Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ահազանգում է՝ ՊԵԿ նախագահը պատժում է կոռուպցիոն ու հանցագործությունների մասին վարչապետին տեղեկություններ տրամադրողներին:
Փաստաբանի խոսքով, 2018-ի հունիս- հուլիս ամիսներին ՊԵԿ օպերատիվ հսկողության վարչության պետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: Մեկ ամսվա ընթացքում նա մի շարք բացահայտումներ իրականացրեց, որոնցից մեծ մասը հրապարակվեց մամուլում:
«Կարապետյանը բացահայտեց մի քանի կոռուպցիոն, սեւ սխեմաներ, դա դուր չեկավ որոշ պետական պաշտոնյաների, եւ ՊԵԿ նախագահի հրամանով օպերատիվ հսկողության վարչության գործունեության նկատմամբ ՊԵԿ նախագահը ծառայողական քննություն իրականացնելու նպատակով կասեցրեց Կարապետյանի գործունեությունը, կապարակնքեց նրա աշխատասենյակը»:
Կարեն Կարապետյանի ներկայացուցիչ փաստաբան Հայրապետյանը նաեւ պատմեց, որ ծառայողական քննության արդյունքում վարչության աշխատակիցների աշխատանքում ապօրինություն չբացահայտվեց, բայց ՊԵԿ նախագահը դիմեց նաեւ ՀՔԾ քրեական գործ հարուցելու պահանջով, տարեվերջին, քրեական գործը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով, սակայն դրանից հետո Կարապետյանին էլի չթույլատրվեց իր գործունեությամբ զբաղվել: Ինչից հետո Կարեն Կարապետյանը դիմել է վարչապետին՝ ներկայացնելով իրավիճակը ու հայտնել մտավախություն, որ հենց իր բացահայտած հանցագործությունների համար են խոչընդոտում իր աշխատանքը:
Վարչապետի հանձնարարությամբ ՊԵԿ նախագահին է ուղարկվել գրություն՝ պահանջով տասնօրյա ժամկետում ներկայացնել տեղեկություններ Կարեն Կարապետյանի հարցով:
Տիգրան Հայրապետյանի խոսքով, վարչապետի գրությունից հետո ՊԵԿ նախագահը երկրորդ ծառայողական քննությունն է սկսում անձամբ Կարեն Կարապետյանի նկատմամբ՝ վարչապետին հարկային գաղտնիք տրամադրելու հիմքով: Ըստ նրա՝ վարչապետի աշխատակազմին գրություն է ուղարկվում ՊԵԿ-ի կողմից, թե վարչապետի հանձնարարականով ծառայողական քննությունը շարունակվում, է բայց այդ գրության մեջ չի նշվում, որ քննությունն իրականացվում է վարչապետին հարկային գաղտնիք տրամադրելու համար:
Հայրապետյանը պնդում է՝ պետք է հարուցվի քրեական գործ, ստուգվի տեղեկությունների իսկությունը, ՊԵԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունն առնվազն ժամանակավոր կասեցվի, քրեական հետապնդում սկսվի ՊԵԿ նախագահի նկատմամբ՝ պաշտոնական անփութության հանցակազմով:
ՊԵԿ-ի պարզաբանումը կներկայացնենք քիչ ուշ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ