Այսօր «Նոյյան Տապան»-ում «Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահ Սերգեյ Գյոզալյանը մինչ տաքսու ոլորտի խնդիրներին անդրադառնալը, խոսեց նվազագույն սպառողական զամբյուղից, ու իրենց առաջարկությունները ներկայացրեց:
Գյոզալյանի խոսքով՝ «Վերջերս կառավարությունը հայտարարեց, որ միկրոբիզնեսն ու անհատ տաքսիները ազատվում են հարկերից: Մենք ուզում ենք կառավարությանը առաջարկել համակարգային լուծում՝ նախ մենք ուզում ենք կառավարությունն օրենսդրորեն սահմանի մինիմալ սպառողական զամբյուղ հասկացությունը, որը հաշվարկված կլինի գիտական նորմատիվներով ու օբյեկտիվորեն: Ոչ թե այն, ինչ ունենք՝ 40 հազար դրամ, այլ՝ օբյեկտիվ, որը բացի պարենային զամբյուղից այլ … մարդը պետք է տաքանա, հագնվի, հանգստանա, սոցիալ-մշակութային կարիքները բավարարի: Սրանք պետք է իրական զամբյուղում ներառվեն եւ ամեն տարի ինդեքսավորվի: Սրանից հետո արդեն, որպես առաջին քայլ, կառավարությունը պետք է սահմանի՝ եթե ֆիզիկական անձի կամ Ա/Ձ-ի եկամուտը պակաս է այս իրական զամբյուղից, դա չպետք է հարկվի: Նույնիսկ ցանկացած հարկումից հետո, եկամուտը պետք է պակաս չլինի այդ օբյեկտիվ զամբյուղից»:
Գյոզալյանը շարունակելով սպառողական զամբյուղի թեման, ասաց. «Քանի որ մենք ունենք նաեւ ժողովրդագրական խնդիր, մենք առաջարկում ենք, որ այդ մինիմալ սպառողական զամբյուղում, բացի մեկ չափահաս քաղաքացուց, հաշվարկված լինի, որ ինքը պետք է իր խնամքի տակ ունենա նաեւ մեկ անչափահաս, որպեսզի մարդիկ չվախենան երեխա ունենան ու մտածեն՝ ոնց պետք է պահեն: Եվ նաեւ ընդգրկված լինի մեկ անչափահասի սպառողական զամբյուղի մեծությունը: Դա պետք է գումարվի իրար ու դա չպետք է հարկվի»:
Գյոզալյանի ներկայացմամբ՝ կառավարությանն իրենց կազմակերպությունն առաջարկում է՝ միջնաժամկետ ծրագրում նպատակ դնի՝ «Մեր քաղաքացիների մինիմալ աշխատավարձը նույնպես բերի ինդեքսավորված սպառողական զամբյուղին հավասար»:
Ապա Գյոզալյանը օրինակ բերեց միկրոբիզնեսը, նշելով՝ սրա տարեկան շրջանառությունը 24 մլն դրամ է. «Ամսական եկամուտը, եթե հաշվարկում ենք, կկազմի հազիվ 150-200 հազար դրամ: Այս մեծությամբ կլինի օբյեկտիվորեն հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղը: Անհատ տաքսու վարորդներն էլ, եթե հասույթից հանենք ծախսերը, իրական եկամուտը հավասար կլինի զամբյուղին»:
Հետո Գյոզալյանն անցավ տաքսու ոլորտին, վստահեցրեց՝ այստեղ լուրջ եւ հրատապ լուծելու խնդիրներ կան.«Վարչապետը հայտարարեց, որ անհատ տաքսու վարորդները պետք է ազատվեն բոլոր տեսակի վճարումներից: Այդ օրվանից բազմաթիվ տաքսու վարորդներ սկսեցին լիցենզիաները համատարած հետ տալ, նախարարության վերահսկողության մարմիններն էլ սկսեցին չգործել այդ ոլորտում: Լիցենզավորումը չի կարելի վերացնել: Եթե պետությունը լիցենզիայի տուրքը վերացնում է, ապա պետք է լիցենզավորման պայմանները խստացվի՝ վարորդները որոշակի պահանջների բավարարեն, մեքենան կահավորված լինի համապատասխան ձեւով: Նույնը ավանդական տաքսի ծառայությունների մասով: Եվ եթե այդ քայլին գնացին, ուրեմն արտոնագրային վճարը, լիցենզիայի վճարը եւ այլ արտոնություններ տաքսի ծառայությունների համար էլ պետք է լինի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ Նոյան տապանի