Մի քանի օր է, մամուլում հոդվածներ տարածվեցին մի քանի մարզպետներին եւ նրանց կողմից մարզպետարանի աշխատակիցներին տրված պարգեւավճարների մասին, որը հասարակության շրջանում քննադատությունների տեղիք է տվել։ Թեեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով այս հարցին, ասաց, որ մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, չեն գերազանցել իրենց լիազորությունները, այնուամենայնիվ, քննարկումները շարունակվում են բարոյական հարթության մեջ։ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի մասին զրուցել է մի քանի մարզպետների հետ հասկանալու՝ սպասելի՞ էր նման դժգոհությունը, արդյոք այդքան հրատա՞պ էր պարգեւավճարների հարցը եւ, ի վերջո, այս պարգեւատրումները ի՞նչ խնդիրներ են նպատակ ունեցել լուծել։
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյան
– Այդ դժգոհության ալիքը անիմաստ տեղն է բարձրացել։ Պարգեւատրումները եղել են միայն ու միայն խնայված միջոցների հաշվին եւ առաջադրանքները բարեխիղճ կատարելու համար։ Հաշվի առնելով վերջին շրջանի աշխատանքային լարված գրաֆիկը՝ մարզպետարանի բոլոր աշխատակիցները եւ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցները, որտեղ եղել են նմանօրինակ խնայողություններ, եղել են պարգեւատրումներ, որոնք նախկինում միշտ եղել են։
Հիմա դա շատ ավելի մեծ ուշադրություն գրավեց, չնայած շատ զարմացած եմ, քանի որ խոշոր բիզնեսմեն մարզպետները եւ նախարարները նախկինում եթե չեն արել, լավամարդ են դուրս եկել, եթե արել են, էլ ոչ մեկը դրան ուշադրություն չի դարձրել։ Այստեղ խնդիր չկա։ Պետության համար մենք պատրաստ ենք նույնիսկ անվճար աշխատել։ Ինչպե՞ս են առաջացել այդ խնայողությունները։ Օրինակ, մարզպետների տեղակալներից մեկի հաստիքը ազատ է, հետեւաբար, չկա վարորդ, օգնական։ Ես չունեմ վարորդ, մինչեւ վերջերս չեմ ունեցել խորհրդական, օգնական։ Մենք պետք է միշտ խրախուսենք՝ հաշվի առնելով շատ բաներ, օրինակ, որ շատ են դժգոհությունները աշխատավարձերի ցածր լինելու մասով։
Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում