Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը, տնտեսական ճնշում գործադրելով ԵԽ-ի նկատմամբ, փորձում է հասնել իր նպատակին, բայց չի ստացվի». Թորբյորն Յագլանդ

Հունվար 22,2019 20:00

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում քիչ առաջ ելույթով հանդես եկավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Իր ելույթում ԵԽ գլխավոր քարտուղարը մտահոգություն հայտնեց Թուրքիայում իրավապաշտպանների, ընդդիմադիր գործիչների, քաղաքապետերի նկատմամբ հետապնդումների կապակցությամբ:

Այս առիթով նա հայտարարեց. «Իհարկե, ես դատավոր չեմ, չեմ կարող ասել՝ ով է մեղավոր, ով՝ ոչ, դա պետք է դատավորները որոշեն: Բայց այն իրավիճակը, որ կա Թուրքիայում վկայում է այն մասին, որ Թուրքիայում արդարադատությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած: Մենք պատրաստ ենք այս թեմայով համագործակցել Թուրքիայի հետ, ուրախ ենք, որ Թուրքիան էլ է պատրաստ համագործակցության, հակառակ դեպքում, եթե այս կերպ շարունակվի, հազարավոր գործեր ընդդեմ Թուրքիայի կհայտնվեն Ստրասբուրգի դատարանում»:

Թորբյորն Յագլանդը քննադատության ենթարկեց նաև Ռուսաստանի վարած քաղաքականությունը և մտահոգություն հայտնեց. « Ինչպես տեսնում ենք՝ Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը չի տանում նրան, որ վերադարձնի Ղրիմն Ուկրաինային: Հենց Ռուսաստանի նմանատիպ վարքագիծն է պատճառը, որ մենք այժմ ունենք ֆինանսական խնդիրներ: Ռուսաստանը ֆինանսական ներդրում չի կատարում ԵԽ բյուջե: Այժմ ես սկսել եմ կոնսուլտացիաները բոլոր դեսպանների հետ, որպեսզի լուծումներ գտնենք: Ռուսաստանը կարծում է՝ տնտեսական ճնշում գործադրելով կարող է հասնել իր նպատակին»:

ԵԽ գլխավոր քարտուղարը հայտարարեց՝ անդամ երկրների պարտավորություններից է իր պատվիրակությունն ուղարկել ԵԽԽՎ, պատշաճ կերպով համագործակցել ԵԽ բոլոր կառույցների հետ:

Ելույթից հետո ԵԽԽՎ պատվիրակները հարցեր հղեցին ԵԽ գլխավոր քարտուղարին: Ուկրաինացի պատվիրակ Օլեկսի Գոնչարենկոն, դիմելով ԵԽ գլխավոր քարտուղարին, հիշեցրեց, որ նա ստանում է խոշոր աշխատավարձ, մինչդեռ ԵԽ աշխատակազմը  ֆինանսական ճգնաժամի պատճառով կանգնած է աշխատանքը կորցնելու վտանգի առաջ: Թորբյորն Յագլանդը պարզաբանեց՝ ինչպես մյուս աշխատակիցները, այնպես էլ ինքն աշխատում է պայմանագրով և նշեց, որ վերջին երկու տարիներին, ինչ Ռուսաստանը հրաժարվում է ֆինանսական ներդրում կատարել ԵԽ բյուջե, այս իրավիճակն է. «Չեմ կարծում, որ ԵԽ աշխատակազմը երկար կշարունակի այնպես դիմանալ, ինչպես վերջին երկու տարում: Շուտով նրանք այլ աշխատանք կգտնեն այլ կազմակերպություններում: Դա է պատճառը, որ ես ասում եմ՝ հրատապ պետք է լուծում գտնել»:

Ադրբեջանի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը բարձրացրեց ադրբեջանցի մեկ միլիոն փախստականների հարցը: Թորբյորն Յագլանդը պատասխանեց՝ որևէ միջոց չունեն այս խնդիրը լուծելու համար: ԵԽ գլխավոր քարտուղարն ասաց, որ ԵԽ մանդատ ու հնարավորություն չունի բարձրացված խնդիրը լուծելու համար:

Հունգարիան ներկայացնող պատվիրակ Լորինկ Նակսան, հիշեցնելով Թորբյորն Յագլանդի այն հայտարարությունը, թե այն անդամ երկիրը, որը հրաժարվում է ֆինանսական ներդրում կատարել ԵԽ բյուջե, պետք է զրկվի անդամությունից, ուստի ե՞րբ են այդ առումով քայլեր ձեռնարկելու, ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանեց. «Երկու տարվա ժամանակաշրջանը լրացավ, և պետք է մտածել քայլեր ձեռնարկելու ուղղությամբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031