ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը համոզված է, որ կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի՝ ուժեղ փաստաբաններ ունենալու համար:
«Ես հավատում եմ նրա փաստաբաններին։ Եթե նրանք գործն ուսումնասիրելուց հետո ասում են, որ ջուր է, ուրեմն ջուր է։ Ինչ վերաբերում է ձայնագրություններին, դրանցից պարզ երևում է, որ այս ամենի թիկունքում մեկ մարդ է կանգնած՝ անուն-ազգանունը՝ Փաշինյան Նիկոլ։ Թե ինչու է նա ընկել Ռոբերտ Քոչարյանի հետևից, ժամանակին կպարզվի։ Կարող է՝ Նիկոլ Փաշինյանը մի մեծ նախագծի մի փոքր հատվածն է միայն»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Նրա խոսքով, մարդու իրավունքները մեծ դագանակ է իրենց խելոք չպահողների գլխին. «Եթե մարդու իրավունքները մի երկիր չարաշահում է, եւ որը իրեն լավ չի պահում, կարելի է օգտագործել, իսկ մնացած դեպքերում կարելի է ուղղակի մարդու իրավունքների կողքից սուսուփուս անցնել»:
Անդրադառնալով Մարտի 1-ի՝ բացահայտված լինելու մասին հայտարարություններին՝ Գուրգեն Եղիազարյանն ասաց՝ ոչինչ էլ չի բացահայտվել. «Հինգ ամիս անցել է արդեն։ Եթե բացահայտված է, ինչո՞ւ մինչև այսօր մարդասպանները հայտնի չեն։ Ինչո՞ւ են նրանց անունները գաղտնի պահվում։ Ոչ մի բան էլ չի բացահայտվել, ուղղակի հարյուր օրվա համար ասացին, անցան առաջ՝ մեկը մեկից սուտ։ Խնդիրն այլ հարթության վրա է. պետք էր ականջալուր անել բոլորին, որ Մարտի մեկը բացահայտված է։ Ամեն սանտիմետրը նկարված է՝ որտեղ են սպանել, ինչպես են սպանել, մնում է նայել և հայտնել մարդասպանների մասին։ Բայց ոչ, Փաշինյանը խնդիր ուներ Քոչարյանի նկատմամբ, ինչ խնդիր ուներ՝ կպարզվի։ Հիվանդ, մահամերձ Մայրապետյանին էլ պահում են, լավ է՝ բաց թողեցին, հիմա էլ չեն թողնում գնա Գերմանիա»:
Նա նաեւ հարցադրում առաջ քաշեց՝ «Դուք չապշեցի՞ք, երբ ճաղերի հետեւից դուրս եկավ Մանվել Գրիգորյանը, դա էս իշխանությունների հիմնական ռոլիկն էր գործունեության, էդ Մանվելն էր՝ իր 14 հազար արժողությամբ տուշոնկաներով, միակ սարսափը էն երեխայի նամակն էր, ուրիշ բան էդտեղ չկար, մեկ էլ 60 հազար ստրկացած էջմիածինցիները, մեկ էլ հանկարծ Մանվել Գրիգորյանը դուրս է գալիս բանտախցից, հիմա էլ ասում են, որ Արցախում է: Դատական համակարգում բոլոր հարցերը լուծում է մեկ մարդ, ազգանունը՝ Փաշինյան, անունը՝ Նիկոլ: Պարտադիր չէ, որ նա կանչի-հրահանգի դատավորին։ Ես ապացույցներ ունեմ, որ անձամբ ինքն է բաց թողել Մանվել Գրիգորյանին։ Եթե հանկարծ մի դատավորի մտքով անցներ բաց թողնել Մանվելին, պատկերացնո՞ւմ եք ինչ հայտարարություններ կհաջորդեին մեկը մյուսին, ինչ ելույթներով ու հայտարարություններով կլցնեին համակարգը։ Մանվելին բաց թողնելու խնդիրն այլ հարթությունում է. նախևառաջ, որպեսզի փնովենք դատական համակարգը, որ ասենք՝ Մանվելի պես հրեշին բաց թողեցին
Երկրորդ, Նիկոլին օդի պես հարկավոր է, որ այդ համակարգը հանի փողոց, որպեսզի վճիռները լուծվեն ոչ թե դատարանի դահլիճում, այլ փողոցում։ Հիմա դուրս կգա Ռոբերտ Քոչարյանը, էլի կփակեն փողոցը, կպահանջեն, որ դատվի և ոչ մի ապիկարի մտքով չի անցնի հարցնել՝ ուր են Մարտի մեկի մարդասպանները։ Դեռ պետք է տարբեր ատյաններում ապացուցեք, որ Ռոբերտ Քոչարյանն է հրամաններ արձակել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ