Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորատ Տեր-Գրիգորյանցը հորդորում է իշխանության հետ համաձայնեցված գործել

Հունվար 22,2019 17:42

Այսօր ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հայտարարեց «Սպաների համահայկական միություն» ստեղծելու մասին: Միությանն իր աջակցությունը հայտնեց գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը (լուսանկարում): Նա Մոսկվայից տեսակապի միջոցով մտահոգություն հայտնեց, որ հանկարծ իշխանությունները չմտածեն, թե հակակառավարական, ընդհատակյա ինչ-որ կազմակերպություն է սա, այն իշխանություններից անկախ չի կարող գործել. «Իմ կարծիքով, այսպիսի գործողությունները պետք է իշխանության հետ համաձայնեցված լինեն»:

Շիրխանյանը պատասխանեց, որ նախնական զրույց ՊՆ նախարարի հետ ունեցել են, ասուլիսից անմիջապես հետո դիմելու են վարչապետին, նախարարին՝ համաձայնեցնելու գործողությունները. «Սպաների համահայկական միությունը անկախ, ինքնուրույն կառույց լինել չի կարող, պետք է սերտորեն համագործակցի ե՛ւ բանակի հետ, ե՛ւ իշխանության»:

Բեյրութից գեներալ Նարեկ Աբրահամյանն էլ տեսակապի միջոցով ասաց. «Մենք մեկ ազգ ենք, ունենք հայրենիք՝ Հայաստան-Արցախ, որ մեկ են մեզ համար եւ ունենք ահագին խնդիրներ, ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերներ: Կենտրոնախույզ ուժեր կան Հայաստանում՝ իրենց անձնական շահի համար: Պետք է համախմբենք, համահայկական ծրագիր պետք է լինի: Մենք պետք է կոռուպցիայից դուրս գանք, որ կարողանանք այս խնդիրները լուծել:

Արցախի «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հրաչյա Արզումանյանն էլ ասաց. «Հայաստանում 2018-ին սկսեցին փոփոխությունները, դա մի քիչ ուշացած քայլ էր, որովհետեւ աշխարհը փոխվում է: Սպառնալիքները, որոնք կան, մասշտաբը մեծանում է, պետք է նորից համախմբվենք ու սովորենք աշխատել համահայկական մասշտաբի վրա: Մենք քիչ ժամանակ ունենք, 20 տարի կորցրել ենք»:

Շիրխանյանն ասաց՝ բոլորն են հասկանում, որ Հայաստանը պետք է լինի հզոր, հարուստ,արդար երկիր, պետք է ունենա հզոր բանակ, դա հրամայական է ու դրան կարող են հասնել միայն ժողովրդի օգնությամբ, ժողովրդի սերուցքն են սպաները ու պետք է լինեն առաջին գծում:

Նորատ Տեր-Գրիգորյանցը հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ն զորավարժություն էր կազմակերպել, որին մասնակցում էր Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, հրավիրեցին նաեւ Հայաստանին ու մամուլը սկսեց գրել, թե՝ ահա, Հայաստանը ՆԱՏՕ- է ուզում մտնել եւ այլն. «Այդ քարոզչությունն ընդդեմ Հայաստանի գնաց ու Հայաստանը հրաժարվեց մասնակցել՝ մեծ մեղք էր: Չէր կարելի նման բան անել, պետք էր մասնակցել ու սովորել, թե ինչպես է ՆԱՏՕ-ն կազմակերպում ռազմական տարբեր գործողությունները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031