Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ համայնքապետարաններից եթե ոչ բոլորում, ապա դրանցից շատերում նույնպես այսպես կոչված «13-րդ աշխատավարձի» բաշխում է տեղի ունեցել. «Հայկական ժամանակ»

Հունվար 23,2019 12:18

Թեեւ մամուլն ու քաղաքական շրջանակներն այս օրերին բուռն քննարկում են մարզպետներից մի քանիսի՝ աշխատակազմին եւ իրենք իրենց պարգեւատրելու հարցը, սակայն միայն նրանք չէ, որ տրվել են «հին իներցիային» ու իրականացրել ավանդական- տարեվերջյան այս միջոցառումը։

ՀՀ համայնքապետարաններից եթե ոչ բոլորում, ապա դրանցից շատերում նույնպես այսպես կոչված «13-րդ աշխատավարձի» բաշխում է տեղի ունեցել՝ հայտնի առավելապես որպես «տարեվերջյան պրեմիա»։

Ուսումնասիրեցինք համայնքներից մի քանիսի ղեկավարների համապատասխան որոշումները, եւ պարզվեց, որ իրենք իրենց եւ աշխատակազմին խրախուսելիս համայնքային բյուջեից «փող դուրս գրելը» համայնքապետերը տարբեր կերպ են մեկնաբանել։ Մասնավորապես՝ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր՝ 2018 թ. դեկտեմբերի 18-ի որոշումը կայացնելիս հիմք է ընդունել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ԺՊ-ի զեկուցագիրը եւ ղեկավարվել «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի բ/ կետով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով։

Մասնավորապես՝ «Համայնքային ծառայության մասին» օրենքը սահմանում է համայնքային ծառայողի խրախուսումը, որը տեղի է ունենում երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար։ Համայնքային ծառայողի նկատմամբ, ըստ օրենքի, կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ տեսակները՝ շնորհակալության հայտարարում, միանվագ դրամական պարգեւատրում, հուշանվերով պարգեւատրում, լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում, կարգապահական տույժի հանում։ Համայնքային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաեւ օրենքով սահմանված խրախուսման այլ տեսակներ։ Համայնքային ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի կետերով նախատեսված խրախուսանքները կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, տվյալ դեպքում՝ համայնքի ղեկավարը։ Խնդիրն այն է, որ խրախուսանքի տեսակներից ամենաշատը համայնքապետարաններում «հարգի» եւ ընդունված են համարվում միանվագ դրամական պարգեւատրումները, որոնք ավանդաբար տրվում են տարեվերջին՝ որպես «նախատոնական նվեր»։Խրախուսման նույն տեսակները սահմանված է նաեւ Աշխատանքային օրենսգրքի վերոհիշյալ դրույթով, իսկ թե ինչի համար, ձեւակերպումը փոքր-ինչ այլ է՝ «աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար»։

Վերադառնալով Վանաձորի համայնքապետի որոշմանը՝ նշենք, որ, ըստ այդմ, աշխատակիցները ոչ թե երկարամյա ծառայության կամ պարտականությունները գերազանց կատարելու, այլ՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ են խրախուսվել։ Ընդ որում, խրախուսվել են համայնքապետարանի քաղաքական, հայեցողական, աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցները։ Միանվագ դրամական պարգեւատրումը եղել է յուրաքանչյուրի հաստիքային դրույքաչափին համապատասխան։ Նկատենք, որ ՀՀԿ-ական քաղաքապետի որոշմանը կից ներկայացված չէ խրախուսվողների ցանկը եւ պարզ չէ նրանց մեջ ինքը կա՞, թե՞ ոչ։

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031