Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի գրոսմայստերական դպրոցը փակման եզրին է

Հունվար 23,2019 12:42

Երեք տարի գործունեություն ծավալելուց հետո Երեւանում փակվում է շախմատի գրոսմայստերական դպրոցը, որը հիմնել էին շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը:

Այս դպրոցի մարզիչները բավականին արդյունավետ աշխատում էին տաղանդավոր 20 պատանի շախմատիստների հետ: Հենց այս դպրոցի սաներին է բաժին հասել վերջին տարիներին աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնություններում նվաճված ութ մեդալներից վեցը:

Պետական աջակցություն ստանալով նախկին նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանից՝ գրոսմայստերական դպրոցը հանգրվանել էր նախկին «Միկա» մարզահամալիրում, որը գտնվում էր ՊԵԿ-ի հաշվեկշռում: Սակայն երբ համալիրը փոխանցվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, որն իր հերթին օպտիմալացման արդյունքում շուտով դադարելու է գոյություն ունենալ, գրոսմայստերական դպրոցի ֆինանսավորումը (ամսական 1,5 մլն. դրամ) անցած տարվա սեպտեմբեր ամսից դադարեցվել է:

Գրոսմայստերական դպրոցի համահիմնադիր Գաբրիել Սարգսյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ իշխանություններից աջակցություն չստանալու դեպքում գրոսմայստերական դպրոցը կկանգնի փակման վտանգի առջեւ:

Գաբրիել Սարգսյանը լրագրող Վադիմ Մկրտչյանի հետ զրույցում տարակուսանք է հայտնել ստեղծված իրավիճակում ՀՇՖ-ի պասիվ դիրքից: «Մենք Լեւոն Արոնյանի հետ փորձում ենք խնդիրն ինչ-որ ձեւով ինքնուրույն լուծել, թեեւ դպրոցի նպատակը ոչ թե մեզ, այլ երկրին օգուտ բերելն է: Ինչպես երեւում է, ՀՇՖ փոխնախագահ Սմբատ Լպուտյանին ավելի շատ մտահոգում է իր Շախմատի ակադեմիան, չնայած, նա պետք է զբաղվի շախմատի բոլոր դպրոցների ճակատագրով եւ ոչ թե մեկի: Գրոսմայստերական դպրոցի փակումը լուրջ վնաս կհասցնի հանրապետությունում պատանեկան շախմատին», – ասել է նա եւ հավելել, որ Հայաստանի գրոսմայստեր մարզիչները արտասահմանում մեծ պահանջարկ ունեն: Անգամ միջին որակավորման մարզիչները համացանցով աշակերտներ են մարզում այլ երկրներում եւ վատ գումարներ չեն աշխատում: Իսկ մեր որոշ գրոսմայստերներ աշխատանքի լավագույն պայմաններով արտասահման մեկնելու առաջարկներ ունեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031