Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Լապշին. «Ալիեւին պետք է թշնամու կերպար եւ իշխանության պահպանում, ոչ թե Հայաստանի հետ խաղաղություն»

Հունվար 22,2019 15:31

ՌԴ եւ Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը Երեւանում է, այցը զբոսաշրջային է: Նա Հայաստանում ծրագրում է մնալ մինչեւ փետրվարի վերջ: Այս մասին այսօր «Արմենպրես» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Նա ցանկանում է պտտվել ամբողջ Հայաստանով: Նաեւ դիմել է պաշտպանության նախարարություն, որպեսզի սահմանային գոտի այցելելու թույլտվություն ստանա. «Ուզում եմ պատմել այն մարդկանց կյանքի մասին, որոնք ապրում են ադրբեջանական կրակահերթերի տակ: Լինելու եմ Նոյեմբերյանում եւ մի քանի այլ վայրերում»: Նաեւ`Սյունիքում, մասնավորաբար, Մեղրիում:

Ալեքսանդր Լապշինը եղել է 140 երկրներում. Հայաստանն իր համար հետաքրքիր է թե բնությամբ, թե ճարտարապետությամբ, թե իր «ոչ սովորական» ժողովրդով: Այս անգամ նա Արցախում չի լինելու: Ասում է` պատճառն այն չէ, որ Արցախ գնալը վտանգավոր է, այլ, որովհետեւ հիմա պահը հարմար չէ. «Այնտեղ (Ադրբեջանում-Ն. Գ.) սոցիալական բողոքներ են եւ իմ` Արցախում լինելու փաստը Ադրբեջանի իշխանությունները կարող են օգտագործել՝ հանրության ուշադրությունը շեղելու համար»:

Հիշեցնենք, Ալեքսանդր Լապշինը 2016 թվականի վերջին ձերբակալվել է Մինսկում՝ Ադրբեջանի հարցման հիման վրա, որը բլոգերին «սեւ ցուցակում է» ներառել Արցախ այցելությունների համար: Բելառուսի գլխավոր դատախազությունը, բավարարելով Ադրբեջանի հարցումը, Լապշինին արտահանձնել է Բաքվին:

Այսօր Երեւանում բլոգերը հայտարարեց` այն, ինչ կատարվեց իր հետ Ադրբեջանում, լավ կլիներ, որ չկատարվեր:

Ամեն դեպքում, եղածին ինքը լավատեսությամբ է վերաբերվում եւ նկատում է, որ դա իր կարիերայում նոր ուղղություն ստեղծելու հնարավորություն կարող է դառնալ, նաեւ նոր ընկերներ ձեռք բերելու առիթ: Բլոգերը հայտարարում է, որ ինքն այդ ամենից մի բան հասկացավ` «նրանք վտանգավոր են, ոչ ադեկվատ են»: Իր գնահատմամբ, Ադրբեջանը գտնվում է Սովետական միության վերակառուցման սկզբնական փուլում: Նա ցավով է նշում, որ այդ պատմության մեջ եղան նաեւ մարդիկ, որոնց ադրբեջանական իշխանությունները կարողացան գնել եւ այդ պատմությունն օգտագործվեց «Ադրբեջանի լոբբինգի գրառումներ անելու համար»:

Անդրադառնալով այս օրերին Ադրբեջանում տեղի ունեցող դժգոհություններին էլ, բլոգերը կարծիք հայտնեց, որ ադրբեջանցիները պարզապես հոգնել են Ալիեւ-Փաշաեւներից: Դա, ըստ նրա, նորից Հայաստանի հետ կապ չունի, պարզապես այնտեղ ժողովուրդը շատ ավելի վատ է ապրում, քան Հայաստանում:

«Պետք չէ թերագնահատել ադրբեջանական ժողովրդին: Նրանք թեեւ ապրում եւ աշխատում են դիկտատուրայի պայմաններում, բայց այնտեղ էլ կան շատ կրթյալ, գիտակից մարդիկ, որոնք ցանկանում են ապրել ազատ երկրում: Նրանք նաեւ տեսել են, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել: Կարծում եմ՝ նրանք ցանկանում են, որ իրենց մոտ էլ լինի ամեն ինչ այնպես, ինչպես Հայաստանում էր: Կարծում եմ, առաջիկա տարիներին այնտեղ ինչ-որ բաներ տեղի կունենան, բայց արդեն հարց է` արդյոք դա Հայաստանի շահերից կբխի՞: Որովհետեւ ինչպիսին էլ լինի Ալիեւը, նա կանխատեսելի է եւ վտանգավոր չէ Հայաստանի համար: Նա գուցե ինձ համար վտանգավոր է, բայց ոչ Հայաստանի եւ Ռուսաստանի համար: Այն մարդիկ, որոնք կգան իշխանության՝ ընդդիմադիրները, նրանք հանդես են գալու ավելի շատ հասարակության, քան կլանների շահերից»,- ասաց նա:

Հարցին`իր կարծիքով ադրբեջանական հանրությունը պատրա՞ստ է խաղաղության, Ալեքսանդր Լապշինը պատասխանեց. «Կարծում եմ, ադրբեջանական հանրությունը պատրաստ է խաղաղության, բայց դրան պատրաստ չէ ադրբեջանական ղեկավարությունը, որովհետեւ Հայաստանի հետ խաղաղությունը կբերի Ալիեւի անկման: Նրանք դա հասկանում են եւ այդ պատճառով կփորձեն հակամարտությունը պահել սառը վիճակում այնքան, որքան հնարավոր է: Նրանց պետք է ոչ թե Հայաստանի հետ խաղաղություն, այլ թշնամու կերպար եւ իշխանության պահպանումը ամեն գնով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031