Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար առաջին նիստի ընթացքում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը ներկայացրեց դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ դիտորդական առաքելության կողմից արձանագրված դիտարկումների արդյունքները: Նա շեշտեց՝ թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նախադրյալներ են ստեղծվել և հայտարարեց. «Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են հանգիստ և խաղաղ մթնոլորտում, դիտորդների ուշադրության ներքո»:
Բայց միևնույն ժամանակ անդրադառնալով ընտրությունների մասնակցության համեմատաբար ցածր ցուցանիշին՝ նշեց. «Մարդիկ շատ դեպքերում վախեցել են գնալ ընտրությունների սոցիալական մեդիայում առկա ատելության և անհանդուրժողականության պատճառով: Տարբեր մարդկանց նկատմամբ սպառնալիքներ են եղել, եղել է ատելության մթնոլորտ, ուստի մարդիկ, վախենալով իրենց հանդեպ ագրեսիայից, չեն ցանկացել գնալ ընտրության»:
Ալեքսանդր Պաչիերը նշեց, որ բազում խախտումներ, որոնք գրանցվել էին նախորդ ընտրությունների ընթացքում, այս ընտրություններին չեն գրանցվել: Չնայած նախապատրաստական կարճ ժամանակահատվածի՝ ընտրությունները լավ կազմակերպված են եղել: Բոլոր թեկնածուները հնարավորություն են ունեցել անցկացնել իրենց քարոզարշավները խոսքի և կարծիքի ազատության մթնոլորտում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ