Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյան. «Մենք պետք է աշխատենք միջազգային գների մեղմման վրա». «Հայկական ժամանակ»

Հունվար 23,2019 12:11

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն իր խորհրդարանական գործունեությունը պատկերացնում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։

– Նշվում է, որ քաղաքական հեղափոխության մասն ավարտված է եւ հիմա մեկնարկել է տնտեսական հեղափոխության փուլը։ Տնտեսական հեղափոխություն իրականացնելու խոչընդոտները որո՞նք են։

– Տնտեսական  հեղափոխությունն իրականում բազմաշերտ է։ Պետք են ոչ միայն օրենսդրական բարեփոխումներ, ոչ միայն քաղաքական փոփոխություններ, այլեւ պետք է, որ մարդկանց գիտակցության մեջ փոփոխություններ տեղի ունենան։ Տնտեսական հեղափոխությունը տեղի ունենալ չի կարող, եթե դրանցից որեւէ մեկը բացակայում է: Մեզանից յուրաքանչյուրը իր համար պետք է տնտեսական հեղափոխությունն իրականացնի։ Պետության խնդիրն է՝ օրենսդրական փոփոխություններով, վարչարարությամբ աջակցել մարդուն։ Ցանկացած մարդ, որն ուզում է զբաղվել տնտեսական  գործունեությամբ, նրա համար չպետք է լինի որեւէ խանգարող հանգամանք։ Մեր երկրում մինչ այս չի եղել այս ամեն ինչը, եղել է հովանավորչություն, կաշառակերություն եւ մարդկանց առաջին հերթին ոչ տնտեսական գործոններ են խանգարել։

– Հիմա չկան քաղաքական ճնշումներ, բայց ներդրումների աճ այնքան էլ չի զգացվում։

– Ներդրումների հարցով մամուլում մանիպուլյացիա կա։ Առաջին 9 ամիսներին օտարերկրյա ներդրումներն աճել են 20,7 տոկոսով։ Այդ աճի մեծ մասը բաժին էր հասել վերջին եռամսյակին։ Այսինքն՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, որտեղ աճը նախորդ տարվա համեմատ հասել էր 50 տոկոսի։ Նշել, որ չկան ներդրումներ, համաձայն չենք։ Այլ հարց է, որ ներդրումները մեզ համար դեռեւս ցանկալի մակարդակի չեն։

– Պարոն Պապոյան, այս ընթացքում նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ եւ գնանկում է նկատվում։ Մասնավորապես, բենզինն է 40-50 դրամով էժանացել, իսկ օրինակ` հացը թանկացել է 10-20 դրամով։ Սա ինչի՞ արդյունք է:

– Բենզինի գնանկումը կապված է միջազգային շուկայում նավթի գների անկման հետ։ Ակնհայտ է, որ հետագա անկումն էլի է բերելու բենզինի գնի իջեցման կամ հակառակը։ Մենք չունենք նավթ եւ ամբողջությամբ կախված ենք միջազգային գներից։ Բենզինի գնանկումը ես միայն սրանով չեմ բացատրի։ Մեր երկրում մարդիկ նախկինում բողոքում էին՝ ինչպես է ստացվում, որ նույն  բենզինը Վրաստանում 30 դրամով էժան է, քան Հայաստանում։ Հունվարի 21-ի դրությամբ 92 օկտանային բենզինը Վրաստանում 30 դրամով թանկ է, եթե կուրսերով փոփոխում ենք՝ 430 դրամ է, իսկ Հայաստանում ռեգուլյար բենզինը 400 դրամ է։ Սա պայմանավորված է ազատ տնտեսական գործունեությամբ, կոռուպցիայի բացակայությամբ։

Հացի գնաճի հետ կապված. մենք հիմնականում ալյուր ներկրող երկիր ենք եւ միջազգային շուկայում ցորենի գնի բարձրացում է տեղի ունեցել։ Սա կապված է դրա հետ։ Մենք պետք է աշխատենք միջազգային գների մեղմման վրա։ Մի շատ կարեւոր արձանագրում պետք է իրականացնենք՝ մեր գնաճը, որ եղել է 1,8 տոկոս, սահմանվածից շատ ավելի ցածր է եղել։ Սա կարեւոր ցուցանիշ է, նույնիսկ կար կարծիք, որ կարելի էր մի փոքր ավելի բարձր գնաճ ունենալ, դա կբերեր հավելյալ տնտեսական աճի։

Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031