Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հանդիպեց ՀՀ-ում Բենինի Հանրապետության (ԲՀ) արտակարգ և լիազոր դեսպան Նուկպո Կլեման Կիկիի (Noukpo Clément Kiki) հետ (նստավայրը՝ Մոսկվա):
Հանդիպման ընթացքում դեսպան Կիկին իր հավատարմագրերի պատճենները հանձնեց փոխնախարար Հովհաննիսյանին։ Տեղի ունեցած զրույցի ընթացքում պարոն Հովհաննիսյանը շնորհավորեց դեսպան Կիկիին հավատարմագրերի պատճենների հանձնման կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք։
Բենինի դեսպանը, շնորհակալություն հայտնելով փոխնախարարին հանդիպման համար, նշեց, որ իր գործունեության ընթացքում փորձելու է հնարավորինս ակտիվացնել ՀՀ-ԲՀ հարաբերությունները։
Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջև քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական կապերը զարգացնելու առկա հնարավորություններին և հեռանկարներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում տարվող աշխատանքներում ՀՀ-ի և ԲՀ-ի համագործակցության առավել ակտիվացման անհրաժեշտությանը: Անդրադարձ կատարվեց նաև ԼՂՀ հիմնախնդրին և աֆրիկյան տարածաշրջանում ներկա աշխարհաքաղաքական իրադրությանը։
Արտաքին գործերի նախարարություն