Նախարարը վստահեցնում է՝ սուր շնչառական վարակներով հիվանդացությունը նահանջում է
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ժամանակ առ ժամանակ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով տեղեկացնում է հանրապետությունում սուր շնչառական վարակով հիվանդացության իրավիճակի մասին:
Ամսվա սկզբից սուր շնչառական վարակներով հիվանդացությունը բավականին արագ տարածվեց: Անգամ շատերը պահանջում էին դպրոցների ու մանկապարտեզների աշխատանքը դադարեցնել: Սակայն կրթության եւ գիտության, առողջապահության նախարարները որոշեցին, որ դրա կարիքը չկա:
Հիմա դեղատներում սուր շնչառական վարակների դեմ դեղամիջոցներն ամենաշատ վաճառվողն են: Դեղատան աշխատակիցներն էլ մեզ հետ զրույցում ասում են. ««Ֆսֆսալով» գալիս են դեղատուն, ասում՝ գրիպի դեմ դեղ տվեք: Իսկ դիմակ չեն ուզում: Բայց չէ՞ որ դա էլ մյուսներին չվարակելու միջոց է: Երբ առաջարկում ենք՝ հրաժարվում են: Որ ասում ենք՝ սեզոնին պատվաստվեք, կամ տեղյակ չեն, որ նման բան կա ու անվճար, կամ էլ պատասխանում են՝ բա ասում են վտանգավոր ա պատվաստվելը»:
Չնայած որ բժիշկներն իրենք պատվաստվեցին ու «ֆլեշմոբ» արեցին համացանցում, տեղադրեցին իրենց լուսանկարները, թե ինչպես են գրիպի դեմ պատվաստվում, բայց, փաստորեն, դեռ շատ են այն մարդիկ, որոնք խուսափում են պատվաստվել: Մեզանում չկա մշակույթ վարակակիր լինելով՝ պատասխանատվություն կրել մյուսների հանդեպ, գոնե դիմակ կրել: Չէ, պետք է քթները «ֆսֆսացնելով» շրջել, նստել տրանսպորտ, մի լավ «ֆռշտալ» ու վարակը տարածել:
«Քանի որ հարցերը դեռ շարունակվում են իրավիճակի մասին, սուր շնչառական վարակներով հիվանդացության մասին պիտի խոսեմ»,- երեկ ֆեյսբուքի ուղիղ եթերով նախարար Արսեն Թորոսյանը կրկին անդրադարձավ խնդրին: Նա լավ լուր հայտնեց. վստահեցրեց՝ վարակն անկում է ապրում, հիվանդների թիվը նվազում է:
«Իրավիճակը բնորոշ է սեզոնին, եւ այն ավելի արտառոց չէ»,- նախորդ անգամվա պես վստահեցրեց Թորոսյանը: Նա նաեւ հիշեցրեց, որ շաբաթ-կիրակի օրերին պոլիկլինիկաներում հերթապահություն էին սահմանել. «Դա բավականին լավ աշխատել է, եւ մենք ամբողջ հանրապետությունում ունեցել ենք 617 դիմում, որից 402-ը՝ սուր շնչառական վարակներով: Սա նշանակում է՝ մարդիկ գնացել են պոլիկլինիկա, ոչ թե հիվանդանոց, հետո հիվանդանոցներն այդքան էլ ծանրաբեռնված չեն եղել: Երեխաների հիվանդացության թիվը հիվանդանոցներում անկում է գրանցում, գնում է դրական վիճակի»:
Հանրապետության հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում, ըստ Թորոսյանի, հոսպիտալացված երեխաների թվի նվազում է գրանցվել՝ ի տարբերություն անցած շաբաթվա. «Եվ միտումը կշարունակվի, ստաբիլ անկում է ապրում՝ 674 է հիվանդների թիվը, եթե համեմատում ենք նախկին՝ 701, 706, 712-ի հետ: Մեծահասակների մասով էլ հիվանդացության դեպքերի անկում կա: Մեծահասակների մոտ մի քիչ շատ է թոքաբորբը, բայց հիվանդների թվի անկման միտում կա: Օրինակ՝ անցած 2-3 օրերին 10-ով իջել է, չնայած որ մի քիչ բարձր է մնում հիվանդների թիվը»: Թե այս բարձր թիվը որքան է՝ նախարարը չասաց:
Անդրադառնալով շտապօգնության կանչերին՝ նախարարն ասաց. «Շաբաթ-կիրակի մի քիչ աճ ենք ունեցել, քանի որ հանգստյան օրերին պոլիկլինիկաները, այո, հերթապահում էին, բայց կոնկրետ ժամերին: Դրա համար համեմատում ենք՝ շաբաթ-կիրակի օրերին անցած շաբաթ-կիրակի օրերի համեմատ սուր շնչառական վարակներով կանչերն ավելի քիչ են եղել»:
Երեկ՝ երկուշաբթի օրը, պոլիկլինիկաներ այցելությունը նախորդ երկուշաբթիի համեմատ ավելի քիչ է եղել. Թորոսյանը թվեր ներկայացրեց՝ անցած երկուշաբթի օրը պոլիկլինիկաներ սուր շնչառականով 2065 այց է գրանցվել, երեկ՝ 1748:
Նախարարն ասաց, որ շարունակում են դպրոցներում եւ մանկապարտեզներում այսպես ասած՝ ֆիլտրելը նախարարության եւ դպրոցների բուժաշխատողների հետ: Սա նշանակում է՝ առավոտյան բուժզննում են անցնում երեխաները, որպեսզի վարակի տարածումը կանխվի: Եվ ինչպես Թորոսյանն ասաց՝ երեկ այդ ֆիլտրի արդյունքում մոտ 682 երեխայի ուղարկել են տուն:
Սուր շնչառական վարակներով երեխաների բացակայությունը, ըստ Թորոսյանի, 2.5% է: Թորոսյանը բացակայությունների տոկոսը նշելուց հետո ասաց. «Մնացած երեխաները պարզապես խուսափում են գալ այլ պատճառներով, կամ ծնողները չեն ուզում ուղարկել՝ մտածելով, թե կվարակվեն երեխաները»: Այս հայտարարությունից հետո նախարարի ուղիղ եթերի տակ կին օգտատերերը մեկնաբանություններ էին գրում ու խնդրում դադարեցնել դպրոցներում դասերը, մանկապարտեզ հաճախումը, նրանցից մի քանիսը նաեւ հաստատեցին՝ այո, երեխաներին չեն ուղարկում դպրոց, մինչեւ անցնի վտանգը: Մի օգտատեր էլ ուշագրավ մեկնաբանություն էր արել դպրոցներում դասերի հետաձգման մասին. «Երբ պայքարում էինք իշխանափոխության համար՝ դասերն ընդհատվում էին: Իսկ հիմա, երբ երեխաների առողջությանն է վերաբերում՝ ոչ: Իմ տանից 2 երեխաներն էլ հիվանդ են, բրոնխիտ»:
«Մենք շատ լավ հասկանում ենք դպրոցների եւ մանկապարտեզների փակելու անհրաժեշտությունն ու այն պահը, երբ է պետք դա անել: Երբեք չենք վարանի դա անել: Բայց այդ վիճակը հիմա չունենք: Հիմա ունենք ավելի լավ վիճակ, քան սկզբում էր, իսկ ունենք ավելի լավ վիճակ, որովհետեւ գրեթե 24-ժամյա ռեժիմով ամբողջ համակարգն աշխատել է, որպեսզի այսօր այդ լավ վիճակն ունենանք: Հույս ունենք՝ մոտ օրերին եղանակն էլ ավելի դրականը կգնա, չի ցրտի»,- Թորոսյանն այսպես ամփոփեց իր եթերը:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
22.01.2019