Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեն՝ մանկապարտեզի տնօրենի ձերբակալության մասին

Հունվար 21,2019 17:23

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել մանկապարտեզում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ Երևան քաղաքի «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը 2015թ. մայիսից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում տարբեր հաստիքներում աշխատանքի է ընդունել իր ծանոթներին և մտերիմներին, ովքեր փաստացի աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ 3 711 256 ՀՀ դրամ աշխատավարձի գումարները յուրացվել են:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում 2018թ. նոյեմբերի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը 2018թ. նոյեմբերի 12-ին ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ:

Նախնական քննության տվյալներով՝ համայնքային միջոցները հափշտակելու դիտավորությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մանկապարտեզի տնօրենն իր ազգականներին և ծանոթներին՝ թվով 9 անձանց, մանկապարտեզի տարբեր հաստիքներին հրամանագրելու և վերջիններիս կողմից փաստացի չաշխատելու պայմաններում, անձամբ ստացել է նրանց անվամբ բացված բանկային հաշիվներին փոխանցված և բանկային քարտերով կանխիկացված ամենամսյա աշխատավարձի տեսքով առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներն ու հափշտակել դրանք։

Նախնական քննության տվյալներով՝ մանկապարտեզի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014թ. սկզբներից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ յուրացրել է իրեն վստահված, մանկապարտեզի երեխաների բաժին հանդիսացող, դեռևս չհաշվարկված արժեքի սննդի մի մասը, ինչպես նաև՝ յուրացման եղանակով առերևույթ հափշտակել մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված, առանձնապես խոշոր չափի` 13.357.941 ՀՀ դրամ գումարը։

Իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են հանցավոր այլ դրսևորումներ ևս:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է նաև, որ մանկապարտեզի տնօրենը առերևույթ յուրացրել է ոչ միայն աշխատանքի չհաճախած, սակայն հրամանագրված անձանց անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափի գումարները, այլև՝ մանկապարտեզի սաների համար նախատեսված սննդի մի մասը՝ սկսած 2014 թվականից:

Քննության տվյալներով՝ մանկապարտեզի տնօրենը, 2001 թվականից զբաղեցնելով «Լապտերիկ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, տևական ժամանակ` 2014թ. սկզբներից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում, յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզի սաներին հատկացված և իրեն վստահված սննդամթերքից:

Տնօրենը, աշխատատեղը պահպանելու պայմանով, մանկապարտեզի խոհարարից պահանջել է, որ մանկապարտեզ հաճախած երեխաների կերակրման համար նախատեսված ճաշացանկում ընդգրկված ճաշատեսակների պատրաստման համար նախատեսված և յուրաքանչյուր օր պահեստից բաց թողնվող սննդամթերքից, իրեն մասնաբաժին հատկացնելու համար, առանձնացնի որոշակի չափաբաժիններ։

Խոհարարը, աշխատանքը չկորցնելու մտավախությունից դրդված, կատարել է մանկապարտեզի տնօրենի պահանջը. ամեն օր, ճաշացանկից կախված, առանձնացրել է սննդամթերքը, երեխաների համար կերակուրները պատրաստել ոչ լիարժեք բաղադրիչներով, և անձամբ կամ իր օգնականի միջոցով սննդամթերքը տեղափոխել տնօրենի աշխատասենյակ:

Նախնական տվյալներով՝ աշխատասենյակում կուտակվող սննդամթերքը տնօրենի կողմից պարբերաբար տեղափոխվել է մանկապարտեզից և հափշտակվել։

2019թ. հունվարի 17-ին, օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկության արդյունքում մանկապարտեզի տնօրենի աշխատասենյակից հայտնաբերվել և առգրավվել է 2019թ. հունվարի 15-17-ն ընկած ժամանակահատվածում խոհարարի օժանդակությամբ առանձնացված սննդամթերքը:

2019թ. հունվարի 21-ին մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031