Հայաստանի նոր խորհրդարանի առաջին շաբաթվա աշխատանքը ցույց տվեց, որ ԱԺ-ն կարող է դառնալ իշխանության քաղաքական կենտրոն, որտեղ կարող են լուրջ քաղաքական բանավեճեր ընթանալ: «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր կայացած Մոսկվա-Երևան «Քաղաքական նոր շրջանի մեկնարկ Հայաստանում. հայ հասարակության սպասումները նոր իշխանությունից» թեմայով տեսակամուրջի ժամանակ կարծիք հայտնեց «Երկխոսություն» ՀԿ–ի նախագահ Յուրի Նավոյանը։ Նա դրվատանքով խոսեց այն մասին, որ Հայաստանի իշխանությունները կարեւորում են ԵԱՏՄ եւ տարածաշրջանային համագործակցություններն այն աստիճանի, որ խորհրդարանի կազմում նման հանձնաժողով ստեղծվեց: Այս ամենի համատեքստում բանախոսը ոչ պակաս կարեւոր է համարում ՀՀ-ում իշխող «Իմ քայլի» եւ ՌԴ-ում իշխող «Միասնական Ռուսաստանի» միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումը: Ասում է՝ դա կտանի համագործակցության խորացման, ինչի ներուժը կա` հատկապես ռազմարդյունաբերության ոլորտում: Իր կարծիքով, այս առումով ՀՀ կառավարությունը պետք է ռուսական պետական հիմնարկներին «աշխատանքի օրակարգ» առաջարկի:
Ամբողջ խնդիրը, ըստ Յուրի Նավոյանի, այժմ առկա հետհեղափոխական էներգիան ճիշտ տրանսֆորմացնելու մեջ է: Որ Հայաստանում արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն չի լինելու եւ այս մասով անակնկալներ չեն սպասվում, նա դրական է համարում, բայց հայ-ռուսական հարաբերությունների որակի խնդիր տեսնում է: Իր գնահատմամբ, ՀՀ նոր իշխանության որոշ դեմքեր, «անփորձությունից ելնելով, արեցին քայլեր, որոնք խնդիրների տեղիք տվեցին», բայց, հույս ունի, որ 2019-ի ընթացքում հնարավոր կլինի ամեն ինչ իր տեղը դնել: Նաեւ հույս ունի, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն մնա երկու լիդերների մակարդակում, այլ ինստիտուցիոնալ աշխատանք կսկսվի եւ կարճաժամկետ քաղաքական շահերը չեն վնասի դարավոր բարեկամությունն ու կասկածի տակ չեն դնի հայ-ռուսական հարաբերությունների ապագան:
Որ Նիկոլ Փաշինյան- Արմեն Սարգսյան տանդեմը կարող է արդյունավետ աշխատել՝ ըստ Յուրի Նավոյանի, երկրորդ կարծիք չկա:
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ–ի նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն էլ հղում անելով իրենց մասնագետների կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումներին, հավելեց, որ Հայաստանի իշխանությունը 2-3 տարվա վստահության քվե ունի հասարակությունից եւ այդ ընթացքում իշխանությունը պետք է կարողանա այդ վստահությունը ճիշտ իրացնել: ՀՀ նոր իշխանությունում, իր ձեւակերպմամբ` «հակառուսական գործիչների առկայությամբ հանդերձ», ՀՀ նոր իշխանությունը որոշ հարցերում ավելի սկզբունքային եղավ, քան նախկինն էր: Նկատի ունի ԱԺ-ում ԵԱՏՄ եւ տարածաշրջանային համագործակցության հանձնաժողովի ստեղծումը, ինչը նախորդ իշխանության ժամանակ միս ու արյուն չստացավ, թեեւ հենց այդ իշխանության տարիներին Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին: Նա ՀՀ նոր իշխանություններին հաջողություններ է մաղթում`աջակցության պատրաստակամությամբ, քանզի լավ հասկանում է, որ այս իշխանության դանդաղումը կամ տապալումը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ մեր երկրի, պետության եւ ժողովրդի համար:
Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանն էլ նկատեց` Հայաստանում իշխանության եկավ քաղաքացիական հասարակությունը`նեղ իմաստով: Այսինքն, քաղհասարակության կազմակերպված մասը, ոչ կառավարական կազմակերպությունները, որոնց օրակարգում կա գլոբալ քաղհասարակության տեսլականների արտացոլում Հայաստանում. նրանք ունեն սեփական տեսլականներն ու աշխարհընկալումները: Իր գնահատմամբ, հենց այդ հիմնական փաստարկն էլ անընդհատ բերելու է հակադրությունների, քանզի հայ հասարակության 80 տոկոսը ավանդական արժեքների կրող եւ կողմնակից է: Այս պարագայում, Սամվել Մանուկյանը գտնում է, որ Հայաստանին պետք է կառավարման ուժեղ նախագահական համակարգ կամ խորհրդարանական`ուժեղ վարչապետով:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին էլ, ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովն ասաց, որ դրական է գնահատում ՀՀ նոր իշխանությունների մոտեցումը Սիրիա խաղաղապահ գումարտակ ուղարկելու, Հայաստանում ամերիկյան ներդրումներով կառուցված կենսալաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքը ապահովելու հարցերում: Մի բան, ինչը նախորդ իշխանության օրոք բարդություններ էր առաջացնում: Նաեւ այն, որ հայկական մամուլում հակառուսական հռետորաբանությունը նվազել է: Իր գնահատականով, ՀՀԿ-ի իշխանության տարիներին հայկական մամուլում հակառուսականությունը գերազանցում էր անգամ ուկրաինական մամուլին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ