Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի դերը նոր Հայաստանում պիտի մեծանա

Հունվար 23,2019 10:00

Կրթությունը, ի վերջո, մշակույթի մասն է, եւ հակառակը՝ մշակույթի գլխավոր գործառույթը, լայն իմաստով, մարդկանց լուսավորել, դաստիարակել, կրթելն է: Եթե մենք գիրք ենք կարդում կամ լուրջ երաժշտություն ենք լսում, դա ավելի զգայուն է դարձնում մեր հոգին, ավելի բարդ՝ մեր ուղեղը: Մեր կյանքի շատ երեւույթներ կարելի է բնութագրել որպես մշակույթ՝ ոչ միայն բուն կրթությունը, այլեւ բանավոր եւ գրավոր խոսքը, հարաբերությունները աշխատավայրում եւ ընտանիքում, վերաբերմունքը ծերերին եւ հաշմանդամներին: Հիվանդանոցում շաբաթը մեկ օր կամավոր աշխատելն էլ բարեգործության մշակույթ է, որը Հայաստանում զարգացած չէ: Քաղաքական կամ փառասիրական նպատակներով մեծահարուստի՝ աղքատներին ուղղված օժանդակությունները բարեգործության մշակույթ է, որը մեր երկրում շատ է զարգացած: Մեղադրյալի կալանավորման կապակցությամբ շամպայն ցփնելը եւ փողոցում շշից խմելը նույնպես մշակույթ է: Որքան խորն են եւ բազմազան մարդու գիտելիքները, այնքան, որպես կանոն, բարձր են ու ազնիվ են նրա մշակութային դրսեւորումները:

Այսպիսով, կրթությունն ու մշակույթն իրար հետ սերտորեն կապված են, եւ իմաստային առումով (ոչ միայն կառավարման օպտիմալացման եւ պետական միջոցների խնայողության տեսակետից) այդ երկու նախարարությունների միաձուլումը ճիշտ է: Սակայն առաջնահերթ խնդիր է, կարծում եմ, այդ ոլորտներում հեղափոխական, բոլշեւիկյան մեթոդներից հրաժարվելը: Այդ մեթոդների հիմքում ընկած է հետեւյալ համոզմունքը. «Մեզնից առաջ ամեն ինչ վատ էր, սխալ էր, բոլորը թալանում էին, գռփում էին, ստորանում էին, ստորացնում էին, եւ ահա եկանք մենք՝ հրեշտակներս…»: Այդ մոտեցումն անարդյունավետ է ընդհանրապես, բայց հատկապես մերժելի է վերոհիշյալ բնագավառներում, որոնք, ինձ թվում է, պահանջում են որոշակի «պահպանողականություն» եւ, գումարած դրան, այստեղ աշխատող մարդկանց հանդեպ որոշակի նրբանկատություն:

Այն «կոնտինգենտը», որի հետ գործ ունի, այսպես ասած, «հումանիտար հարցերի» նախարարությունը, միայն ընտրակեղծարարներ եւ մեդալապաշտ ստորաքարշներ չեն: Ճնշող մեծամասնությունը մարդիկ են, որոնք իսկապես նվիրված են երեխաներին, ուսանողներին կրթելու գործին, կամ, ասենք, դերասաններ են, որոնք ուղղակի չեն կարող ապրել առանց բեմի, եւ շատ-շատերը կրթության մեջ եւ մշակույթում իրենց գործի մեջ ներդնում են ողջ հոգին՝ չակնկալելով ոչ նյութական օգուտներ, ոչ էլ «պաշտոնական» ճանաչում: Հեղափոխությունից հետո այդ հարստությունը պետք է օգտագործել, մարդկանց ազատ շնչելու, ազատ ստեղծագործելու հնարավորություն տալ: Նոր հասարակություն հնարավոր է կերտել միայն նոր մտածելակերպով, եւ եթե այդ գործը հաջողի, դրա սոցիալական, անգամ զուտ տնտեսական էֆեկտը հսկայական կլինի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    “Եթե մենք գիրք ենք կարդում կամ լուրջ երաժշտություն ենք լսում, դա ավելի զգայուն է դարձնում մեր հոգին, ավելի բարդ՝ մեր ուղեղը:” Լացացրեց ախպերս՝հալալ ա: Հայտնի է, որ կովերի մոտ դասական երաժշտություն ես միացնում՝ կաթնատվությունը ավելանում է: Հավերի մոտ էլ ձվատվությունը: Բայց պնդել, որ դա նրանց հոգու զգայնության աճ է, կամ ուղեղի ավելի բարդացման՝չէի համարձակվի:

  2. Ruben says:

    Եթե հրամանատերը (կուսակալը, բդեշխը) հիմար է կամ շահամոլ, ծախված կամ լրտես՝ հնարավոր չէ կերտել Ազգային, պետականամետ մտածելակերպ եւ չեն օգնի ոչ «հումանիտար հարցերի», ոչ մշակույթի ու ոչ էլ կրթության նախարարություննների «սրբուհիները»:

  3. Քաղաքացի says:

    Մշակույթը շատ բազմաշերտ է՝ արժեքային, որտեղ իմի են բերվում ազգի/մարդկության կողմից ստեղծված հոգևոր և նյութական բարիքները, նորմատիվ, որոնք հաստատում են մարդկանց կացության կանոնները և նորմերը, կանոնավորելով համատեղ կացությունը, պատմական, որը հասարակության գոյատևման պատմության արդյունքն է և փոխանցվում է սերնդե-սերունդ կուտակված փորձի տեսքով և բազմաթիվ այլ տեսակներ: Սակայն ընդհանրացնելով մշակույթի բոլոր տեսակները, կարելի է ասել, որ մարդը, որպես բնության և հասարակության մաս կազմող էակ, ձևավորվում է երկու տեղեկատվական հոսքերի ներքո՝ ժառանգականության և սոցիալական կացության: Մենք բոլորս լավ ենք հիշում մարքսիզմի հիմնադիրների պնդումը, որ կացությունն է, որ որոշում է գիտակցությունը: Այս պնդումը դեռ չի հերքվել և դժվար թե հերքվի մոտ ապագայում: Համապատասխան կացության պարագայում, կարծում եմ, «շամպայն ցփնելը և փողոցում շշից խմելը» կփոխարինվեր ավելի բարեկիրթ դրսևորումներով: Համապատասխան կացության պարագայում բոլոր դրսևորումներն էլ էապես կտարբերվեին: Եվ ընդհանրապես, երբ գիտակցում ես խնդրի արմատը, վերաբերմունքը դեպի, նույնիսկ շատ տհաճ դրսևորումը, կտրուկ փոխվում է: Մի կողմ է նետվում ծաղրը և արհամարհանքը և արդյունքում մնում է ցավակցության նման մի բան: Այնպես որ, ցանկացած պարագայում անհրաժեշտ է պատճառն ու հետևանքը իրարից առանձնացնել, եթե, իհարկե, հավաքնություն ունես քիչ թե շատ օբյեկտիվ լինել:

    • Լավատես says:

      `կացությունն է, որ որոշում է գիտակցությունը`
      Մարդկանց կարելի է երկու խմբի բաժանել՝ մի խմբում առաջնորդներն ու նախաձեռնողներն են, տերերն ու ղեկավարներն են, իսկ մյուս խմբում՝ հետեւորդներն են ու կատարողներն են, ծառաներն ու ենթակաները:
      Ըստ իս, առաջին խմբի համար գիտակցությունն է որոշում կացությունը, սրանք գաղափարի ու սկզբունքի մարդիկ են, իսկ երկրորդ խմբի համար, որը գրված էր հենց նրանց մասին, ովքեր բացի շղթաներից կորցնելու ուրիշ ոչինչ չունեն՝ այսինքն ստրուկների, վարձու աշխատողների, անգյալների ու անմակարդակների համար, նրանց համար ճիշտ է հակառակ պնդումը, որոնց կացությունն է որոշում գիտակցության մնացուկները: Ինչպես Հեռավոր Արեւմուտքում են ասում՝ մեր ճանապարհները լավն են ոչ թե նրա պատճառով, որ մենք հարուստ ենք, այլ մենք հարուստ ենք, որովհետեւ լավ ճանապարհներ ենք կառուցել, հայերն ազգովին պետք է լինեն միայն առաջին խմբում, ով սխալմամբ հայտնվել է երկրորդ խմբում, ազգովին օգնում ենք նրան էդ ցեխից դուրս գա, դաստիարակել, վարժեցնելլ ու անցկացնել առաջին խումբ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031