Մարզպետարաններում նախորդ տարեվերջին տրված պարգևատրումների առումով, Լոռու մարզպետարանը ևս հարկ է համարում պարզաբանում տրամադրել և նշել, որ բոլոր գործողություններն իրականացվել են օրենքի շրջանականերում և արդարության սկզբունքով:
Մարզպետարանի ապարատի 2018թ. պահպանման ծախսերի «Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարներ» հոդվածով առկա տնտեսված միջոցների հաշվին դեկտեմբեր ամսին, ղեկավարվելով Հայաստանի Հանարպետության Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետով, 22-րդ հոդվածի 10-րդ կետով մարզպետարանի բոլոր աշխատակիցներին մարզպետի կարգադրությամբ և գլխավոր քարտուղարի հրամանով տրվել է պարգևատրում պաշտոնական դրույքաչափի 25-30 տոկոսի չափով: Պարգևատրման չափը պայմանավորված է եղել նաև այն հանգամանքով, թե տվյալ աշխատակիցը մեկ ամբողջական տարի է աշխատում, թե ավելի պակաս ժամանակահատված:
Մարզպետի կարգադրությամբ պարգևատրվել են մարզպետը, մարզպետի տեղակալները, գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, վարչությունների պետերը և ներքին աուդիտի բաժնի աշխատակիցները: Մարզպետարանի մյուս բոլոր աշխատակիցները պարգևատրվել են գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի հրամանով:
Ընդ որում, Լոռու մարզպետարանում սահմանվել է պարգևատրման ամենացածր տոկոսը: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հավասարաչափ մոտեցում է ցուցաբերել բոլոր աշխատակիցների նկատմամբ՝ նպատակ ունենալով նրանց առավել մոտիվացնել՝ պահանջելով առավել որակյալ և արդյունավետ աշխատանք:
Լոռու մարզպետարան