Վեդի քաղաքի 2019թ. տեղական բյուջեի նախագծի քննարկմանը ներկա էին նաեւ բնակիչները: Եկող տարվա բյուջեն կկազմի 364 մլն դրամ:
Բյուջեի ծախսերում ընդգրկված է ճանապարհաշինություն եւ կոմունալ տնտեսության ապահովում:
Ճանապարհաշինությունը պետության կարեւոր գործառույթներից է, ճանապարհների վերանորոգումն ու բարեկարգումը ապահովում է բնակիչների անվտանգ ու հուսալի երթեւեկությունը: Սա պաշտոնապես, իրականում Վեդի քաղաքի ավագ դպրոց տանող ճանապարհն անցնելու համար հատուկ վարժանքներ է պետք անցնել:
Անձրեւի հետեւանքով առաջացած ջրափոսերը դժվարանցանելի են դարձնում բնակիչների եւ մեքենաների բնականոն երթեւեկությունը:
Դպրոցականների համար անձրեւոտ օրերին դպրոց գնալը հատուկ մարզանք է: Դպրոցական Էրիկ Նորոյանը պատմում է. «Աշնանը՝ հատկապես անձրեւոտ օրերին, աշակերտների համար շատ բարդ է դպրոց գնալը, քանի որ ամեն քայլափոխի ցեխաջրեր են: Երբ արթնանում ու տեսնում ես, որ անձրեւ է գալիս, հիշում ես քեզ ինչ ճանապարհ է սպասվում մինչեւ դպրոց, արդեն չես ուզում գնալ: Այդ պատճառով էլ աշնանը բացակայությունները շատանում են, ինչը վատ է անդրադառնում հատկապես ավարտական դասարանների աշակերտների առաջադիմության վրա»:
Բնակիչները նույնպես դժգոհում են Վեդու անմխիթար փողոցներից: Օրինակ, տիկին Ժանետը, ցույց տալով իրենց ջրափոսերով փողոցը, պատկերավոր ասում է, որ այն ասես Սեւանա լիճը լինի. «Մենք բողոքում ենք ամեն տարի, գալիս են, չափում, ձեւում, որ պիտի գան՝ վերանորոգեն, խաբում, չեն գալիս: Ընտրության ժամանակ գալիս, խոստումներ են տալիս ու էլի սայլը տեղից չի շարժվում»:
Վեդու համայնքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Անդրանիկ Ավետիսյանից տեղեկանում ենք, որ դպրոց տանող ճանապարհի ասֆալտապատման հարցը քաղաքապետի հնգամյա զարգացման ծրագրում է ներառված, սակայն նրա ասելով, նախնական հաշվարկով ճանապարհի ասֆալտապատման համար անհրաժեշտ գումարը ուղիղ համեմատական է քաղաքի բյուջեի գումարին, որը անհնար է դարձնում բյուջեի հաշվին խնդիրը կարգավորելու հարցը օրակարգ մտցնել: Պարոն Ավետիսյանի խոսքերով, այս պահին քաղաքապետարանի կողմից հարցին լուծում տալը անհնար է, եթե ֆինանսական աջակցություն կառավարությունից կամ բարերարներից չստանան:
«Երբ վարչապետի պաշտոնում դեռ Հովիկ Աբրահամյանն էր, նա անձամբ եկել եւ տեսել է խնդիրը: Կազմվել է նախագիծ- նախահաշիվ, որի վրա ծախսվել է 1մլն դրամ, սակայն նրա պաշտոնից հեռանալուց հետո այդպես էլ հարցը մնացել է օդում»,- ավելացրեց Անդրանիկ Ավետիսյանը:
Ըստ նրա, փողոցի վերանորոգման համար մոտ 250 մլն դրամ է անհրաժեշտ, երբ Վեդու քաղաքապետարանը նոր կառավարությանն էլ կդիմի խնդրի կարգավորման համար: Իսկ մինչ այդ, վարորդներին ու աշակերտներին «կդիմավորեն» քարուքանդ փողոցները:
ՄԱՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
2-րդ կուրս
«Առավոտ» օրաթերթ,
22.01.2019