Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Կինոյի տաճարը» ծրագիրը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին

Հունվար 22,2019 13:42

2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Փարաջանովյան ծրագիրը նախաձեռնել են Ռոտերդամի փառատոնի կազմակերպիչները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և բրիտանացի անկախ պրոդյուսեր Դենիել Բըրդը։ Ռոտերդամի փառատոնում մեկ առանձին ընդարձակ ծրագրով հայկական կինոյի նորովի ներկայությունը հրաշալի հնարավորություն է միջազգային հանրությանը ներկայացնելու հայկական կինոմշակույթն ու պատմությունը։

Ռոտերդամի կինոփառատոնի այս և մյուս կարևոր ծրագրերի մասին տեղեկացնում է press.iffr.com կայքը։ Նույն աղբյուրի տեղեկացմամբ, «Նռան գույնը» ֆիլմի (1969) մասին հետազոտություններն իրականացնող և վերականգնման աշխատանքների մասնագետ Դենիել Բըրդը ներկայացնելու է կինոնկարի հիմնական մոնտաժում չօգտագործված կադրերի վերականգնված հատվածները՝ ինստալյացիա ձևաչափով:

Ինչպես հայտնի է, կինոկենտրոնի ու Դենիել Բըրդի ջանքերով դեռ անցյալ տարի սկսվել է հայկական դասական ֆիլմերի թվայնացման ու տարածման երկարաժամկետ ծրագիր։ Առաջինը թվայնացվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմը։ Վերականգնված տարբերակը Հայաստանում ցուցադրվել է 2018-ի աշնանը, որից հետո Փարաջանովի արդեն վերականգնված աշխատանքը ցուցադրվել է տարբեր մշակութային ձեռնարկների և միջազգային կինոփառատոների շրջանակներում։ Բացի այդ, Հայաստանի ազգային կինոկենտրոն ու լեհական FIXAFILM ընկերությունը նույն ծրագրի շրջանակում, երեկարատև ու համառ աշխատանքի շնորհիվ սկսեցին վերականգնել Փարաջանովի «Նռան գույնը» հիմնական ֆիլմից դուրս մնացած կադրերը։ Ազգային կինոկենտրոնի ջանքերով գտնվեց մասնագետ, որը տեղում սկսեց վերականգնման աշխատանքները։ Արդեն վերականգնվել է կադրերի 1/3-ը։ Ընդհանուր ժապավենը կազմում է 103 տուփ։

«Նռան գույնի» թվայնացված կադրերը ինստալյացիայի միջոցով կցուցադրվեն Ռոտերդամի փառատոնում։ Շնորհանդեսը նախատեսված է Ռոտերդամի սբ․Արմենիուս եկեղեցում, որի հատակին տեղադրված 31 մոնիտորները անընդհատ ցուցադրելու են փարաջանովյան կադրերը՝ Տիգրան Մանսուրյանի երաժշտության ներքո։ Հաջորդիվ տեղի կունենան Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունները , ինչպես նաև նախատեսված է կոնֆերանս-սիմպոզիում, որի հիմնական ուղղությունը հայկական դասական ու ժամանակակից կինոն է լինելու։

2019թ. Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի (հունվարի 23-ից փետրվարի 3-ը) հայ դասական և ժամանակակից կինոյին նվիրված «Կինոյի տաճար» ծրագիրը ներառում է․

1․ Ս.Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չընդգրկված հատվածների ինստալյացիա ֆորմատով ցուցադրության շնորհանդեսը տեղի կունենա Ռոտերդամի սբ․Արմենիուս եկեղեցում։ Այս ցուցադրությունը գործելու է փառատոնի ամբողջ ընթացքում։

2․Փարաջանովյան ծրագրի շրջանակում, տեղի կունենան Վարպետի ֆիլմերի «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով», «Կիևյան որմնանկարներ», «Հակոբ Հովնաթանյան» (վերականգնված տարբերակը) ցուցադրությունները։

3․«Կինոյի տաճար» ծրագրի շրջանակներում, նախատեսվում է հայ դասական և ժամանակակից կինոյին նվիրված «Կինոմատենադարանի ճանապարհին» սիմպոզիում-կոնֆերանսը, որտեղ ելույթներով հանդես կգան հայ և արտասահմանյան հայտնի կինոգործիչներ՝ Ջեյմս Շտեֆենը (ԱՄՆ), Վալերի Պոզները (Ֆրանսիա), Լևոն Աբրահամյանը (Հայաստան): Նույն օրը, կցուցադրվի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի «Աշխարումս» ֆիլմը։

4․Հարգանքի տուրք. կցուցադրվի 2018 թ․կյանքից անժամանակ հեռացած երիտասարդ կինոռեժիսոր Մարիա Սահակյանի «Փարոս» ֆիլմը։ Կկազմակերպվի Ս․Փարաջանովի՝ «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով», «Կիևյան որմնանկարներ», «Հակոբ Հովնաթանյան» (վերականգնված տարբերակը) ֆիլմերի կրկնակի ցուցադրությունը:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Սերգեյ Փարաջանովը 1988-ին է հրավիրվել՝ մասնակցելու Ռոտերդամի փառատոնին։ 30 տարի անց, դարձյալ հունվարին՝ Ռոտերդամում ներկա է լինելու Սերգեյ Փարաջանովն իր հոգևոր գոյությամբ։

Հ․Գ․Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը վերականգնումից (2018թ․ սեպտեմբեր) հետո շարունակաբար ցուցադրվում է և շարունակվելու է ցուցադրվել տարբեր միջազգային մշակութային միջոցառումներում, այդ թվում՝ Թելուրիդի միջազգային կինոփառատոն (ԱՄՆ, սեպտեմբեր, 2018), Ժամանակակից արվեստի ինստիտուտ /Institute of Contemporary Arts (Լոնդոն,2018թ․դեկտեմբեր), Օքսֆորդի արևելյան ուսումնասիրությունների ինստիտւտի հայկական ֆակուլտետ /Oxford Institute of Oriental Studies, Department of Armenia (նոյեմբեր, 2018թ․), Bazaar (Բրյուսել, հունվարի 20, 2019թ․), Ռոտերդամի միջազգային կինոփառատոն (Ռոտերդամ, 2 ցուցադրություն, հունվար, 2019թ․),Պերա թանգարան /Pera Museam/ (Ստամբուլ, փետրվար, 2019)։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի

մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031