«Նարեկացի» արվեստի միության մարդաշատ սրահում այս անգամ «Առողջագիտության եւ մեր կեցության կնճռոտ կողմերը» խորագրով ուշագրավ դասախոսություն էր:
Բժիշկ-սննդաբան Հայկազ Սարգսյանը ոչ ճիշտ սննդակարգը համարում էր տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ, իսկ առողջ եւ ճիշտ սննդակարգ պահպանելը՝ մարդու լիարժեք բուժման միջոց:
ննարկվեցին սննդակարգի ճիշտ եւ սխալ կիրառման հարցերը։
Ի հեճուկս այն պնդումներին, թե օրվա ընթացքում պետք է սնունդ ընդունել մի քանի անգամ փոքր չափաբաժիններով, Հ. Սարգսյանը վստահեցրեց, որ օրական երկու անգամ սնվելը բավարար է: Իսկ տեւական դադարի ժամանակահատվածը ստամոքսի համար օգտակար է, որովհետեւ այդ ընթացքում ստամոքսն օրգանիզմում իրականացնում է բուժման գործընթաց:
«Եթե դուք ավտոմեքենա ունեք, պետք է ճիշտ լիցքավորեք, որ կարողանաք անխափան վարել: Եթե ունեք համակարգիչ, դուք չեք կարող սխալ կոճակ սեղմել եւ աշխատել դրանով: Մեր օրգանիզմը հրաշալի մի համակարգիչ է, եւ պետք է իր հետ աշխատել իմանալ, որպեսզի նա մեզ սպասարկի: Ստամոքսն իր օրենքներն ունի եւ համարվում է մեր երկրորդ ուղեղը: Նա շատ խելացի եւ նրբանկատ օրգան է»,- ասաց բժիշկ-սննդաբանը:
Նա ընդգծեց, որ ինքը չի վախենում ընդունված տեսակետից տարբերվող պնդումներ անել, որովհետեւ համոզված է դրանց ճշմարտացիության մեջ: Օրինակ, ըստ նրա, օրգանիզմի համար աղետ է մսի եւ ապուրների օգտագործումը:
«Ապուրները տարեք ձեր խոզերին տվեք: Դրանք հաստ աղիներում, ապա եւ օրգանիզմում էական շեղումներ են առաջ բերում եւ որեւէ դրական հատկություն չունեն: Պետք է պինդ կերակուրն այնքան ծամել, որպեսզի բերանում ջրալի դառնա»,- ասաց նա` հավելելով, որ եթե կրծքով կերակրող մայրը ջրալի ճաշեր ուտի, կաթը կցամաքի:
Սննդաբանն ընդգծեց, որ սպիտակ հաց կոչվածն արժեք չունի, իսկ ոչ սպիտակ հացն էլ սննդակարգում պետք է հնարավորինս նվազեցնել: Հաց ու պանիրը, ինչպես նաեւ դրանց հետ թեյ խմելը վտանգավոր են առողջության համար, կամ հացն ու միսը, որովհետեւ ածխաջրերն ու սպիտակուցները միասին չեն մարսվում եւ հաստ աղիքներում սկսվում է նեխման գործընթացը: Պանիրը պետք է ուտել հացից առաջ, ասենք՝ որեւէ կանաչեղենի հետ.
«Հաճախ ասում են` ձվի սպիտակուց պետք է ուտել, որովհետեւ օրգանիզմը սպիտակուցների կարիք ունի: Ես էլ հայտարարում եմ` սպիտակուցից չի սինթեզվում սպիտակուց: Ձվի սպիտակուցը մսից էլ վատ է: Հաստ աղիքներում այն նեխում է: Սպիտակուց ստանալու համար կարելի է բուսական սպիտակուց օգտագործել, ինչպիսին ընկույզն է, պնդուկը, գետնանուշը, նուշի կորիզը եւ չբոված արեւածաղկի սերմը, սիսեռը, լոբազգիները եւ այլն»:
Հ. Սարգսյանը աննախադեպ կարծիք հայտնեց նաեւ մեր ավանդական մածունի մասին, որը շատերը համարում են բուժիչ հատկություններով փրկարար միջոց թունավորումների եւ այլ խնդիրների դեպքում.
«Մածունը կենդանի մանրէներից է բաղկացած: Եթե այն դնենք մանրադիտակի տակ, դուք ձեր աչքի առաջ կտեսնեք, թե ինչպես են դրանք վազվզում: Եվ երբ մտնում է մեր օրգանիզմ, օրգանիզմը դա ընկալում է որպես կենդանի մանրէների հարձակում եւ ծանր իրավիճակ է առաջանում շուրջաղիքային տարածությունում: Ամբողջությամբ լեյկոցիտները կուտակվում են այդտեղ, մարդու ճնշումը պակասում է, որովհետեւ արյան լեյկոցիտար զանգվածը շրջափակում է հաստ աղիքների այդ մանրէները, որպեսզի դրանք աղիքների պատերից չանցնեն արյան շրջանառության մեջ եւ բարդություններ առաջ չբերեն: Մածունը ջերմուկով խմելը խիստ վնասակար է: Արյան բարձր ճնշումը պետք է կարգավորել ոչ թե հանքային ջրի ու թանի օգնությամբ, այլ շնչառական ճիշտ վարժությունների միջոցով»:
Դառնալով սոխ ու սխտորը հում ուտելու անթույլատրելիությանը` նա նկատեց, որ այդ բանջարեղենի հում վիճակում օգտագործումը խաթարում է մեր կենսաբանական դաշտերը եւ մարդը դրանք ուտելուց հետո կարող է նույնիսկ ագրեսիվ դառնալ, դրանք պետք է խորովել կամ եփել:
Բժիշկ-սննդաբանը հավաստեց, որ ճիշտ սննդակարգով մարդը քաղցի զգացում չի ունենում: Քաղցի զգացումը պաթոլոգիա է: Ո՞վ է քաղց զգում: Նա, ով սխալ է սնվում… ճիշտ սնունդն ու հաստ աղիքի առողջությունը որոշիչ ազդեցություն են ունենում մտավոր կարողությունների վրա:
«Ճապոնացի հայտնի բժիշկ Ժորժ Օզավան ասել է` որքան սննդակարգը ճիշտ է ընտրված, մտածողության կուլտուրան այդքան բարձր է… Հիվանդությունները մարդու կենցաղային սխալների արտացոլումն են՝ որպես օրգանիզմի կողմից պաշտպանողական արձագանք: Անգամ քաղցկեղի դեպքում պահպանելով հասարակ, բայց ճիշտ սննդակարգ, կարելի է բուժվել»,- ասաց բժիշկը, հավելելով, որ խոսքը չի վերաբերում ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդներին: Ըստ նրա, եթե Հայաստանում բոլորը սկսեն սնվել ճիշտ, ապա մի քանի տարի հետո քաղցկեղով հիվանդների թիվը զգալիորեն կնվազի:
Որպես առողջ սննդակարգ բանախոսը խորհուրդ տվեց առավոտյան թեթեւ սնվել, որպեսզի գիշերը օրգանիզմում հավաքված անօգտակար կուտակումները հնարավորություն ունենան դուրս գալու: Նա առաջարկեց բոլորին վաղ առավոտյան խմել մեկ բաժակ սառցե ջուր` խնձորի քացախի կամ կիտրոնի հյութով համեմված, հետո կուլ տալ սեւ կծու բիբարի մի քանի հատիկ, քանի որ սեւ կծու պղպեղի հատիկները ապահովում են օրգանիզմի նյութափոխանակությունը: Առավոտյան ուտել խնձոր եւ բնական ճանապարհով չորացրած մրգեր: Սննդաբանը վստահեցնում է, որ մրգային սնունդ ընդունելուց հետո կարելի է նույնիսկ ֆիզիկական ծանր աշխատանք կատարել ու անսպառ էներգիա ունենալ: Նա կարեւորեց հում կամ կիսաեփ սննդամթերքի օգտագործումը, քանի որ չափից շատ եփված սննդամթերքը դառնում է թույն օրգանիզմի համար.
«Սննդի ընդունումը պարտադիր պետք է հումից սկսել՝ կանաչի, բողկ եւ այլն: Հետո կարելի է փլավներ ուտել, եփած կամ ջեռոցում պատրաստած բանջարեղեն` լավ ծամելով, որպեսզի բերանի մեջ դառնա ջրալի»:
Դե իսկ ցորենի թեփի ամենօրյա օգտագործումն, ըստ նրա, պարզապես «աստվածային միջոց» է հիվանդություններից խուսափելու համար:
Հատկանշական է, որ ճիշտ եւ օգտակար սննդի վերաբերյալ մասնագետների տեսակետները հաճախ հակասում են իրար: Այն, ինչ մեր պապերը կերել են, օգտակար է համարվել, այսօր այլ կերպ է ներկայացվում, ընդհուպ մեր ավանդական հաց ու պանիրը, քամած մածունն ու ջրիկ ճաշերը:
Սննդի ընդունման կարգավորումը հոգեւոր աշխատանք է, որը, ըստ մեր բանախոսի, հանգեցնում է խաղաղության, սիրո, անշահախնդրության եւ ներդաշնակության…
ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
22.01.2019