Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը լրագրողների հետ ավելի վաղ կայացած հանդիպումներում հայտարարել էր, թե մրցաշրջան 2019-ը բավականաչափ հագեցած է լինելու:
Այսօր կայացած հերթական հանդիպմանը նա նշեց, թե հասնում են ամենակարեւոր իրադարձություններին. «Մենք մեր նախանշած գրաֆիկով առաջ ենք գնում: Հունվարի 26-27-ին Աշոցքում կայանալու է սիրողական դահուկավազքի երկրորդ փառատոնը: Նպատակ ունենք այն ավանդական դարձնել: Այս փառատոնը մի քանի խնդիր է լուծում. Աշոցքը եւ Հայաստանը որպես դահուկային կենտրոն ճանաչելի դարձնելը, ինչպես աշխարհի շատ երկրներ են հայտնի դարձել դահուկային կենտրոններով, փառատոներով, խոշոր մրցաշարերով: Աշոցքն ուզում ենք դարձնել նաեւ դահուկուղիների հանրային կենտրոն, որտեղ հանրապետության ցանկացած քաղաքացի եւ արտասահմանցի դահուկով զբոսնելու հնարավորություն կունենա: Այսպես Աշոցքը նաեւ ընտանեկան հանգստի լավագույն վայր կդառնա»:
ԵՄ հայաստանյան գրասենյակի մշակույթի բաժնի համակարգող Վարդուհի Սարգսյանը նշեց, որ Աշոցքը իրենց համար վաղուց է դահուկային կենտրոն դարձել: «Երկրորդ անգամ է, որ մենք դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ հունվար-փետրվար ամիսներին դահուկավազքի փառատոն-մրցաշար ենք կազմակերպում: Այն սիրողական է: Մենք թիրախավորում ենք ընտանիքները եւ մասնակիցներին բաժանում երկու խմբի՝ դահուկ վարել իմացողներ եւ սկսնակներ, որոնք երբեւէ չեն կանգնել դահուկների վրա: Տարիքային բոլոր խմբերը եւ երկու սեռերի ներկայացուցիչները այդ երկու օրերին իրենց հարմար զբաղմունք կունենան: Մենք ցանկանում ենք, որպեսզի հայ ընտանիքները հանգստյան օրերը նվիրեն բացօթյա առողջ ապրելակերպին, մասնավորապես, դահուկավազքին:
Մինչ փառատոնի բացման պաշտոնական արարողությունը մարդիկ կծանոթանան նորակառույց դահուկավազքի կենտրոնի շենքին, որը կառուցվել է Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում, իսկ բացման արարողությունից հետո կկարողանան ամբողջությամբ վայելել ձյունը եւ դահուկային սպորտը: Նրանց մրցուղիները փորձարկելու հնարավորություն կտրվի, որպեսզի հաջորդ օրը արդեն մասնակցեն մրցումներին: Իսկ ովքեր իրենց դահուկների վրա վստահ չեն զգում, նրանց կօգնեն ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիչները: Մենք ցանկացողներին նաեւ դահուկային արշավ կառաջարկենք դեպի Կրաշեն: Երկրորդ օրը դահուկային ֆեդերացիայի մասնագետները կկազմակերպեն մրցումներ տղամարդկանց եւ կանանց, ինչպես նաեւ մանուկների միջեւ՝ ձմեռային անհատական եւ թիմային խաղերի տեսքով», – ասաց Վարդուհի Սարգսյանը:
Գագիկ Սարգսյանը ավելացրեց նաեւ, որ գույքը տրամադրվելու է անվճար եւ ֆեդերացիան աշխատում է մասսայական դահուկավազքի համար գույքը բազմապատկելու ուղղությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ