Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ պատվիրակները մտահոգված են ՀՀ-ում սոցիալական ցանցերում ատելության խոսքի տարածմամբ. քննարկում ԵԽԽՎ-ում

Հունվար 21,2019 22:22

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում այսօր վեհաժողովը շարունակեց Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ դիտորդական առաքելության կողմից արձանագրված դիտարկումների արդյունքների քննարկումը լիագումար երկրորդ նիստի ընթացքում՝ ազատ դեբատների ձևաչափով:

Ելույթի համար գրանցվել էին երեք ադրբեջանցի պատվիրակներ, որոնք թեև նշում էին, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները ժողովրդավարական էին, սակայն միևնույն ժամանակ հիշեցնում էին, թե այն ռեժիմին, որին հեռացրեց ժողովուրդը, Եվրոպայի խորհուրդը ժամանակին բարձր գնահատականներ էր տալիս և հորդորեց այլևս չկիրառել երկակի ստանդարտներ:

ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը, թեև Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները համարեց ժողովրդավարական, բայց նրանք բոլորն ունեին նույն մտահոգությունը՝ սոցիալական ցանցերում ատելության խոսքի տարածումը:

Ֆրանսիացի պատվիրակ Նիկոլ Դուրանտոն այս առիթով հայտարարեց. «Մտահոգության առարկա է այն, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակաշրջանում՝ ընտրություններից առաջ և հետո, սոցիալական ցանցերում, մեդիայում գերակշռում էր ագրեսիվ հռետորաբանությունը»:

Սլովենիան ներկայացնող պատվիրակ Անդրեյ Սիրսելը նույնպես բարձրաձայնեց այս մտահոգության մասին, բայց միևնույն ժամանակ ողջունելի համարեց այն, որ ընտրություններից առաջ ուժերի կուսակցությունների ցուցակները գլխավորող ներկայացուցիչները առաջին անգամ մասնակցեցին հեռուստաբանավեճի:

ԵԽԽՎ պատվիրակները մտահոգություն հայտնեցին նաև, որ, երբեմն, պարզ չէին կուսակցությունների ֆինանսական աղբյուրները:

Ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը, թեև ընդունեց, որ Հայաստանում ընտրությունները իրոք ժողովրդավարական չափանիշներին համապատասխան են անցել, բայց նաև հիշեցրեց. «Հայաստանում այժմ չկա նախկին հանցագործ ռեժիմը: Բայց ուզում եմ մեկ այլ փաստի վրա ուշադրություն հրավիրել: Տարիներ շարունակ այս ամբիոնից Հայաստանում ընտրությունները համարվել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, Սերժ Սարգսյանը, որին հայ ժողովուրդը համարեց հանցագործ և հեռացրեց պաշտոնից, Վեհաժողովում հարգանքի էր արժանանում: Փոխարենը քննադատության էին ենթարկվում մեր բոլոր մտահոգությունները նրա գործունեության հետ կապված: Որպես կանոն ԵԽԽՎ զեկույցներում Հայաստանում անցկացված ընտրությունները դրական լույսի ներքո էին ներկայացվում»:

Ադրբեջանցի մեկ այլ պատվիրակ Սևինջ Ֆատալիևան հիշեցրեց՝ մշտապես բարձրաձայնել են Հայաստանում գոյություն ունեցող խնդիրների մասին, սակայն այդպես էլ դրանք ԵԽԽՎ-ում չեն ընդունվել: Դառնալով ՀՀ նոր իշխանություններին՝ նա նշեց. «Սերժ Սարգսյանը երկիրը հասցրեց ճգնաժամային իրավիճակի: Հույս ունենք, որ ՀՀ նոր իշխանություններն այդ ճանապարհով չեն գնա և կնպաստեն հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը, քանի որ Հայաստանի զարգացման գրավականը նաև Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններն են»:

Ելույթներով հանդես եկան նաև Հայաստանի պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը: Ելույթի համար հերթագրվել էին նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության փոխարինող անդամ Միքայել Մելքումյանը: Նրանք բանավոր ելույթ չունեցան, քանի որ ժամանակը չբավականացրեց:

Այդ ելույթները կհանձնվեն ԵԽԽՎ քարտուղարություն և կկցվեն նիստի արձանագրությանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031