Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, ԱԱԾ և ոստիկանության Շիրակի մարզային վարչությունների համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ազգությամբ հնդիկ երկու անձանց կողմից Գյումրու Մինաս Ավետիսյան փողոցում վարձակալած բնակարաններից մեկում հայտնաբերվել են թղթադրամներ (դոլար) և փոշենման զանգվածներ։
«Հայտնաբերված թղթադրամներում առկա են եղել կասկածելի, ենթադրյալ կեղծ թղթադրամներ, որոնց կեղծ լինելը պարզելու կամ հերքելու կապակցությամբ նշանակվել է դատափաստաթղթաբանական փորձաքննություն։ Բացի այդ, հայտնաբերված փոշենման զանգվածի թմրանյութ լինելու փաստը պարզելու կամ հերքելու կապակցությամբ նշանակվել է դատատոքսիկոլոգիական փորձաքննություն։
Նշված անձանց դեռևս դատավարական կարգավիճակ չի տրվել, կտրվի վերոնշյալ փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո»,-ասաց Կարեն Գաբրիելյանը։
Դատախազի հանձնարարությամբ ոստիկանության «Մուշ» բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 202 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Դատախազը նաև տեղեկացրեց՝ հնդիկ երիտասարդները պարզաբանել են, որ Գյումրիում քաղաքում փաստացի բնակվում են սեփական բիզնես ծրագրերն իրականացնելու համար։
Նշենք, որ նրանք նաև մականուններ ունեն, նրանցից մեկը 38-ամյա Սուլխվինդեր Սինղն է՝ Սուկի մականվամբ, մյուսը՝ 32-ամյա Սադիշ Կումարն է՝ Ջոնի մականվամբ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հետաքրքիր է,իսկ Շիրրակի պետհամալսարանում Համաշխարհային բանկի գումարներով իրականացված ՆՈՐԿԵՆՏԻ ծրագրի շրջանակներում հանցագործությունների վերաբերյալ ինչում քրեական գործ չեք հարուցում….Միլիոնավոր դրամներ են լափվել…