Երեւան, 22 հունվարի, 2019 թ.: Այսօր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը եւ Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը ստորագրեցին հուշագիր՝ առավել խոցելի ընտանիքների բարեկեցությանն ուղղված համագործակցության վերաբերյալ: Երկու կազմակերպությունները համատեղ պիլոտային ծրագրի շրջանակներում կաշխատեն 15 առավել խոցելի ընտանիքների հետ՝ նպատակ ունենալով բարելավել այդ ընտանիքների կյանքի որակն ու ստեղծել կարողություններ նրանց ինքնաբավության համար:
««Իմ քայլը» հիմնադրամի ստեղծման օրից բազմաթիվ դիմումներ են ստացվել ծայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներից: Նրանց մի մասը տեղավորվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոչով քաղաքացիների տրամադրած բնակարաններում: Սակայն մեզ համար սկզբունքային էր այդ ընտանիքների այսրոպեական խնդիրների լուծումից զատ, ապահովել երկարաժամկետ լուծումներ, այն է՝ նրանց զինել կարողություններով, որ ինչ-որ պահից սկսած իրենք ի վիճակի լինեն ինքնուրույն առաջ շարժվել՝ հաղթահարելով աղքատությունը: Եվ հենց այստեղից էլ ծագեց Վորլդ Վիժն Հայաստանի հետ համագործակցելու գաղափարը»,- ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:
Երկու կազմակերպությունների մասնագետներից կազմված թիմը 2018թ.-ի դեկտեմբերին այցելել է ծրագրի շահառու բոլոր ընտանիքներին՝ կատարելով կարիքների գնահատում: 15 ընտանիքներից 5-ի հետ իրականացվելու է սոցիալական աշխատանք, իսկ 10 ընտանիքի հետ կազմակերպությունները կաշխատեն «Ավարտական մոտեցում» (Graduation Approach) մեթոդաբանությամբ: Սա առավել խոցելի ընտանիքների հետ աշխատելու միջազգայնորեն ընդունված մոդել է, որի շրջանակներում կատարվում է ընտանիքների կարիքների գնահատում և կազմվում է ընտանիքների զարգացման անհատական պլան: Պլանը ներառում է մի շարք միջամտություններ՝ մասնագետների աջակցություն, կյանքի հմտությունների ուսուցում, մասնագիտական վերապատրաստում և այլն: Այս միջամտությունների շնորհիվ ընտանիքը կանգնում է սեփական ոտքերի վրա և ձևավորում կայուն, կենսունակ տնային տնտեսություն:
«Վորլդ Վիժն Հայաստանն աղքատության մեջ ապրող ընտանիքների հետ աշխատանքում արդեն երկու տարուց ավել կիրառում է «Ավարտական մոտեցումը»: Հատկանշական է այն, որ այս մոտեցման շրջանակներում մասնագետները ոչ թե լուծում են ընտանիքների խնդիրները, այլ սովորեցնում են ընտանիքներին՝ ինքնուրույն լուծելու իրենց խնդիրները և պլանավորելու իրենց ապագան: Հույս ունենք, որ փորձարկման փուլի արդյունքներն ամփոփելուց հետո, մենք կկարողանանք պետական մարմիններին ցույց տալ մոտեցման արդյունավետությունը և առաջարկել այն օգտագործել սոցիալական ապահովության պետական քաղաքականության մեջ», – ասում է Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:
Վորլդ Վիժն Հայաստանը և «Իմ քայլը» հիմնադրամը համատեղելու են մասնագիտական և ֆինանսական ռեսուրսները: Հաջողության դեպքում ծրագիրը կընդլայնվի և կներառի ավելի մեծ թվով կարիքավոր ընտանիքներ:
Մամուլի հաղորդագրություն