Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի հայցն ընդդեմ 1in.am-ի բավարարվել է. լրատվամիջոցը բողոքարկելու է

Հունվար 21,2019 18:11

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն  է տարածել, ըստ որի, վստահեցնում է՝ «Դատարանը «www.1in.am» կայքին պարտավորեցրել է հերքում տպել»:

Այս հայտարարության մեջ նաեւ նշված է՝ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության գործով՝ դատարանը, հերքման մասով հայցվորի ներկայացրած պահանջը բավարարվել է ամբողջությամբ:

Այսպիսով, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, բավարարել է եւ պարտավորեցրել է «www.1in.am» լրատվական կայքում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակված չորս հոդվածներում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ հերքում հրապարկել այն մասին, որ հիշյալ հոդվածներում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ տեղեկատվությունները իրականությանը չի համապատասխանում եւ զրպարտություն է:

Հայցել Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը վերջինիս վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու եւ տարածելու, ինչպես նաեւ նրա պատիվը եւ արժանապատվությունը արատավորելու համար:

Միեւնույն ժամանակ դատարանը նշել է, որ հերքումը պետք է հրապարակվի վճիռն օրինական ուժ ստանալուց հետո երկու օրվա ընթացքում՝ առավոտյան ժամը 09:00-ին սահմաններում, իսկ վճիռն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակման պահից մեկ ամիս հետո: Նշենք նաեւ, որ դատարանը մասնակի բավարարել է նաեւ հայցվոր կողմի ներկայացրած զրպարտության դիմաց փոխհատուցման վերաբերյալ 2.000.000 դրամի չափով պահանջից՝ 400 000 ՀՀ դրամը»:

Aravot.am-ի հետ զրույցում «www.1in.am»-ի նախկին խմբագիր Արման Բաբաջանյանը նախ նշեց, որ ինքն այժմ առնչություն չունի լրատվամիջոցի հետ: Մեր դիտարկմանը, որ նյութերը տպագրվել են այն ժամանակ, երբ ինքն էր ղեկավարում այն, Բաբաջանյանն ասաց՝ «Որքան ինձ հայտնի է՝ պետք է վիճարկվի որոշումը, Վերաքննիչ ենք գնալու»:

Մեզ հետ զրույցում էլ դատարանում «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սահակ Գագինյանը Քոչարյանի փաստաբանական խմբի հայտարարության մասին ասաց. «Որոշումն օրինական ուժի մեջ մտած չէ, ինչ հայտարարություն էլ տարածեն, դա ընդամենը հայտարարություն է եւ ընդամենն իրենց կարծիքը: Մեկ ամսվա ժամկետ կա բողոքարկման համար»: Գագինյանը տեղեկացրեց՝ մինչեւ փետրվարի 18-ը ժամկետ ունեն եւ, անպայման, բողոքարկելու են բոլոր հիմքերով՝ ե՛ւ գումարի պահանջի, ե՛ւ հերքման մասով:

«Ըստ էության, քանի որ ունենք 30 օր, դեռ չենք պատրաստել օրենսդրական ու փաստական հիմքերը, բայց առաջին ատյանի դատարանի նիստերի ժամանակ որոշակի հանգամանքների հետ կապված մենք դիրքորոշում ենք հայտնել՝ որպես հետաձգված բողոքարկման միջնորդություններ կային: Դատարանը կասեցման մեր միջնորդությունը մերժեց: Դա բողոքարկման ենթակա չէր, քանի որ արձանագրային որոշմամբ էր: Վերաքննիչ բողոքում պետք է դա արտացոլվի, որ դատարանը պետք է կասեցներ, մինչեւ քրեական գործում համապատասխան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, քրեական գործի համարը նշված էր մարտի 1-ի դեպքերով: Դատավորին երկու անգամ ինքնաբացարկ է հայտնվեց՝ տարբեր հիմքերով, բայց դատարանը գտավ, որ միայն մեկ հիմքով է: Այսինքն՝ 1-ին ինքնաբացարկի միջնորդության հիմքով: Եվ դա էլ հետաձգված բողոքարկման վարույթով նույնպես Վերաքննիչում պետք է ներկայացնեմ մեր բողոքը»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի տարածած հայտարարության մեջ հիշեցվում է հայցի առարկան եւ պահանջը՝ «Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը հայց էր ներկայացրել դատարան, մասնավորապես նշելով, որ 2018թ հունիս ամսին «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերությունը հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է հայցվորի պատիվը եւ արժանապատվությունը, մասնավորապես` 2018 թվականի հունիսի 7-ին ընկերությանը պատկանող «www.1in.am» ինտերնետային կայքում եւ «Ժամանակ» օրաթերթում հրապարակվել են հոդվածներ` «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել», 23.06.2018 թվականին՝ «Ռոբերտ Քոչարյանի խուճապը, երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին», 24.06.2018 թվականին՝ «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան» եւ 28.06.2018 թվականին՝ «Քոչարյան-Սարգսյան Արյունոտ քսանամյակի շահառուները» վերնագրերով:

Հայցվորի ներկայացուցիչը նշել էր, որ հոդվածներում ներկայացված փաստերն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը եւ դատարանին խնդրել էր պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ պարտավորեցնել ընկերությանը զրպարտության դիմաց Ռոբերտ Քոչարյանին վճարել փոխհատուցում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    դեռ սպասեցէք ՄԻԵԴ-ի վճիռներուն, այս խնդրում…

    (Երեւանի մէջ Քոչարյանի դէմ կոյր ատելութեան աղբիւրը շատ յաճախ անհատական/անձնական անճահոյ փորձառութիւններ են, իր իշխանութեան ժամանակ… նոյնիսկ եթէ միջադէպը կապուած է այլ հանգամանքի, վիրաւորանքը անձնական է… գոնէ լրագրողների պարագային, անցած ըլլայ, սակայն բոլորիս համար օգտաշատ կը լինի եթէ յատկապէս այս նիւթին մէջ ջանաք անջատել անձականը հանրայինէն, անհատականը պետականէն…)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031