Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարկետման հարցով կա վտանգ՝ կրթության նախարարության եւ զինկոմիսարիատի համատեղ գործունեության արդյունքում»

Հունվար 23,2019 14:00

Ռոմիկ Քոչարյանն «Առավոտին» ահազանգել էր իր միջնեկ որդու՝ Գրիգոր Քոչարյանի հարցով, որը սովորում է Մոսկվայի Ֆիզտեխ. ինստիտուտում՝ Հայաստանի եւ ՌԴ-ի կառավարությունների միջեւ համաձայնագրի հիման վրա եւ օգտվում է տարկետման իրավունքից:

Երեկ նրան հայտնաբերելու նպատակով ծնողների բնակարան էին գնացել ոստիկանության բաժնից: Իսկ Գրիգորը հայտնվել է վտանգված վիճակում՝ ՀՀ կրթության նախարարության եւ զինկոմիսարիատի համատեղ գործունեության արդյունքում:

«Հարցը բավականին արագ արձագանքի կարիք ունի, քանի որ զինկոմիսարիատը արդեն իսկ տեղեկացրել է մեզ, որ հունվարի 18-ից հետո դիմելու է ՀՀ քննչական կոմիտե, այնինչ, պաշտպանության նախարարությունից՝ վարչապետին ուղղված մեր դիմումին ի պատասխան, մեզ գրավոր տեղեկացվել է, որ Գրիգորը օգտվում է տարկետման իրավունքից մինչեւ 2021թ.: Եվ կա պրոբլեմ՝ զինկոմիսարիատի ու կրթության նախարարության անհոգ ու միմիայն իրենց արդարացնելու օրենքների ու նորմերի միակողմանի մեկնաբանությունը եւ ՊՆ-ից ստացված պատասխանի անտեսումը»,- ասում է ուսանողի հայրը:
Հարցի նախապատմությունը հետեւյալն է: Պաշտպանությյան նախարարը լուծել էր անձնական իր հրամանով՝ 8 ամիս առաջ վերականգնելով Գրիգորի նկատմամբ օրինականությունը, որը, սակայն, չվերացրեց նրա ուսման ու քննաշրջանի վրա բացասական հետեւանքները: «Գրիգորի ուսումը չի ընդհատվել, եւ նա այժմ շարունակում է սովորել Ֆիզտեխում, ինովացիոն տեխնոլոգիաների ֆակուլտետից տեղափոխվելով աերոտիեզերական տեխնոլոգիաների ու թռչող ապարատների ֆակուլտետ: Գրիգորն այժմ ունի բարձր առաջադիմություն՝ քննաշրջանն անցնելով 2 գերազանց եւ 1 լավ գնահատականներով: Եվ նման ուսոնողին բերել այս պահին Հայաստան, որին նա պետք է, մոռանալով նրա իրավունքների մասին, անհասկանալի է»,- ասում է զրուցակիցս:

Ի՞նչ է պարզվել: Ռոմիկ Քոչարյանն ասում է, որ որդին օգտվում է զինծառայության տարկետման իրավունքից՝ համաձայն «ՀՀ Զինապարտության մասին» օրենքի 14 հոդվածի 1-ին կետի գ ենթակետի:

Համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տեղեկանքի, նրա ուսման ժամկետը նախատեսված է մինչեւ 31.08.2021թ.: Անցյալ տարվա ապրիլի 9-ին լրացել է որդու 18 տարեկանը, իր անձնագրի վավերացման ժամկետը, համաձայն Արաբկիրի զինկոմիսարիատի տրված ցուցման, երկարաձգվել է ընդամենը 21 օրով, մինչեւ 2018թ. մայիսի 1-ը: «Որպես հիմնավորում առաջ է քաշվել 2018թ. գարնանային զինակոչի մասին հրամանի արձակումը, որից հետո միայն իրենք նշում կանեն զինվորական կցագրման վկայականում, ինչն էլ հիմք կհանդիսանա դեսպանատանը անձնագրի ժամկետի երկարացման համար: Այդկերպ ստացվում է, որ մայիսի 1-ից Գրիգոր Քոչարյանի անձնագիրը դառնում է ժամկետանց, անօրինական վիճակում: Իսկ դա արդեն վտանգում է իր՝ Ռուսաստանում թե մնալու օրինական իրավունքը, թե կրթության գործընթացը: Եվ այդ ամենն այն դեպքում, որ իր մոտ առկա են եւ զինվորական ծառայությունից տարկետման, եւ անձնագրի ժամկետի երկարացման բոլոր օրինական հիմքերը»,-ասում է Ռ. Քոչարյանը:

Ի դեպ, ծնողները նամակներ են ուղարկել ՀՀ վարչապետին, ՀՀ պաշտպանության եւ կրթության նախարարներին:

Գրիգորն իր հերթին դիմել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն՝ իր անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար: Դեսպանատան աշխատակիցների խոսքի համաձայն՝ նրանք հարցում են ուղարկել ՀՀ ք. Երեւանի Արաբկիր համայնքի զինկոմիսարիատ: ՊՆ-ին ուղղված նամակում ծնողներն ահազանգում են. «Մինչ այժմ չկա եւ ոչ մի պատասխան, իսկ չորս օրից անձնագրի ժամկետը լրանում է եւ պետական, Ձեր ենթակայության տակ գտնվող կառույցի ու կարգի՝ խնդրին ոչ ադեկվատ մոտեցման, բյուրոկրատական քաշքշուկների, անմարդասիրության ու անարդարության սկզբունքով իրականացվող գործունեության հետեւանքով օրինականորեն արտերկրում իր ուսումը իրականացնող եւ զինծառայության տարկետման իրավունք ունեցող մեր որդու կրթությունը վտանգվում է եւ մենք՝ իր ծնողներն ու ընտանիքը գտնվում են տագնապած հոգեվիճակում: Քանզի, եթե անգամ զինկոմիսարիատի կողմից հիմնավորմամբ ՀՀ 2018թ. գարնանային զինակոչի հրամանը լինի մայիսի 1-ին, որից հետո նրանք նշում կկատարեն, միեւնույն է՝ այդ նույն օրը Քոչարյան Գրիգորի անձնագիրն արդեն կհայտնվի ժամկետանց վիճակում»:

Ծնողները խնդրում են որոշում կայացնել՝ երկարացնելու նրա անձնագրի վավերականության ժամկետը, հաշվի առնելով զինծառայության տարկետման իրավունքից օգտվելու որդու իրավունքը՝ համաձայն «ՀՀ Զինապարտության մասին» օրենքի 14 հոդվածի 1-ին կետի գ ենթակետի, բակալավրիատում իր ուսումնառության ժամկետի ողջ ընթացքում, որի ավարտը նախատեսվում է 31.08.2021թ., ինչպես եւ նշված է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Երեկ ՀՀ ՊՆ-ից «Առավոտին տրամադրեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալի պաշտոնական գրությունն ուղղված Երեւանի 3-րդ զինկոմիսար, գնդապետ Ս.Հակոբյանին/լուսանկարում/, որում գրված է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ուսանող Գրիգոր Քոչարյանին ակադեմիական արձակուրդ տրվել է այլ հիմքով, ուստի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում նրան չի կարող տրամադրվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031