Հարցազրույց Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանի հետ։
– Տիկին Նազարյան, ինչպե՞ս եք գնահատում 7-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների մեկնարկը եւ ի՞նչ տպավորություններ ունեք։
– Իմ սպասումները գերազանցված են, որովհետեւ այսքան ակտիվ քննարկում վաղուց չէր եղել ԱԺ-ում՝ հանձնաժողովների թեկնածուների հարցերի շուրջ։ Այդքան շատ հարցերն ու ելույթները վկայում են, որ մեր պատգամավորներն ունեն շատ լայն օրակարգ։ Հնչեցին կարծիքներ՝ ինչու ենք այդքան երկար քննարկումներ անում, եթե ի սկզբանե պարզ էր, որ հանձնաժողովի նախագահների առաջադրված թեկնածուներն ընտրվելու են։ Ես այդքան էլ համաձայն չեմ այդ կարծիքի հետ, որովհետեւ դա է խորհրդարանի իմաստը։ Շատ կարեւոր է, որ խնդիրներն արձանագրվեն, եւ հանրության համար պարզ լինի, որ յուրաքանչյուր պատգամավոր ունի իր օրակարգը։
– Առաջիկայում քննարկվելու է կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների նախագիծը, արդեն պա՞րզ է, թե վերջնական ինչ փոփոխություններ են լինելու։
– ԱԺ-ին դեռ չի ներկայացվել նախագիծը, նախնական տարբերակը ինձ հասանելի չէ։ Երբ կառավարությունը կհամարի, որ ունի բավարար հիմնավորումներ՝ համախմբումներ անելու եւ նախագիծ կներկայացնի, այդ ժամանակ ես կասեմ իմ կարծիքը։ Շատ կարեւոր եմ համարում, որ կառավարությունը ներկայանա բավարար հիմնավորումներով։
– Ընդդիմությունը խոսում է այն մասին, որ կառավարության կառուցվածքի փոփոխություններով չի վերանում «սուպերվարչապետական» համակարգը։ Մասնավորապես, պնդում կա, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը պետք է հանել վարչապետի վերահսկողությունից։ Ի դեպ, նախկինում հենց «Ելք» խմբակցությունն է շրջանառության մեջ դրել «սուպերվարչապետական» համակարգ որակումը։ Այս մասով փոփոխություններ սպասվո՞ւմ են։
– Իրավապահ մարմինների հաշվետվողականությունը խորհրդարանի առաջ շատ կարեւոր եմ համարում եւ ես կարծում եմ, որ կարող ենք սահմանել մեխանիզմներ, որ ինչպես գլխավոր դատախազն է ամեն տարի հաշվետվություն ներկայացնում իր գերատեսչության գործունեության վերաբերյալ, այնպես էլ մյուս իրավապահ մարմինները ներկայացնեն։ Այս դեպքում պատգամավորները հնարավորություն կունենան հարցեր ուղղել ուղիղ այդ ղեկավարներին, բայց եթե անգամ մնա նույն կառուցվածքը, պատգամավորները կարող են իրենց հարցերն ուղղել վարչապետին։
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում