Երբ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանին հարցրինք` Նիկոլ Փաշինյանը միայն Դուշանբեի վերելակային համաձայնության մասին է մատնանշում, հնարավո՞ր է ակնթարթային հանդիպմամբ կտրուկ նվազեցնել սահմանային միջադեպերը, զսպել Ադրբեջանի նկրտումները, հակադարձեց, թե հետագայում այլ հանդիպումներ կլինեն, որոնք կամրագրեն այսօրվա դրական միտումները։ «Ադրբեջանը վերջապես գնում է 94-ի հրադադարի պայմանագիրը հարգելու ճանապարհով։ Դրանով մեզ լավություն չի անում, իր ստանձնած պարտավորություններն է կատարում»,- նշեց պատգամավորը։
Բայց ոչ մի պայմանավորվածություն չհարգող Ադրբեջանը ինչու՞ անակնկալ որոշեց իր քաղաքականությանը հակառակ քայլեր ձեռնարկել, գուցե սա փոթորի՞կ է հարաբերական անդորրից առաջ` հարցրինք։ Ըստ ադրբեջանագետի, հետագա գործընթացները ցույց կտան Ադրբեջանի նկրտումները, սակայն այսօր արդեն այդ երկրում խոստովանում են, որ Հայաստանի ժողովրդավարությունը սպառնալիք է իրենց համար։ Այս ամենի վկայությունն է այն, որ Ադրբեջանում ըմբոստացումներ են ու ցույցեր։ «Խնդիրների մի հատված էլ կապված է բանակում տիրող իրավիճակի հետ։ Այսպիսի պայմաններում Ադրբեջանում տեսակետներ են հնչում, թե հնարավոր է Ղարաբաղը որպես խաղաքարտ օգտագործվի ներքին իրավիճակը հանդարտեցնելու համար»,- նկատեց զրուցակիցը։
Այնուամենայնիվ, այս օրերին Հայաստանում էլ ոմանք պնդում են, թե Ադրբեջանի հարձակումն անխուսափելի է, որքա՞ն է դրա հավանականությունը։ Տաթև Հայրապետյանի դիտարկմամբ` դա կախված է Ադրբեջանի ներքին իրավիճակից։ «Հիմա Ալիևը, կոպիտ ասած, ասում է` ինձ ձեռք մի տվեք, ես ինքս կփորձեմ փոխվել։ Սակայն դրանք ընդամենը կոսմետիկ փոփոխություններ են։ Պատերազմը վերսկսելու դեպքում Ալիևը ոչ մի երաշխիք չունի, որ անհաջողության չի մատնվելու։ 2016-ից հետո մենք դասեր ենք քաղել, շատ ավելի պատրաստված ենք, ավելի զգոն։ Մեր միջազգային վարկանիշն էլ բավականին բարձր է։ Ադրբեջանի համար շատ բարդ է լինելու հերթական պատերազմը սկսելը, միջազգային հանրության աչքում էլ դա արդարացնելը»,- ընդգծեց պատգամավորը` իրատեսական չհամարելով մոտալուտ պատերազմի վտանգը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում