ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին:
Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, արժեւորել է երկու երկրների միջեւ հաստատված համագործակցությունը` մասնավորապես կարեւորելով օրենսդիր մարմինների շփումները, փոխայցերն ու փորձի փոխանակումը:
Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջեւ փոխգործակցությունը կլինի շարունակական:
Խոսելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին` օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ Շվեդիայի խորհրդարանը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը, ինչը խթան կհանդիսանա երկկողմ եւ բազմակողմ կապերի առավել զարգացմանն ու խորացմանը:
ԱԺ նախագահը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, նշել է, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այս հարցում միանշանակ է եւ հարցի լուծումը հնարավոր է համարում բացառապես խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում եւ այս հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը: «Դժվար է բանակցել մի կողմի հետ, որը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով եւ քարոզում ատելություն: Դա ոչ միայն խանգարում է բանակցությունների գործընթացին, այլեւ առաջացնում է նոր խնդիրներ»,-ասել է Արարատ Միրզոյանը:
Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ուլրիկ Թիդեստրոմին` արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հայաստանում ընտրական աջակցության» ծրագրի շրջանակում Շվեդիայի կառավարության ցուցաբերած օժանդակության համար` հույս հայտնելով, որ համանման գործակցությունն արդյունավետ շարունակություն կունենա առավել ընդլայնված օրակարգով:
Անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին ու ընթացիկ զարգացումներին` Արարատ Միրզոյանն ասել է. «Մեր նվիրումը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանն ու ազատությանն անքննելի են եւ վստահ եմ` Հայաստանի համար նաեւ անշրջելի: Սա ճանապարհ է դեպի ժողովրդավարություն եւ հույս ունեմ, որ նաեւ միջազգային գործընկերների օգնությամբ անշեղորեն գնալու ենք այս ուղղությամբ»:
Օրենսդիր մարմնի ղեկավարը նաեւ շնորհակալություն է հայտնել Շվեդիայի Ռիգսթագին` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման համար:
Ուլրիկ Թիդեստրոմը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ հայ-շվեդական համագործակցությունը կընդլայնվի տարբեր ոլորտներում, կամրապնդվեն կապերը ոչ միայն միջխորհրդարանական համագործակցության համատեքստում, այլ նաեւ խորհրդարանների գլխավոր քարտուղարների եւ աշխատակազմերի մակարդակով:
Դեսպան Թիդեստրոմը վստահեցրել է Ազգային ժողովի նախագահին, որ Հայաստանում 2018 թվականի գարնանը տեղի ունեցած հեղափոխության մասին Շվեդիայում կարծում են, որ այն ժողովրդավարության համար կարեւորագույն ուղենիշ է:
Նա նշել է, որ Շվեդիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը եւ պատրաստակամ է այսուհետ եւս աջակցելու նոր նախաձեռնությունների իրականացմանը:
Դեսպանը վստահեցրել է, որ իր երկրի խորհրդարանը չի ուշացնի Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը:
Կողմերը կարեւորել են շվեդահայ համայնքի դերակատարությունը հայ-շվեդական հարաբերությունների խորացման գործում:
ՀՀ Ազգային ժողով