Հունվարի 9-ին Իջեւանի թիվ 1 մանկապարտեզի բոլոր՝ 6 դաստիարակները, թողնելով մանկապարտեզի երեխաներին, գնացել են Իջեւանի համայնքապետարան, հանդիպել կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանին, նրան հարցրել իրենց աշխատաժամանակի փոփոխման պատճառները : Նրանք ասել են, որ նախկինում աշխատում էին մինչեւ ժամը 16.30-ը, այժմ՝ մեկ ժամ ավելի:
Լիլիթ Ղալումյանը մեզ հայտնեց, որ դեկտեմբերի ամսվա վերջին խորհրդակցություն է անցկացվել, քաղաքի բոլոր մանկապարտեզների տնօրենները ներկա են եղել, նրանց պարզաբանվել , վերոհիշյալ հարցերի պատասխանները տրվել են, հայտնվել է, որ նոյեմբերին կրթության տեսչությունը ստուգումներ է կատարել, արձանագրել, որ Իջեւանի 3 մանկապարտեզներում դաստիարակներին մեկ խմբի հաշվարկով 1.12 հաստիքային միավորների փոխարեն հատկացվել է 1 հաստիք, պետք է ապահովել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատված, մեկ խմբի հաշվարկով դաստիարակին 5 օրյա աշխատանքային շաբաթվա եւ 8 ժամյա աշխատանքային օրվա դեպքում 1.12 դրույքաչափ հատկացնելու պահանջի կատարումը:
Հունվարի 11-ից թիվ 1 մանկապարտեզի երկարամյա տնօրեն Էլմիրա Մարտիրոսյանը աշխատանքի չի ներկայացել: Մենք եղանք թիվ 1 մանկապարտեզում: Դաստիարակները դժգոհություն չարտահայտեցին, սակայն ասացին, որ ժամը 8.30-ից մինչեւ ժամը 17.30-ը գործելու դեպքում ստացվում է 9 ժամ, որից 1 ժամն իրենց ընդմիջումն է, խնդիր է ծագում ընդմիջման մեկ ժամը մանկապարտեզի տարածքից դուրս անցկացնելու համար: Մանկապարտեզի կրտսեր խմբի դայակներ Ջեմման եւ Ջուլիետան հայտնեցին, որ իրենք մամուլին բողոք չեն ներկայացրել: Թիվ 1 մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատար էլմիրա Խաչատրյանն ասաց, որ մանկապարտեզի կնիքը Էլմիրա Մարտիրոսյանի մոտ է, այդ պատճառով խնդիրներ են ծագում ճաշացանկը հաստատելու, մանկապարտեզի համար գնումներ կատարելու համար:
Հեռախոսազրույց ունեցանք Էլմիրա Մարտիրոսյանի հետ, ով ասաց, որ ինքը 25 տարի մանկապարտեզի տնօրեն է, իր կոլեկտիվի հետ խնդիր չունի:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտնեց, որ ճիշտ չեն այն տեղեկությունները, թե իր պաշտոնավարման տարիներին քաղաքի մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը չեն բարձրացել: 2011 թվականից պաշտոնավարող Վ. Ղալումյանը հայտնեց,որ 2010-ին Իջեւանի մանկապարտեզների դայակների աշխատավարձը եղել է 33, դաստիրակներինը՝ 35 հազար դրամ, այժմ դայակների աշխատավարձը 72 հազար 750, դաստիարակներինը՝ 81 հազար դրամ է: Նա ասաց, որ քաղաքապետարանում իր հետ հանդիպման ժամանակ Էլմիրա Մարտիրոսյանը հայտնել է,որ մանկապարտեզի աշխատողները չեն ենթարկվում իր պահանջներին, ինքն էլ նրան 3 տարբեր պաշտոններ է առաջարկել,այդ թվում՝ քաղաքապետարանում, ավելի բարձր ռոճիկով, սակայն նա հրաժարվել է:
Մեր տեղեկություններով ՝ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը Էլմիրա Մարտիրոսյանին ազատել է մանկապարտեզի տնօրենի պաշտոնից:
ՈսկաՆ ՍԱՐԳՍՅԱՆ