Հայաստանի հեռուստաալիքներից մեկով ցուցադրված փաստավավերագրական ժանրի ֆիլմը Մարտի 1-ի մասին Հայաստանում առաջացրել է բավականին մեծ հանրային արձագանք, գերազանցապես բացասական: Պատճառն այն է, որ ֆիլմում ներկայացվել է Մարտի 1-ի իրադարձությունների այնպիսի պատկեր, որից տպավորություն է՝ եթե մարդը ծանոթ չէ Մարտի 1-ին և, այսպես ասած, մինչ այժմ հպանցիկ է տեղեկացել տասնամյա վաղեմության այդ ողբերգական իրողությունների մասին կամ լսում է ընդհանրապես առաջին անգամ, թե այդ իրադարձություններում գործող իշխանությունն է եղել տուժողը, ոչ թե հանրությունը, իսկ իշխանությունը կանխել է ընդամենը ընդդիմության ծրագրած զանգվածային անկարգություններն ու դրա հետևանքով պետությանը սպառնացող վտանգը: Այլ կերպ ասած, ցուցադրված ֆիլմը գրեթե միարժեք պարունակել է այն տոնայնությունը, որով Մարտի 1-ը ներկայացրել է իշխող համակարգը նախորդ տասնամյակում:
Այստեղ, իհարկե, ուշագրավ հանգամանքներ են այն, որ ֆիլմը ցուցադրվել է հեռուստաալիքով, որը, ըստ տարբեր խոսակցությունների, պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, իսկ դե յուրե այն նրան մերձավոր գործարարի սեփականությունն է, որը ձեռք է բերվել ամիսներ առաջ: Իսկ ֆիլմի նկարահանող ստեղծագործական խումբը Ռուսաստանից է, սցենարիստն էլ հայազգի հեռուստամեկնաբան Ռոման Բաբայանն է, որը, օրինակ, Երևանում բացված Լազարևյան հայ-ռուսական ակումբում նստած էր Կոնստանտին Զատուլինի մի կողմում: Զատուլինի մյուս կողմում Ռոբերտ Քոչարյանն էր, որը հայտարարեց ակումբի մտահղացմանը սատարելու մասին: Իսկ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը նույն կերպ չի սատարել նաև Մարտի 1-ի մասին ֆիլմի մտահղացմանը՝ հատկապես նկատի ունենալով այն, որ հայազգի ռուսաստանցի հեռուստահաղորդավարը, չգիտես ինչու, այդպիսի բովանդակությամբ ու շեշտադրումներով այդպիսի ֆիլմ նկարահանելու ցանկություն է ունեցել այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով դարձել է մեղադրյալ:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում