«168 ժամի» հարցին, թե ինչպիսի՞ օրակարգ և արդյունքներ կունենա Մնացականյան-Պոմպեո հանդիպումը՝ կայանալու դեպքում, ամերիկացի վերլուծաբան, նախկին դիվանագետ Փոլ Գոբլը պատասխանեց, որ օրակարգը շատ լայն կարող է լինել, սակայն երկու կողմերի համար պրակտիկ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակն այդքան էլ մեծ չէ, և դրա համար կան որոշ օբյեկտիվ պատճառներ։ Ըստ նրա, Հայաստանի նման երկրների հետ հարաբերությունները համակարգվում են ոչ ամենաբարձր մակարդակով, քանի որ քիչ են ընդհանուր շահերը, և ԱՄՆ-ի համար կան շատ ավելի խոշոր աշխարհաքաղաքական առաջնահերթություններ ու խնդիրներ՝ հատկապես ներկայումս, որով պետք է զբաղվի վերին ղեկավարությունը, և նման դեպքերում նախաձեռնողականությունը կարծես պատկանում է մյուս կողմին, այս դեպքում՝ Հայաստանին։
«Հարաբերությունների նման մոդել գործում է այլ երկրների և կազմակերպությունների դեպքում ևս, ինչպիսին եվրոպական միությունն է, ԵՄ կենտրոնական երկրները, մասամբ՝ Ռուսաստանը, և այլն։ Դա ինչ-որ տեղ նաև բնական է։ Սակայն ես մշտապես պնդել եմ, որ Հայաստանը կարևոր տարածաշրջան է, և լավ չէ, երբ ավելի մեծ ներգրավվածությամբ աշխատանք չի տարվում այս ուղղությամբ, այլ գործում է հարաբերությունների այն մոդելը, որը հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը դնում է միայն մեկ կողմի վրա։
Երկկողմ հարաբերությունների կենտրոնական հարցը դիտարկվում է ԼՂ հակամարտության կարգավորումը, որն արտացոլվում է ներկայիս ամերիկացի պաշտոնյաների բոլոր հրապարակային անդրադարձներում, խոսքը և՛ նախագահ Դոնալդ Թրամփի, և՛ խորհրդական Ջոն Բոլթոնի մասին է, քանի որ դա կթուլացնի Իրանի և Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում, բայց, ինչպես ավելի վաղ եմ ասել, Ռուսաստանը թույլ չի տալու դա։ Եվ ԼՂ հակամարտության կարգավորումը դիտարկվում է մի գործընթաց, որը կարող է նպաստել հետագա քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցության ընդլայնմանը։ Բայց այս ամենի հարցում առաջընթաց չի լինի, եթե հայկական կողմն իր հստակ պատկերացումն ու օրակարգը չառաջարկի, քանի որ Թրամփի վարչակազմի քաղաքականության էությունը բոլոր ռեսուրսները երկրի ներսում կենտրոնացնելն ու տրամադրելն է ամենաառաջնային խնդիրներին։ Հայաստանը ներկայիս վարչակազմի հետաքրքրությունների այդ շրջանակից դուրս է գտնվում, Կոնգրեսում հստակ այլ տրամադրություններ չկան, ուստի երկկողմ այն օրակարգը, որը ներկայումս հարկավոր է անցումային փուլում Հայաստանին, խոսքը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, անվտանգության ոլորտի, բարեփոխումների մասին է, պետք է հետաքրքրի Հայաստանին, քանի որ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներ չկան, ԱՄՆ-ի ներգրավման այլ թեմաներ չկան, ուստի Հայաստանն իր կողմից պետք է քայլեր իրականացնի հարաբերությունները զարգացնելու համար։ Հետևաբար՝ եթե նման հանդիպում ծրագրվում է, դրա բովանդակային կողմը պետք է լավ մշակված լինի, դա կարևոր է։ Հայաստանի դիրքորոշումը երկկողմ հարաբերությունների հարցում և ԼՂ հակամարտության կարգավորման թեմայի վերաբերյալ պետք է հստակ հնչի, քանի որ դա գուցե լինի Հայաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների միջև երկրորդ կարևոր հանդիպումը, որովհետև առաջինը դիտարկվում է ամռանը նախագահի հանդիպումը Պոմպեոյի հետ։ Բացի Պետքարտուղարությունից, պետք է կապեր փնտրվեն ավելի բարձր օղակների հետ, և դիվանագիտությունը պետք է աշխատի ճկուն կերպով՝ նոր դեսպանի և դիվանագիտական խողովակների միջոցով»,- ասաց Փոլ Գոբլը։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում