«Գազպրոմի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում գազի ներքին սակագինը պահելու վերաբերյալ: Այս մասին Դավոսում «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
««Գազպրոմը» գազ վաճառում է ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, ուստի մեր դերը միջնորդավորված է: Բայց մենք պայմանավորվել ենք «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, որ երկրի ներսում գազի գինը չի փոխվի»,- ասել է Փաշինյանը:
Փաշինյանը հավելել է, որ «Գազպրոմի» հետ բանակցությունները շարունակվում են «վերջնական համաձայնության» հասնելու համար:
«Մեզ համար շատ կարևոր է համաձայնեցնել գազի երկարաժամկետ գինը: Այժմ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնպես քննարկումներ են գնում գազի և էներգետիկայի ընդհանուր շուկա ստեղծելու շուրջ, ուստի մենք քննարկելու շատ թեմաներ ունենք»,- ասել է Փաշինյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ