Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը Aravot.am-ի հետ զրույցում ամփոփեց առաջնության արդյունքները:
«Հիմնական ինտրիգը վերջին տուրում էր, չնայած չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ նվաճել էր Արման Փաշիկյանը եւ համալրել հավաքականի կազմը: Բայց ունեինք էլի հարցեր, որոնցով շահագրգռված էին մյուս շախմատիստները: Օրինակ, ըստ կանոնադրության, բարձրագույն խմբի առաջնությունում առաջին հինգ տեղերն զբաղեցնող շախմատիստները իրավունք էին ձեռք բերում հանդես գալ Եվրոպայի առաջնությունում: Եվ վերջին տուրից առաջ ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, երբ չորս շախմատիստներ ունեին հավասար միավոր եւ պայքարում էին թե մրցանակային տեղի համար, թե Եվրոպայի առաջնության ուղեգրի:
Ինչպես կանխատեսվում էր, առաջնության կազմն այնպիսին էր, որ ցանկացած խաղացող կարող էր բարձր արդյունք ցույց տալ: Կազմի հավասարությունն զգացվեց մրցաշարի ամբողջ ընթացքում, քանի որ բացարձակ հետնապահ չկար եւ քիչ միավոր ունեցող յուրաքանչյուր մասնակից կարող էր ցանկացած պարտիայում անակնկալ մատուցել: Բայց կարող եմ ասել, որ 2009 թվականի Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանը իրեն դրսեւորեց լավագույն որակներով, ամբողջ մրցաշարն անցավ հավասար, գրեթե ոչ մի պարտիայում չստացավ կասկածելի դիրքեր եւ առանց պարտության ավարտեց մրցաշարը: Փաշիկյանը փորձված շախմատիստ է եւ կարող է օգտակար լինել Հայաստանի հավաքականին:
Ինչ վերաբերում է միջազգային վարպետների համար գրոսմայստերական նորմային, Տիգրան Հարությունյանը այն ավելի վաղ է լրացրել եւ սպասում է ՖԻԴԵ-ի հաստատմանը: Երկրորդը Շանթ Սարգսյանն էր, որը սակայն այս առաջնությունում չկարողացավ լրացնել այդ նորման», – ասաց Աշոտ Վարդապետյանը:
Հետաքրքրվեցինք՝ Շանթ Սարգսյանն այս առաջնությունում արդյո՞ք հանդես եկավ իրական հնարավորությունների սահմանում, պարոն Վարդապետյանը պատասխանեց. «Նա աճող շախմատիստ է: Տարվա ընթացքում ցանկացած շախմատիստ կարող է տարբեր մրցաշարերում հաջող եւ անհաջող մասնակցություն ունենալ: Մշտապես հավասար ու լավ արդյունք ցույց տալը դժվար է: Մրցաշրջանը նոր է սկսվել: Առաջին մեկնարկում միշտ էլ դժվար է: Շանթը, որքան էլ արժանիորեն էր մասնակցում, մրցակիցները վտանգավոր էին: Բայց վստահ եմ, որ տարվա ընթացքում Շանթը դեռ շատ կուրախացնի շախմատասերներին», – ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ