Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիոն աղմկոտ բացահայտումներ Գյումրիում բնակբաշխման շուրջ․ գործը հասել է դատախազություն

Հունվար 21,2019 21:12

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը մի քանի աղմկոտ բացահայտումներ է արել Գյումրիում կատարված բնակբաշխման շուրջ։

Նա Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ մարդկանց հետ շփման ընթացքում անընդհատ լսել է, որ օրինակ՝ շահառու ճանաչված մեկ անձը մի քանի տուն է ստացել ու որպեսզի պարզի՝ արդյո՞ք դրանք ասեկոսեներ են, թե՞ կան լուրջ հիմքեր, սկսել է իր ուսումնասիրությունները։

«Հարցերիս պատասխանը ստանալու համար ազատ ժամանակս տրամադրեցի, սկսեցի փորփրել, հետազոտել, ինչքան փորփրում էի, հասկանում էի, որ ավելի խորանալու տեղ է բացվում, ավելի առաջ եմ գնալու։ Փորփրեցի ու ձեռքիս տակ հայտնվեցին փաստեր, որոնք մեկ անգամ ևս ստուգեցի, ու պահը հասունացավ և՛ բարձրաձայնելու, և՛ իրավապահներին դիմելու։ Դատախազն արդեն արձագանքել է, նյութերն իրենց եմ փոխանցել, իրենք փոխանցել են ոստիկանություն, ինձ հրավիրել են ոստիկանություն։

Իմ հայտնաբերած փաստերից մեկն այն է, որ օրինակ՝ մեկ փլված հասցեի դիմաց տարբեր ժամանակներում վեց հատ տուն են տվել տարբեր ընտանիքների։ Ինչքան ուսումնասիրել եմ, այդ ընտանիքները միմյանց հետ ընդհանրապես կապ չունեն։ Դրա համար իմ մոտ հարց է առաջանում՝ այդ մարդիկ ի՞նչ գործ ունեն փլված հասցեի հետ, որ մի հատ էլ կարողանային տուն ստանալ։ Դրա համար դիմել են իրավապահ մարմիններին, որպեսզի այդ հարցերի պատասխանը տան, հասկանանք ինչպե՞ս եղավ, որ և՛ Պողոսյան Պողոսը, և՛ Պետրոսյան Պետրոսը նույն փլված հասցեով տուն ստացան։ Նախկինում օրենքը չէր արգելում մի քանի անձի բնակարաններ տրամադրելու, բայց տրամադրել է ասենք երկու եղբոր կամ ծնողներին առանձին, երեխաներին առանձին, բայց այս դեպքում ինչքան նայում եմ անուն-ազգանունները իրար հետ ընդհանրապես կապ չունեն։

Կան դեպքեր, երբ նույն մարդը ցուցակում երեք անգամ գրված է, երեք տարբեր հասցեների դիմաց գրված է և իրեն են տվել այդ տները։ Այսօր այդ մարդը եկել էր իմ մոտ՝ ասելով, որ ինքն այդքան տուն չի ստացել, ասում էր, որ պետությունը ինձ պիտի հինգ սենյակ տար, տվել է երկու հատ երկու սենյականոց, մի սենյակս էլ կերել է։ Մի հատ էլ էդ մարդու անուն-ազգանունը կա գրած առանձին հինգ սենյակի դիմաց։

Ուսումնասիրություններն անում ենք, որոնք որ զգում ենք իրավապահ մարմինների դաշտում պիտի հայտնվեն, դիմում ենք իրավապահներին, որ մեզ լրացուցիչ տեղեկացնեն, թե ինչ է կատարվել։

Տնակների քանդման ակտերի հետ կապված էլ կասկածներ ունենք, որ փաստաթղթեր են կեղծվել, որովհետև կան տնակներ, որոնք մինչև հիմա էլ ֆիզիկապես գոյություն ունեն, մինչդեռ դրանք նախկինում ունեցել են քանդման ակտ, մեզ տրամադրել է քանդման ակտերի հանձնաժողովը, փաստաթղթերի պատճենները կան։ Ես դրանք հրապարակել եմ և՛ իմ ֆեյսբուքյան էջում, և՛ հանձնել եմ իրավապահ մարմիններին։

Ուզում եմ հասկանալ՝ պետական մարմինների կողմից անօթևանների թվի ուռճացման առումով չարաշահումներ եղե՞լ են, թե՞ չէ։ Օրինակ՝ որ ասում եմ մարդու անունը գրված է, բայց իրեն տուն չեն տվել, պիտի պարզել ո՞ւմ են տվել, կարո՞ղ է այդ տունը վաճառել են մեկին, որն ասենք ընդհանրապես իրավունք չուներ տուն ստանալու ու փաստաթղթերը կեղծելով, սարքելով տվել են։ Կամ միգուցե ոչ մեկին էլ չեն տվել այդ տունը, պետական փողերն են յուրացրել, թիվ են ուռճացրել։ Այսինքն՝ եթե պետությունն այսօրվա դրությամբ հայտարարում է, որ 21 հազար բնակարան է տվել, ո՞ւմ է տվել այդ 21 հազար բնակարանը, եթե նույնը մարդու անուն-ազգանունը կրկնվում է», -ասաց Մհեր Խաչատրյանը։

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ մեզ տեղեկացրեց, որ Մհեր Խաչատրյանը դիմում է հասցեագրել իր անունով, որի մեջ եղել են ենթադրյալ հանցագործության մասին տվյալներ։ Նյութեր են նախապատրաստվում։

Դատախազը նաև փոխանցեց, որ քրեական գործ հարուցելու հիմքերը ստուգելու համար դիմումն իր հանձնարարությամբ ուղարկվել է ոստիկանության «Մուշ» բաժին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Մհեր Խաչատրյանի լուսանկարն՝ իր ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031