Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե խիստ աշխատեին եւ օրենքը հավասար լիներ բոլորի համար, սրա կարիքը չէր առաջանա». Վարորդների ակումբի համակարգողը՝ բալային համակարգի մասին

Հունվար 22,2019 17:06

Ինչպես տեղեկացրել ենք, նախատեսվում է առաջիկայում Հայաստանում եւս ներդնել ճանապարհային երթեւեկության կանոնակարգման նոր համակարգ: ՀՀ ոստիկանության առաջարկով՝ համաձայն նախագծի՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքում վարորդների համար կկիրառվի տուգանային միավորների համակարգ: Յուրաքանչյուր տարի վարորդներին կտրվի 9 բալ։

Aravot.am-ի հետ զրույցում «Վանաձորի վարորդների ակումբի» համակարգող Անդրանիկ Հովհաննիսյանը խոսեց նոր համակարգի դրական ու բացասական կողմերի մասին. «Մենք լսում ենք եւ՛ կողմ, եւ՛ դեմ կարծիքներ: Մարդիկ հիմնականում դժգոհում են բալային համակարգի սխալ մոտեցումներից, այսինքն, այնտեղ կան տուգանքների տեսակներ, որոնք բավականին վտանգավոր են, բայց փոքր բալեր են իջեցվում, եւ հակառակը, կան թեթեւ խախտումներ, որոնց արդյունքում մեծ բալային նվազեցում է տեղի ունենում»:

Նախագծի համաձայն առաջարկվում է ներդնել նաեւ վարորդական իրավունքի կասեցման կամ զրկման նոր ինստիտուտ։ Միավորները պակասելու դեպքում վարորդի վարորդական իրավունքը կկասեցվի 1-6 ամիս ժամկետով. «Կարծում եմ սա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, այսինքն` չգիտենք ի՞նչ հիմքով պետք է լինի 1 կամ 6 ամիս զրկումը: Այնտեղ հստակություն չկա, թե զրկելուց հետո ո՞նց է հնարավոր նորից վերականգնվել: Կարծիք կար, որ հնարավոր է քննություն հանձնելուց հետո արագ վերականգնել վարորդական իրավունքը, սակայն դա կարող է բավականին խնդիրներ առաջացնել»,- նշեց Անդրանիկը:

Նրա խոսքով մարդիկ դժգոհում են նաեւ բալերի քիչ լինելուց: Տարեկան տրամադրվող 9-ը բալը գուցե զրոյացվի նաեւ 1 շաբաթում. «Օրինապահ վարորդների համար ասում են բավական է 9 բալը, բայց ես այդքան էլ համաձայն չեմ: Ինքս էլ խախտումներ շատ չեմ անում, եւ տարեկան ակտեր չեմ ունենում: Սակայն այլ վարորդների պատճառով տեղի են ունենում ստիպողաբար խախտումներ: Օրինակ՝ դիտարկենք հոծ գծի խախտումը: Մեքենաները կայանում են երկրորդ գիծ, մենք ստիպված հոծ գիծը տրորելով շրջանցում ենք մեքենան: Այդ պատճառով կարող է բալերը պակասել մեզնից, բայց մենք հարկադրաբար ենք խախտում կատարել, հաշվի առնելով խոչընդոտը: Բայց արդյոք տուգանող ոստիկանը հաշվի կառնի՞, որ մենք ստիպողաբար ենք այդ խախտումը կատարել»:

Անդրանիկի խոսքով՝ մինչ բալային համակարգին անցնելը, նախ պետք է ունենալ ասֆալտապատ, նշաններով ու լուսացույցներով կահավորված փողոցներ. «Պետք է հաշվի առնել նաեւ ճանապարհի մակերեւույթ, փոսեր, լուսացույցների աշխատանք: Կարող է լուսացույցը ճիշտ չաշխատի եւ այդ պատճառով կարմիրի խախտում գրանցվի, բայց պատճառը լինի լուսացույցի վատ աշխատանքը»,- ասում է Անդրանիկն ու նշում, որ բալային համակարգի անհրաժեշտությունն ինքն այդքան էլ չի տեսնում. «Եթե խիստ աշխատեին եւ օրենքը հավասար լիներ բոլորի համար, սրա կարիքը չէր առաջանա: Բալային համակարգին օրինապահ վարորդը երբեք դեմ չի լինի, սակայն այնպես չստացվի, որ մարդիկ օրենք խախտեն ստիպողաբար եւ պատժվեն այլ մարդկանց պատճառով: Բոլոր վարորդների բողոքը հիմնականում սրա մեջ է: Որովհետեւ հաճախ խախտում են անում՝ փոսի կամ բացակայող նշանի պատճառով, որովհետեւ ստիպված են լինում շրջանցել եւ արդեն խախտում են կատարում: Իսկ այս ամենը բերում է հարցերի, որոնց լուծումը չկա: Այսինքն, եթե մարդը տուգանվեց, բալերից հանվեց, իսկ դրա պատճառը եղել է օրինակ բացակայող ճանապարհային նշանը: Արդյոք քաղաքապետարանը կփոխհատուցի՞ այդ ամենը»

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031