Հայաստանի հասարակությունը ՀՀ նոր իշխանությունից ակնկալում է այն հավասարակշռված քաղաքականության շարունակականությունը, ինչը եղել է անցած 25 տարիների ընթացքում: Այս մասին այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Երևան «Քաղաքական նոր շրջանի մեկնարկ Հայաստանում. հայ հասարակության սպասումները նոր իշխանությունից» թեմայով տեսակամուրջի ժամանակ կարծիք հայտնեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ–ի նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: Դա, ըստ բանախոսի, բնավ չի նշանակում, որ փոփոխություններ չպետք է լինեն: Մանավանդ, որ ՀՀ նոր եւ երիտասարդ իշխանությունները շատ հարցերում նույնիսկ ստեղծարար մոտեցումներ ունեն, ուստի կցանկանան իրենց ընկալումներով փոփոխություններ անել`այդ թվում նաեւ արտաքին քաղաքական հարաբերություններում, բայց այդ վեկտորը, իր համոզմամբ, հասարակության ընկալումներում, պետք է լինի փափուկ եւ արդյունավետ, որը կկարողանա բավարարել մեր հասարակության հիմնական`տնտեսական, սոցիալական, հումանիտար պահանջները: Ասում է`Հայաստանի նոր, անփորձ, բայց Հայաստանին ծառայելու պատրաստակամությամբ իշխանությունը պետք է բաց լինի հայ-ռուսական քաղաքական եւ ռազմական համագործակցությանը, դրա խորացմանը տանող քննարկումների համար: Արամ Սաֆարյանը դրական է համարում, որ «հակառուսական ուժերը» (նկատի ունի «Սասնա ծռեր» կուսակցությանը- Ն. Գ.) չկարողացան խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմ հաղթահարել, բայց նկատում է, որ «հակառուսական ուժերի» ակտիվացման ֆոնին պետք է Հայաստանում ակտիվանան նաեւ այն ուժերը, որոնք ավանդաբար հանդես են եկել հայ-ռուսական հարաբերությունների խորացման օգտին եւ նոր նախաձեռնություններով հանդես գան, ինչը կնպաստի այդ հարաբերությունների զարգացմանը:
Այլ մանրամասները`տեսանյութում
Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանն էլ անդրադառնալով հայ հանրության սպասելիքներին`ՀՀ նոր իշխանություններից, հինգ հարց առանձնացրեց`հասարակությունները, այդ թվում նաեւ հայ հասարակությունը, ցանկանում է ապրել խաղաղության մեջ, ցանկանում են աշխատանք ունենալ, եւ այնպիսի, որը կբերի իրենց բարեկեցության, ցանկանում են, որ իրենց երեխաներն այնպիսի կրթություն ստանան, որը նրանց հնարավորություն կտա ավելի բարեկեցիկ ապրել, քան իրենք են ապրում, ցանկանում են ստանալ որակյալ եւ մատչելի առողջապահություն եւ իբրեւ այս ամենի ամբողջություն`ապահով ծերություն: Ուստի, Հայաստանի հասարակության համար Սամվել Մանուկյանն օրախնդիր է համարում հարցը`նոր իրողությունների պայմաններում, որո՞նք են հնարավորությունները՝ այդ ամենին հասնելու համար:
Այս համատեքստում, ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովն էլ նկատում է` խնդիրն էլ հենց այն է, որ հետխորհրդային տարածքում հասարակության եւ քաղաքական վերնախավերի ձգտումները տարբեր են: Նա «ինքնասպանություն» է որակում ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների խզումը, ինչը արեցին մի քանի երկրներ: Նկատի ունի Վրաստանին եւ Ուկրաինային: Նա դեմ չէ, որ ազատ եւ սուվերեն երկրները կարող են իրենց քաղաքական առաջնահերթությունները վերանայել, բայց համոզված է` «հետխորհրդային էլիտաները աչքի են ընկնում սեփական հասարակություններին զոհելով իրենց շահերը սպասարկելու մեջ»:
Ինչ վերաբերում է Հայաստանում անցած տարի տեղի ունեցած հեղափոխական գործողություններին եւ ՀՀ նոր իշխանություններին, բանախոսն ուրախությամբ է ընդգծում, որ նախնական տպավորությունը, թե Հայաստանում գունավոր հեղափոխություն է իրականացվում, ի չիք եղավ, ՀՀ-ում իշխանության եկած ուժի «լոզունգներն էլ փոխվեցին», խորհրդարանական ընտրություններից հետո երկիշխանությունը վերացավ եւ ճանապարհ բացվեց բարեփոխումների համար եւ նոր հարաբերությունների ձեւավորման փուլում ենք: Այն, որ ՀՀ իշխանությունները հստակ հայտարարել են արտաքին քաղաքական առաջնահերթությունների պահպանման մասին, Ալեքսանդր Կռիլովը դրական է որակում: Բայց նա նաեւ կարեւորում է նախատեսվող բարեփոխումների արդյունավետությունը, քանզի դրանցով է պայմանավորում հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ