Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես տեսնում եմ հնարավորություն, որ Հայաստանը կարող է դառնալ մոդել». Նաիրա Զոհրաբյան

Հունվար 21,2019 21:01

Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը:

Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը խոսելով դեկտեմբերյան ընտրությունների մասին, մասնավորապես, ասել է՝

 

Հարգելի գործընկերներ,

Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը։ Ժողովրդի քվեով ձեւավորվեց խորհրդարան եւ միջազգային կառույցները եւս հաստատեցին ընտրությունների լեգիտիմությունը։

Ես եւս մեկ անգամ ուզում եմ արձանագրել, որ  Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որեւէ աշխարհաքաղաքական կոնտեքստ չուներ։ Դա հեղափոխություն էր՝ ընդդեմ հուսահատության եւ բեսպրեդելի, հեղափոխություն էր՝ ընդդեմ կոռուպցիայի եւ ամենաթողության։ Այսօր արդեն նոր Հայաստան է, նոր քաղաքական իրողություններով, նոր քաղաքական եւ տնտեսական օրակարգով եւ աշխարհի հետ հարաբերությունների բացարձակապես նոր որակով։

Բրիտանական «Էկոնոմիստը» Հայաստանը համարեց տարվա երկիր եւ անչափ կարեւոր է, որ ԵԽ եւ ԵՄ լոկոմոտիվ երկրները ողջույնի եւ քաջալերանքի խոսքերից անցնեն շատ ավելի գործնական քայլերի։ Իսկ գործնական քայլերը ներդրումներն են, որոնց համար այսօր Հայաստանում  խաղի նոր կանոններն են հաստատված։ Ես տեսնում եմ հնարավորություն, որ Հայաստանը կարող է դառնալ մոդել՝ աշխարհին ցույց տալու, թե ինչպես է հնարավոր փոքր տնտեսություն ունեցող երկրում ձեւավորել ինովացիոն միջավայր՝ նորարարական կազմակերպություններ ստեղծելու համար, որոնք պետք է դառնան նոր տնտեսական քաղաքականության շարժիչը։

Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին Հայաստանին սպառնալու ծիծաղելի փորձեր արեց, հայտարարելով, որ մեկուսացնելու են Հայաստանին տարածաշրջանային բոլոր նախագծերից։ Ես շարունակում եմ լավատես լինել եւ հույս ունենալ, որ թե՛ մեր, թե՛ միջազգային այլ կառույցներում եւ թե՛ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում նման հայտարարությունները պետք է անարձագանք չմնան։  Հայաստանը կարող է  դառնալ տարածաշրջանում բացառիկ դերակատարություն ունեցող երկիր եւ մենք պատրաստ ենք նոր որակի քաղաքական եւ տնտեսական  հարաբերություններ հաստատել միջազգային մեր գործընկերների հետ, հանուն այն հաջողության, որի անունն է ժողովրդավարություն եւ զարգացում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031