Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարի 21-ի լիագումար նիստի ընթացքում, երբ քննարկվում էին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ դիտորդական առաքելության կողմից արձանագրված դիտարկումների արդյունքները, ելույթի համար գրանցվել էին երեք ադրբեջանցի պատվիրակներ, որոնք թեև նշում էին, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները ժողովրդավարական էին, սակայն միևնույն ժամանակ հիշեցնում էին, թե այն ռեժիմին, որին հեռացրեց ժողովուրդը, Եվրոպայի խորհուրդը ժամանակին բարձր գնահատականներ էր տալիս և հորդորեցին այլևս չկիրառել երկակի չափանիշներ:
Այս ելույթներին արձագանքեցին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները: Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց՝ ստիպված է անդրադառնալ Հայաստանի ընտրությունների մասին՝ ադրբեջանցի պատվիրակների ելույթներին. «Եթե որևէ մեկը խոսում է քրեական վարչախմբի մասին, ապա ադրբեջանցի պատվիրակները վերջիններից են, որ կարող են խոսել այդ մասին: Հենց այս պահին զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվում Ադրբեջանում, որտեղ մարդիկ պահանջում են ազատել քաղաքական բանտարկյալներին և որտեղ նրանց իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են ամենախայտառակ կերպով»:
Էդմոն Մարուքյանը հիշեցրեց՝ Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ-ի՝ քաղաքական բանտարկյալներին վերաբերող որոշումները, ու կրկին դիմելով ադրբեջանցի գործընկերներին, ասաց. «Եվ այս ֆոնին դուք խոսում եք ՀՀ ժողովրդավարության մասի՞ն: Ժողովրդավարության ավելցուկ ոչ մի երկրում գոյություն չունի: Կա դրա առաջընթացը կամ հետընթացը: Ես ուրախ եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանում հաստատուն կերպով զարգանում է: Ծիծաղելի է այդ գործընթացի վերաբերյալ հայտարարություններ լսել ադրբեջանցիներից, երկիր, որտեղ առկա են լրջագույն թերություններ մարդու իրավունքների և ազատությունների, ժողովրդավարության առումով»:
Էդմոն Մարուքյանն ասաց, թե ուրախ են տեսնել, որ ադրբեջանցի գործընկերներն ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին ու նշեց. «Մաղթում եմ ձեզ թավշյա հեղափոխություն որքան հնարավոր է շուտ ձեր իսկ բարօրության համար»:
https://www.facebook.com/marukyan.edmon/videos/2342217006006406/
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մեկ այլ անդամ Միքայել Մելքումյանը, դիմելով Սևինջ Ֆատալիևային և հատկապես Ռաֆայել Հուսեյնովին, վստահեցրեց՝ բարոյական իրավունք չունեն Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին խոսելու. «Եթե ցանկանում եք դատողություններ անել մեր երկրում իրավիճակի մասին, ապա ուշադրություն դարձրեք մեր դրական փորձառությանը: Ուզում են նշել, որ Ադրբեջանում իշխում է կոռուպցիայի մեջ թաթախված ռեժիմը»:
Միքայել Մելքումյանն ասաց, որ Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն. «Առաջին անգամ այս մասին բարձրաձայնել է մեր կուսակցության նախագահը, որը մատնանշել է կոնկրետ քայլեր, որոնք նոր ներդրումներ կբերեն երկիր: Մենք պատրաստակամ ենք նոր ներդրումների հոսք բերել Հայաստան, դրա համար մենք կատարում ենք նաև իրավական մի շարք փոփոխություններ: Այլևս չեն լինելու արհեստական մենաշնորհներ, ինչի համար անհրաժեշտ են օրենսդրական բարեփոխումներ: Մենք նաև զարգացնում ենք համագործակցությունը Եվրոպական Միության հետ, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի զարգացման վրա»:
Միքայել Մելքումյանը նաև արձանագրեց, որ ցավոք, Հայաստանում դեռ սոցիալական անապահովություն, աղքատություն և գործազրկություն երևույթները գոյություն ունեն: Ու նշեց դրա լուծման ուղիների մասին, ինչը կարող է լինել բնակչության աջակցությունը և քաղաքական կամքը: Միքայել Մելքումյանն ասաց, որ ժամանակի ընթացքում կերևա, թե ինչպես ենք հաղթահարում այդ խնդիրները: Այնուհետև բոլորին մաղթեց հաջողություն այդ պայքարում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ