Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հայրենակիցները կրկին կպայքարեն «Գրեմմիի» համար

Հունվար 23,2019 13:30

Լոս Անջելեսի Staples կենտրոնում փետրվարի 10-ին կայանալիք Գրեմմիի 61-րդ երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունում ներկայացված են հայազգի երկու երաժիշտներ՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը եւ ջութակահար, դիրիժոր Փիթեր Օունջյանը՝ համապատասխանաբար «Օպերային ստեղծագործության լավագույն ձայանագրություն» ու «Լավագույն դասական հավաքածու» անվանակարգերում:

«Առավոտը» հանդիպեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ:

– Մաեստրո, եթե չենք սխալվում, միակ հայ դիրիժորն եք, որը Գրեմմիի է ներկայացվում արդեն երրորդ անգամ…

– Առաջինը 2014-ին էր՝ Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի եւ ամերիկացի տենոր Լաուրենս Բրաունլիի հետ Ռոսինիի օպերաներից արիաների ձայնագրման համար, 2017-ին՝ Դմիտրի Խվորոստովսկու եւ Սանկտ Պետերբուրգի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ «Սվիրիդով. հեռացող Ռուսաստան» սկավառակի համար: Ընդ որում՝ 2015թ. Դմիտրիի մոտ ուղեղի քաղցկեղ ախտորոշումից հետո նա ինձ ասաց, որ երկու գործ պետք է հասցնի ձայնագրել մինչեւ այն պահը, երբ այլեւս չի կարողանա երգել: Դա Սվիրիդովի վոկալ շարքն էր եւ «Ռիգոլետոն»:

– Հավանաբար հարյուրավոր ձայնագրություններից ընտրվել է ձեր ղեկավարությամբ Վերդիի «Ռիգոլետոն», որտեղ գլխավոր դերերգում հնչում է աշխարհահռչակ Դմիտրի Խվորոստովսկու ձայնը: Խնդրում ենք ներկայացնել ձայնագրությանը մասնակից մյուս մեներգիչներին, նվագախմբին ու երգչախմբին նույնպես: Եթե չենք սխալվում, այդ դերերգի համար մահից մեկ տարի անց՝ 2018-ին Bravo երաժշտական միջազգային մրցանակաբաշխության մրցանակը հանձնվել է երգչի ծնողներին:

– Վերդին օպերային գրականության իմ նախընտրած հեղինակն է: Մինչ օրս կախարդված եմ Ռիգոլետոյի Խվորոստովսկու մեկնաբանությամբ: Ներկա եմ գտնվել 2000թ. Մոսկվայի «Նովայա օպերա» թատրոնում այդ դերերգի երգչի առաջին բեմելին: Հետո՝ մեր քսանամյա համագործակցության ընթացքում, ներկա եմ գտնվել բարեկամիս Ռիգոլետոներին «Մետրոպոլիտեն» օպերայում, Լոնդոնի թագավորական, Փարիզի, Վիեննայի, Սան Ֆրանցիսկոյի, Չիկագոյի, Լոս Անջելեսի թատրոններում: Նրան հաջողվեց այդ կերպարի մեջ այնքան ցավ, սրտացավություն ներդնել, որ սապատավոր ծաղրածուն միանգամից գրավում է քեզ: Ի դեպ, Դմիտրին ոչ միայն «Ռիգոլետոյի», այլեւ Վերդիի օպերաների լավագույն մեկնաբանողներից մեկն է: Հենց նրա հետ որոշեցինք ձայանագրել օպերան, հավաքվեց մի աստղաբույլ՝ ամերիկացի սոպրանո Նադին Սյեռա, իտալացի տենոր Ֆրանչեսկո Դեմուրո, Կաունասի պետական սիմֆոնիկ նվագախումբ եւ պետական արական երգչախումբ: 2016թ. ձայնագրեցինք «Ռիգոլետոն» Կաունասում: Ուզում եմ հնչեցնել մեր գործընկերոջ՝ Մետրոպոլիտեն օպերայի արտիստիկ դիրեկտոր Ջոն Ֆիշերի անունը, որը նաեւ համաշխարհային օպերային գրականության հայտնի նմուշների ձայնագրությունների երաժշտական խորհրդատուն եւ կոորդինատորն է:

Փիթեր Օունջյանը

– Որո՞նք են «Ռիգոլետոյի» այն առավելությունները, որի համար պետք է հենց այս ձայնագրությանը շնորհվի Գրեմմի:

– Առավելությունները, ինչպես նշեցի՝ մեներգիչների աստղաբույլն ու նվագախմբի, երգչախմբի իսկապես բարձր մակարդակն է: Ինձ համար առավելությունների առավելությունը Խվորոստովսկին է: Նա հարգում էր իր արվեստը, իդեալական գործընկեր էր: Նրա հետ չափազանց հեշտ էր աշխատել, բեմում եւ ձայնագրման ընթացքում օգնում էր նաեւ իր նույնիսկ աշխարհահռչակ գործընկերներին՝ տվյալ օպերայի ամբողջական պատկերացումը ներկայացնելու գործում:

– Հակիրճ ներկայացրեք, խնդրեմ, Գրեմմի հավակնորդ մեր մյուս հային՝ Փիթեր Օունջյանին:

– Ես եւ Փիթերը ուսանել ենք Ջուլիարդում, հիանալի ջութակահար է: Սովորել է Իվան Գալամյանի, Իգակ Փերլմանի դասարաններում, մասնակցել ավստրիացի աշխարհահռչակ Հերբերտ Ֆոն Կարայանի վարպետության դասերին: Իբրեւ ջութակահար հաղթող է ճանաչվել բազմաթիվ մրցույթներում, 14 տարի ճանաչված «Տոկիո» լարային քառյակի առաջին ջութակահարն էր, հանդիսանում է Caramoor միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական խորհրդատուն եւ գլխավոր հյուր-դիրիժոր, նաեւ մի քանի տարի ղեկավարել է Կոլորադոյի սիմֆոնիկ նվագախումբը… Եթե չեմ սխալվում, 2000-ականների սկզբից մինչեւ 2017-ը նա Տորոնտոյի սիմֆոնիկի երաժշտական տնօրենն էր: Ժամանակին տնօրինել է Շոտլանդիայի թագավորական ազգային նվագախումբը… Մի խոսքով՝ ճանաչված անուն է աշխարհում: Ի դեպ, Փիթերը Գրեմմիի է հավակնել նաեւ 2015-ին:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ 

«Առավոտ» օրաթերթ, 

22.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հաջողություն եմ մաղթում երկուսին էլ ․․․

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031