Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւ Սամուելյանը` Արամի 23-ի մասին. «Չի ստացվելու սլաքը նախկինների վրա ուղղել»

Հունվար 22,2019 15:11

Aravot.am-ը մշակույթի նախկին փոխնախարար Արեւ Սամուելյանից մեկնաբանություն խնդրեց «Հին Երեւան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լեւոն Վարդանյանի այն հայտարարության վերաբերյալ, որտեղ վերջինս, խոսելով Արամի 23-ի խնդրի մասին, ասել էր. «Էսքիզային ծրագիր կա, որը հաստատվել է մշակույթի նախարարության, այն ժամանակվա նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից, առաջին լոտի էսքիզային նախագիծը ստորագրված է Արեւ Սամուելյանի կողմից»:

Արեւ Սամուելյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ընթերցողը կարող է չհասկանալ, թե ինչ ասել է առաջին լոտ: Խոսքը տեղում կանգնած հուշարձաններից մեկի վերականգնման նախագծի մասին է, որը մենք ստորագրել ենք զրո մակարդակով, այսինքն՝ գետնին հավասար, որպեսզի ավտոկայանման հարցը լուծվի, որը Արամի 23-ից շատ հեռու է, եւ չի նշանակում, որ դա ամբողջական «Հին Երեւան» ծրագիրն է:

«Հին Երեւան» ծրագիրը երբեւէ պաշտոնապես չի բերվել մշակույթի նախարարություն, ոչ նախկինում, ոչ էլ, ինչպես տեղյակ եմ, մինչեւ վերջին ժամանակները: Ամբողջական ծրագրի բացակայության դեպքում մշակույթի նախարարության աշխատակիցները իմ ղեկավարությամբ, նաեւ քաղաքաշինության նախարարության, 2 անգամ այցելել են արվեստանոց, նայել ենք, թե ինչպես են ընթանում աշխատանքները, բայց դա չի նշանակում, որ օֆիցիալ ձեւով նախագիծը բերվել է նախարարություն:

Այո, մակետին ծանոթ ենք, ասել ենք մեր դիտողությունները, մասնավորապես բազմաթիվ դիտողությունների հետ միասին` վերեւի հարկի թափանցիկ հատվածի հետ կապված: Այնպես որ, ես չեմ ուզում, որ այս համատեքստում շահարկվի մեր անունը: Եթե ասում են, որ իբր նախկինում ստորագրվել է, ուրեմն թող ցույց տան այդ ստորագրածը: Կրկնում եմ, իմ ստորագրածը վերաբերում է միայն մեկ շենքի, այն էլ մինչեւ զրո նիշը:

Տվյալ դեպքում կառուցապատողը պետք է ստանձներ Արամի 23 շենքի ամրակայման աշխատանքները: Խնդիրը այդքան ամիսներ կար, եւ այսօրվա ղեկավարները կարող էին շատ լավ իրենց առջեւ եղած հարցը ոչ թե ֆուտբոլի գնդակի պես իրար վրա գցել, սլաքները ուղղել նախկինների կողմը, այլ փորձել լուծել:

Այնպես որ, չի ստացվելու սլաքը նախկինների վրա ուղղելը: Բազմաթիվ ատյանների, որոնք այդ հոդվածում արծարծված են, այդ 3 կողմին էլ առաջակել եմ իմ օգնությունը, որպեսզի տեղեկատվությունը փոխանցեմ, եւ եթե տեղեկատվությունը վերցնող չի եղել, ուրեմն թող չմեղադրեն»:

Արեւ Սամուելյանը հավելում է. «Մեծ ծրագիր է, որը շատ ավելի վաղ է սկսվել, քան անգամ մենք ենք սկսել պաշտոնավարել, եւ եթե այն այսօր սկսվեր կամ իմ աշխատելու ընթացքում, իհարկե, նույն ձեւով այս ամենը չէր ընթանա: Իսկ հիմա ունենք այն, ինչ ունենք: Ամեն հաջորդ իշխանություն, ամեն հաջորդ պաշտոնյա պարտավոր է ստանձնել, իրականացնել այն ծրագրերը, որոնք եղել են մինչեւ իր պաշտոնավարումը: Առանց խնդրի որեւէ ծրագիր չի լինում»:

Նախկին փոխնախարարն ընդգծում է. «Անկախ քաղաքական փոփոխություններից, հուշարձանների ոլորտում մշակույթի նախարարությունն է լիազոր մարմինը, հետեւաբար անհրաժեշտ էր ամեն նախագիծ ամեն փուլում համաձայնեցնել մշակույթի նախարարության հետ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031