Ազգային ժողովում սպասում են կառավարության ծրագրին։ Կառավարության ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում վարչապետն այն պետք է ներկայացնի խորհրդարանի դատին։
Մինչ այդ ԱԺ նիստերի ընդմիջում է հայտարարված։ Կառավարության ծրագրից առաջ կամ միաժամանակ գործադիրը, ըստ ամենայնի, կներկայացնի նաև կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը։ Այստեղ ամենախնդրահարույցը, թերևս, ուժային կառույցների՝ ոստիկանության ու ԱԱԾ-ի վերահսկողության հարցն է։ Իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից պարզ է, որ դրանք նախարարություններ չեն դառնալու և շարունակելու են մնալ վարչապետի ենթակայության տակ։
Մինչդեռ, ոչ վաղ անցյալում անցած տարվա մայիսի 1-ին, վարչապետի ընտրությունների ժամանակ իր ելույթում այդ պաշտոնում առաջադրված Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դառնան նախարարություններ կառավարության կառուցվածքում և ենթարկվեն խորհրդարանին։
«Ասել եմ և կրկնում եմ, որ Հայաստանում ստեղծվել է կառավարման սուպերվարչապետական մոդել, որում ԱԱԾ-ն և ոստիկանությունը ենթարկվում են վարչապետին։ Դա պետք է փոխվի, և ես կրկին հայտարարում եմ այդ մասին։ Կարծում եմ, որ ոստիկանությունն ու ԱԱԾ- ն պետք է դառնան նախարարություններ և պետք է հաշվետու լինեն խորհրդարանին, այլ ոչ թե անձամբ վարչապետին»,- հայտարարել էր Փաշինյանը՝ հաստատ խոստանալով, որ կանի այդ փոփոխությունը։
Ուշագրավ է, որ ավելի վաղ՝ 2018-ի մարտին, ՀՀԿ-ական նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ-ում կառավարման համակարգի մարմինների մասին օրինագծի քննարկումների ժամանակ, որով ուժայինները կառավարության ենթակայությունից անցնում էին վարչապետի ենթակայության տակ, ոստիկանությունն և ԱԱԾ-ն նախարարություն չդարձնելը հիմնավորում էր դրանք չքաղաքականացնելու գործոնով։ «Պետության շենքը կառուցվում է մարմինների վրա, որոնք քաղաքականություն են վարում։ ԱԱԾ-ն քաղաքականություն չի վարում, իսկ, օրինակ, ՊՆ-ն վարում է։ Սա է սկզբունքային տարրը՝ որոշելու համար՝ այն ծառայությո՞ւն է, թե՞ նախարարություն։ ՊՆ-ն ընդունում է ենթաօրենսդրական ակտեր, իսկ որևէ ծառայության համար նման բան չենք նախատեսել»,- հայտարարել էր Դ.Հարությունյանը՝ հավելելով, որ խոսքը նաև ոստիկանության մասին է։
Այժմ նույն հիմնավորումը կրկնում է ՀՀԿ-ին այդքան քննադատած Փաշինյանի իշխանությունը։
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում