Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսկ մեկնարկն այնքան հուսադրող էր թվում

Հունվար 23,2019 12:00

ՀԸԳՀ իրականացումը՝ երկրում բարեփոխումների եւ արդիականացման հիմնական գործիք

Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունները կրկին թեժ քննարկումների փուլում եմ հայտնվել այն բանից հետո, երբ իշխանափոխությունից 9 ամիս անց ՀՀ իշխանության ներկայացուցիչները կարծիք հայտնեցին, թե Հայաստան-ԵՄ համաձայնագիրը հնարավոր է ԵՄ անդամ երկրներն այս տարվա ընթացքում չվավերացնեն:

Նոյեմբերի 27-ին հայկական կողմից ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) նախատեսված Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստը։ Հանդիպումը համանախագահել էին Կ. Նազարյանն ու Եվրոպական արտաքին գործողության ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դեւինը: Այս հանդիպման ընթացքում ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացին եւ ընդգծեց, որ ՀԸԳՀ իրականացումը կհանդիսանա երկրում բարեփոխումների եւ արդիականացման հիմնական գործիք, կօգնի ԵՄ ներդրումների ներգրավմանը, կխթանի ԵՄ հետ փոխանակումները եւ հստակ օգուտներ կապահովի ինչպես ԵՄ, այնպես էլ ՀՀ քաղաքացիների համար: Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից կազմված ճանապարհային քարտեզի նախագիծը: Եվրոպական կողմը գոհունակություն էր հայտնել ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ՝ որպես ՀԸԳՀ իրականացման համար լավ մեկնակետ:

ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանում բարեփոխումների հիմնական գործընկերը` աջակցություն տրամադրելով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ամրապնդումը, տնտեսական զարգացումը, մասնավոր հատվածի եւ ենթակառուցվածքային ներդրումների ֆինանսավորման հասանելիությունը: Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվել էր ՀՀ կառավարության կողմից կազմված ՀԸԳՀ իրականացման ճանապարհային քարտեզի նախագիծը: Համաձայնագրով նախատեսվում է, որ առաջիկա տարիներին ՀՀ-ն իրականացնի իր օրենսդրության մոտարկում ՀԸԳՀ-ում նշված ԵՄ օրենսդրությանը՝ այդ թվում տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության, հարկման, ինչպես նաեւ սպառողների պաշտպանության ոլորտներում: ԵՄ-ն գոհունակություն հայտնեց ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ՝ որպես ՀԸԳՀ իրականացման համար լավ մեկնակետ: Այս համատեքստում Գործընկերության կոմիտեն կարեւորեց քաղաքացիական հասարակության հետ շարունակական եւ ընդգրկուն երկխոսության ապահովումը:

Հայաստանը եւ ԵՄ-ն համաձայնեցին շարունակել քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման եւ Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով եւ պատեհ ժամանակին դիտարկել մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող եւ անվտանգ շարժունակության պայմաններն առկա են: Գործընկերության կոմիտեն անդրադարձել էր նաեւ դեկտեմբերի 9-ին կայանալիք Հայաստանում առաջիկա ընտրություններին: Նշվել էր, որ ԵՄ-ն ակնկալում է արժանահավատ, ընդգրկուն եւ թափանցիկ ընտրություններ, եւ որ ԵՄ եւ նրա անդամ պետությունները տրամադրում են առարկայական աջակցություն ընտրական գործընթացներին՝ ներառյալ ընտրողների նույնականացման սարքավորումների եւ քաղաքացիական հասարակության կողմից ընտրողների մասնակցության եւ մոնիտորինգի օժանդակող միջոցների տեսքով: Հայկական կողմն ընդգծել էր իրապես ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու իր հանձնառությունը, որն է՛լ ավելի կամրապնդի երկրում խաղաղ ժողովրդավարական փոխակերպումները:

Սպասում էին «պատմության մեջ լավագույն ընտրություններին»

Թվում էր, թե այդ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար բավարար հիմք կգտնվի: ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ՝ նոյեմբերի կեսերին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ընդունելով Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ, նշել էր, որ Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է: Նա ընդգծել էր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարեւորությունը, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ` զարգացնելու երկկողմ գործընկերությունը եւ ներքին բարեփոխումները Հայաստանում:

Նրա խոսքով՝ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզն արդեն իսկ մշակվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եւ փոխանցվել Եվրամիության քննարկմանը: Փաշինյանը հավելել էր, որ Հայաստանն այսօր գտնվում է պատմական փոփոխությունների շրջափուլում, իսկ բարեփոխումներն ուղղված են ժողովրդավարության, տնտեսության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի արդիականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը, խոսքի ազատության ամրապնդմանը եւ այլ ուղղություններին:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բոլոր փոփոխությունները եւ բարեփոխումները հիմնված են հասարակական պահանջի վրա: Նա կարեւորել էր ԵՄ-ի կողմից Հայաստանում ցուցաբերվող ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը եւ համոզմունք հայտնել, որ դրանք նախանշված բոլոր ծրագրերը կդարձնեն ավելի արդյունավետ եւ առարկայական: Փաշինյանը ընդգծել էր, որ Նոր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը եւ վերը նշված ուղղություններով բարեփոխումները կառավարության համար համարվում են առաջնահերթություն:

Նա նաեւ հավելել էր, որ Արեւելյան գործընկերությունը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության շարժիչ ուժն է, ու մեր երկիրը պատրաստ է անել ամեն ինչ փոխգործակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար: Միեւնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարեւորել է առեւտրաշրջանառության եւ ներդրումների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը եւ համապատասխան քայլերի իրականացումը: «Որքան ավելի արդյունավետ ենք մենք ամրապնդում իրավունքի գերակայությունը եւ տնտեսության ոլորտում հավասար պայմանների ստեղծումը, այնքան լայն հեռանկարներ են ստեղծվում երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման եւ ԵՄ երկրներից ներդրումների ներգրավման համար»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ կարեւորելով վիզաների ազատականացման ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը:

Պյոտր Սվիտալսկին ընդգծել էր Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունների փաստը եւ համոզմունք հայտնել, որ դրանք նոր արդյունք կապահովեն Հայաստանի ժողովրդի համար: Նրա խոսքով՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում կոնկրետ ուղղություններով ծրագրերի իրականացումը կնպաստի Հայաստանում համապարփակ եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչմանը, որոնք նոր թափ կհաղորդեն մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին: Սվիտալսկին կարեւորել եւ ողջունել էր կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում նպատակային ու հետեւողական ծրագրերի իրականացումը, կառավարման համակարգի արդիականացման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ամրապնդման, ներդրումային միջավայրի բարելավման ոլորտներում քայլերն ու ընդգծել, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը հայաստանյան գործընկերներին: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ ԵՄ օժանդակությամբ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցնեն ազատ, արդար, թափանցիկ. «Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին»:

ԱԺ ընտրություններից մի քանի օր անց արդեն ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, հիմնվելով ընտրությունների նախնական զեկույցների վրա, նշեց, թե կարծում է, որ հայաստանցիները չունեն որեւէ պատճառ բավարարված չլինելու: «Այս ընտրությունները դիտորդները աննախադեպ են համարել։ Ես, հիմնվելով նրա վրա, ինչ լսել եմ միջազգային դիտորդներից, կարող եմ բավարարված զգալ։ Մի քանի շաբաթ առաջ հույս եւ համոզում հայտնեցի, որ այս ընտրությունները կարող են լինեն լավագույնը Հայաստանի պատմության մեջ։ Եվ իմ համոզումն ամբողջովին իրականություն դարձավ»,- ասել էր դեսպանը «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին եւ պայքար վատ վերաբերմունքի եւ անպատժելիության դեմ» ծրագրի փակման արարողության ժամանակ։

«Համաձայնագրի կիրարկումը համահունչ է կառավարության ծրագրին եւ իրականացվող բարեփոխումների օրակարգին»

Դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին, որտեղ հանդես գալով ելույթով՝ նա մասնավորապես նշել էր, որ ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարեւոր քայլ էր ՀՀ-ԵՄ հարաբերություններն առավել խորացնելու եւ Հայաստանում բարեփոխումների շարունակականությանն աջակցելու հարցում: «Համաձայնագրի կիրարկումն ինքնին բարեփոխումների իրականացման հարթակ է, որը համահունչ է կառավարության ծրագրին եւ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին: Ես տեղյակ եմ, որ ներկայումս հանձնաժողովի հիմնական խնդիրը ճանապարհային քարտեզի մշակման գործընթացի համակարգումն է, եւ այդ նպատակով վերջին ամիսներին հանձնաժողովի կողմից քննարկվել են տարբեր ոլորտների միջոցառումներ, այդ թվում՝ առեւտրի, տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանության ոլորտների: Գիտեմ, որ եվրոպական կողմին է տրամադրվել Համաձայնագրի՝ ժամանակավորապես ուժի մեջ մտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը: Խնդրում եմ շարունակել աշխատանքները եվրոպական կողմի հետ այդ քարտեզում ներառված միջոցառումները համաձայնեցնելու ուղղությամբ»:

Փաշինյանը կոչ էր արել առավել ակտիվ աշխատել Համաձայնագրի կիրարկման գործընթացների ուղղությամբ, քանի որ թեւակոխում ենք առավել ինտենսիվ եւ ընդարձակ ծրագրերի կազմման ու իմպլեմենտացման փուլ: «Այժմ ես ցանկանում եմ ձեզ հաջողություն մաղթել այսօրվա օրակարգային հարցերի քննարկման գործում, իսկ ես, կարեւորելով ԵՄ-ի հետ տարվող աշխատանքները, պարբերաբար մասնակից կլինեմ հանձնաժողովի աշխատանքներին եւ կհետեւեմ գործընթացներին»:

Իսկ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը վստահեցրել էր, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի օրակարգը ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օրակարգն է. «Անկախ նրանից, թե մենք ինչ կազմով եւ ինչ ինտենսիվությամբ ենք աշխատում այս ուղղությամբ, խնդրում եմ ի գիտություն ընդունել եւ հաշվի առնել, որ մենք պարբերաբար նրան զեկուցում ենք ընթացքի մասին, եւ ըստ էության, պարոն Փաշինյանի ընկալումն այն է, որ սա նախեւառաջ մեր բարեփոխումների օրակարգն է»:

Հիշեցնենք, որ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), որը 2018 թ. հունիսի 1-ից մասնակի ուժի մեջ է մտել, եւ այս պահին գործում է Համաձայնագրի դրույթների շուրջ 80 տոկոսը: Մնացած դրույթներն ուժի մեջ կմտնեն Եվրոպական միության երկրների խորհրդարանների կողմից Համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտելուց հետո:

Այս պահին ԵՄ 28 երկրներից Համաձայնագիրն արդեն վավերացրել է 9 երկիր՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Լյուքսեմբուրգը, Դանիան եւ Միացյալ Թագավորությունը:

ՀԸԳՀ-ն համապարփակ եւ հավակնոտ երկկողմ համաձայնագիր է, որը ներառում է քաղաքական, տնտեսական եւ ոլորտային համագործակցություն: Համաձայնագրի նպատակներից են ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ երկխոսության շրջանակները՝ խթանելով կողմերի միջեւ սերտ հարաբերությունների զարգացումը, աջակցել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության եւ քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը, հաստատել առեւտրի ոլորտում ընդլայնված համագործակցություն: Համաձայնագիրը ներառում է հետեւյալ հիմնական ոլորտները՝ արդարադատություն, անվտանգություն, տնտեսություն, գյուղատնտեսություն եւ ենթակառուցվածքներ, շրջակա միջավայր եւ կլիմա, սպառողների շահերի պաշտպանություն, միգրացիայի հարցեր, տեղեկատվական հասարակություն, սոցիալական քաղաքականություն, կրթություն եւ գիտություն, մշակույթ, առողջապահություն, տարածքային զարգացում, վիճակագրություն:

2018թ. հուլիսի 2-ի ՀՀ վարչապետի թիվ 906-Ն որոշմամբ ստեղծվեց Համաձայնագրի եւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով: ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից վերջին ամիսներին քննարկվել են տարբեր ոլորտների միջոցառումներ, այդ թվում՝ առեւտրի, տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանության եւ այլ ոլորտների վերաբերյալ:

Հայկական կողմի մշակած ՀՀ-ԵՄ ՀԳԸՀ ճանապարհային քարտեզը, որը տրամադրվել էր եվրոպական կողմին համաձայնեցման, բաղկացած է երկու մասից. առաջին՝ առեւտուր եւ առեւտրին առնչվող հարցեր, իսկ երկրորդ՝ ոլորտային համագործակցություն, որը ներառում է մի շարք ոլորտներ, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, հարկման, արդարադատության, միգրացիայի, գյուղատնտեսության, սպառողների պաշտպանության ոլորտներ: ՀՀ-ԵՄ ՀԳԸՀ ճանապարհային քարտեզն այս պահին ներառում է միայն այն դրույթների կիրարկմանն ուղղված միջոցառումները, որոնք ժամանակավորապես ուժի մեջ են մտել:

Դոնալդ Տուսկի եւ Ժան Կլոդ Յունկերի ուղերձը

Դեկտեմբերի 21-ին հրապարակվեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի համատեղ ուղերձը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում նրանք շնորհավորել էին դեկտեմբերի 9-ին Հայաստանում ԱԺ ընտրությունների ժամանակ Ձեր քաղաքական դաշինքի հաղթանակի կապակցությամբ: «Դուք Հայաստանի քաղաքացիներից ստացել եք բարեփոխումներ կատարելու ուժեղ մանդատ: Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Ձեզ բարեփոխումների օրակարգի իրականցման գործում: ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը, որը պայմանականորեն կիրառվում է 2018թ. հուլիսի 1-ից, ամուր շրջանակ է ապահովում մեր համագործակցության համար եւ հավակնոտ ծրագիր՝ բարեփոխումների համար: Համաձայնագիրը նաեւ աջակցություն կտրամադրի դիմակայուն սոցիալ-տնտեսական համակարգի ունենալուն, որն անհրաժեշտ է Հայաստանի բարեկեցության կառուցման համար: Ի բարօրություն Հայաստանի բոլոր քաղաքացիների՝ ակնկալում ենք համատեղ աշխատել համաձայնագրի իրականացման ուղղությամբ», ասվում էր ուղերձում:

Տուսկն ու Յունկերը նաեւ հույս էին հայտնել, որ ավելի լայն, տարածաշրջանային համատեքստում՝ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում, որը 2019թ. կնշի իր գործունեության տասնամյակը:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 22.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031