի հայկական ավանդույթը վերածնելու գաղափարների մասին:
«Հայկական կոնյակը մի բան է, որով հայերն իսկապես հպարտանում են,- ասել է Օհանյանը:- Բայց Հայաստանից և հայկական համայնքից դուրս ոչ մեկ իրականում չգիտի դրա մասին, ինչը իսկապես ամոթ է. այն լեգենդար է»:
Տեսնելով, որ Flaviar-ը սկսել է Son of a Peat վիսկիի արտադրություն, Օհանյանը նրանց առաջարկել է սկսել կոնյակի արտադրություն: Օհանյանի և Flaviar-ի գործակցությամբ ստեղծված «Շախմատ» կոնյակի արտադրությունը սկսվել է նոյեմբերի 12-ին:
«Կոնյակ խմելը երկար դարերի հայկական ավանդույթ է, մի բան, որ բոլորը հայկական հասարակության մեջ գիտեն և պաշտում են: Բացի Ուինսթոն Չերչիլից, որը ակնհայտորեն այն սիրում էր, այն չի տարածվել աշխարհում, ուստի ես փորձում եմ հենց դա անել»,- ասել է Օհանյանը՝ հավելելով, որ կոնյակը պետք է վերածնունդ ապրի, քանի որ բազմաթիվ կոկտեյլներ հենց կոնյակի հիմքով են պատրաստվում:
Ալեքսիս Օհանյանը նաև հիացմունքով պատմել է Հայաստան կատարած իր 24-ժամյա այցի մասին, թե ինչպես են շրջել Երևանում, գինու համտես կատարել և ընթրել:
«Ես նաև մի քանի գորգ գնեցի և ուղարկեցի ԱՄՆ, տեղի բարերից մեկում ծանոթացա մի խումբ տարբեր մարդկանց հետ, որոնք այս նախագիծը հնարավոր դարձրին: Այդ այցի մեկ այլ կարևոր դրվագ էր հանդիպումը վարչապետի հետ: Դա իսկապես շատ հուզիչ հանդիպում էր, և ամբողջ երկրում լավատեսություն է զգացվում այն աշխատանքի արդյունքում, ինչ նա արել է և կշարունակի անել երկրի զարգացման, բարգավաճման և կոռուպցիան նվազեցնելու համար: Դա հուզիչ է, քանի որ հայերն ամբողջ աշխարհում բարգավաճում են, և շատ տեղին է, որպեսզի հայրենիքը նույնպես բարգավաճի: Սա միանգամայն նոր գլուխ է երկրի պատմության մեջ»,- ասել է Օհանյանը:
Օհանյանը նշել է, որ «Շախմատ»-ի արտադրության համար օգտագործել են բացառապես հայկական խաղողի հատիկներ և Կովկասյան կաղնի, և դա է պատճառը, որ համագործակցել են Armenian Tree Project-ի հետ: «Մենք սրանով ցանկանում էինք ընդգծել հայկական լավագույն ավանդույթները, ինչպես նաև Հայաստանի բնական ռեսուրսները»,- ասել է գործարարը:
Օհանյանը նաև պատմել է, որ իրեն շախմատ խաղալ ճակատագրի հեգնանքով սովորեցրել է մայրը, որը հայ չէ: «Բիզնեսում իմ սիրելի դասերից մեկն այն է, որ ինչպես շախմատում, բոլորը կարող են սովորել քայլերը, բայց իրական մարտահրավերն այն է, որ պետք է իմանաս՝ երբ քայլ կատարես… Դու կարող ես շատ հեշտությամբ սովորել բիզնեսի հիմքերը, բայց դա չէ, որ քեզ հզորացնում է»:
Վերջում Ալեքսիս Օհանյանի պատասխանել է, թե ինչպես է խմում «Շախմատ».
«Ես այն խմում եմ նրբորեն: Եթե ձեռքի տակ հայկական ծիրան եմ ունենում, այն բաժանում եմ երկու մասի, հանում կորիզը և այն օգտագործում որպես բաժակ»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ