Թամանյանական նախագծով կառուցված շենքն ուներ հարակից այգի: Քաղաքապետարանը վերականգնելու է այն, նախատեսվում է ազատել նաև հանգստի համար նախատեսված կանաչապատ մյուս գոտիները: Քաղաքի կանաչապատման նախագիծը թվում է՝ բոլորիս երազանքն է, թեև այստեղ էլ բախվում ենք գործարարների շահերին, նշված տարածքի բազմաձև սրճարաններում ժամանակ անցկացնելու սովորության ուժին և, ի վերջո, այն տեսակետին, որ մեր քաղաքում օպերային թատրոնի շրջակայքը վերափոխելուց ավելի կարևոր բաներ կան:
Փորձել ենք պարզել՝ ի՞նչ են մտածում այս մասին արվեստի մարդիկ:
ՍԵՐԳԵՅ ՍԱՖԱՐՅԱՆ (բալետի արտիստ)
-Օպերային թատրոնի շրջակայքում սրճարաններին փոխարինելու են կանաչ տարածքները: Ի՞նչ տրամադրություններ են տիրում օպերային թատրոնում:
-Դրական, իմ կոլեգաներից շատերն են հավանություն տվել քաղաքապետարանի որոշմանը, շատ ենք ուզում, որ օպերայի մերձակա տարածքը կանաչապատվի, բարեկարգվի: Բազմիցս շրջագայել ենք աշխարհի տարբեր հեղինակավոր թատրոններում, և կարող եմ վստահեցնել, որ դրանց շրջակայքում չկան սրճարաններ, խաղային ատրակցիոններ:
-Իսկ չկա՞ հակառակ գործոնը. մարդիկ սովոր են այդ տարածքում հանդիպելու, սրճելու, սրճարանները ինչ-որ առումով դարձել են հարազատ:
-Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ սրճարաններն ամբողջությամբ չեն վերանալու, երկրորդ պլանում կլինեն համապատասխան կետեր սրճելու, զրուցելու համար: Բայց երբ մոտենում ես թատրոնին, պետք է շուրջբոլորը կանաչ տարածք լինի, ոչ թե ականջիդ հասնեն սրճարաններից հնչող ռաբիսն ու քաղաքային ֆոլկլորը:
-Ինքներդ ինչպիսի՞ն կուզեիք լիներ օպերայի շրջակայքը. շատ հաճախ փորձում են մի նոր լավ բան անել, բայց, մեկ է, դժգոհություններ են առաջանում:
-Կարծում եմ՝ մտահոգվելու կարիք չկա, թե ինչպես կօգտագործեն տարածքը: Կարևորն այն է, որ դա կանաչ տարածք է, ժամանակ է պետք, որ ծառատունկ լինի, ծառերը, ծաղիկները աճեն, ու վերջնական պատկերը տեսանելի լինի:
-Սոցիալական կողմը մտահոգիչ չէ՞: Ի վերջո, մարդիկ աշխատանք են կորցնում:
-Չգիտեմ՝ նրանց այլընտրանք առաջարկվելու՞ է, թե՞ ոչ: Բոլոր դեպքերում, վստահ եմ, որ քաղաքի սրտում աշխատող բարմենը, մատուցողն իր բարձր որակավորմամբ կարող է աշխատանք գտնել մեկ այլ վայրում:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում
Լուսանկարում՝ Սիդնեյի օպերայի շենքը