Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց՝ տնային կենդանիների համար նախատեսված պետական տուրքի դեմ

Հունվար 21,2019 18:05

Տնային կենդանիներին պահելու համար սահմանված պետական տուրք վճարելու մասին որոշումից դժգոհ կենդանասերներն այսօր բողոքի ցույց անցկացրին Երևանի քաղաքապետարանի դիմաց:

«Եթե պայմաններ չկան, ի՞նչ 5000 դրամ տուրքի մասին է խոսքը: Կենդանասերները պետք է տեսնեն՝ ինչի համար են վճարում, ինչի համար է օրենքը կիրառվում: Բոլորի պահանջն է, որ լինի օրենք, ոչ ոք չի ասում՝ մենք չենք ուզում վճարել, այդ 5000 դրամը լուրջ գումար չէ, հարցը դա չէ: Հարցն այն է, որ չկա կենդանիների վերաբերյալ օրենք: Մենք պահանջում ենք, որ լինի հստակ օրենք, և այդ օրենքի մշակմանը մասնակցեն մասնագետները, որոնք լուրջ խորհրդատվություն կտան»,- ասաց բողոքի ցույցի մասնակից Ստեփան Զաքարյանը:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, այսուհետեւ յուրաքանչյուր տնային կենդանու համար տարեկան պետք է վճարել 5000 դրամ:

3 շուն խնամող Հովհաննես Գևորգյանն էլ դժգոհեց, որ կենդանիների զբոսանքի համար նախատեսված այգիներ չկան, տարրական այլ պայմաններ, ասաց՝ ինքը պատրաստ է տուրք վճարել, եթե պայմաններ ստեղծեն և ասեն, թե ինչի՞ համար պետք է այդ տուրքը վճարվի։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ հայտարարեց, որ քաղաքապետարանը դեռ անցյալ տարվա վերջից է սկսել քննարկումները. «Քննարկվում է այնպիսի մոդել, որտեղ իրենց հարմարավետ ու անվտանգ կզգան և´ մարդիկ, և´ կենդանիները: Հիմա արդեն գործնական քննարկումների փուլում ենք գտնվում: Խոսքը վերաբերում է ինչպես տնային, այնպես էլ անտուն կենդանիներին: Քննարկվում է կենդանիների ստերջացման, չիպավորման միջոցով հաշվառման, անտուն կենդանիների համար կացարանների հարցերը: Լուծումները կառաջարկվեն քննարկումների արդյունքում»,- ասաց նա:

Հակոբ Կարապետյանի խոսքով, Երևանի ավագանին ուղղակի «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջն է կատարել՝ սահմանելով 5000 դրամ տուրքը: Իսկ օրենքը, հիշեցնենք, ընդունվել է 2006-ին:

«Այս տուրքն արդյունավետ չի գործել ընդունման օրից ի վեր և այս պահին ևս արդյունավետ չի կարող լինել, որովհետև քննարկվում են արմատապես նոր մոտեցումներ: Հաշվի առնելով անարդյունավետության ընկալումը՝ տուրքը փաստացի այս պահին չի գործում և այդ տուրքն այս պահին չի գանձվելու»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Իսկ տուրքը ավագանու կողմից չէր կարող վերացվել, քանի որ տուրքի պահանջը բխում է օրենքից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031