ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը դիվանագիտական ծառայության հասցեին հնչող քննադատության վերաբերյալ
Հայկական ժամանակ. Ազգային ժողովում բուռն քննարկում էր ՀՀ դեսպանների հետ կապված։ Վերջին շրջանում հնչում ենք նաև տարբեր հայտարարություններ Հայաստանի դիվանագիտական ծառայության մասին: Չե՞ք կարծում, որ ՀՀ դիվանագիտական կորպուսն ուժեղացման կարիք ունի, ի՞նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ։
Աննա Նաղդալյան. Արձագանքելով վերջին շրջանում Հայաստանի դիվանագիտական ծառայության արհեստավարժությունը կասկածի տակ դնող մի շարք հայտարարություններին, կցանկանայինք ընդգծել, որ Արտգործնախարարությունը փորձելու է հնարավորինս չանդրադառնալ բոլոր մերկապարանոց մեղադրանքներին, քանի որ երբ դրանք զուրկ են որևէ հիմքից ու փաստից, ապա անհասկանալի է, թե ինչին պետք է վերաբերի մեր պատասխանը` նման մեղադրանքների դատարկությանը, թե դրանք արտաբերող անձանց կողմից հետապնդվող իրական նպատակներին: Երկու դեպքում էլ բանավեճի մեջ ներքաշվելը համարում ենք մեր ժամանակի ու ուժերի անիմաստ վատնում:
Բազմիցս հայտարարել ենք, որ ԱԳՆ-ն բաց է կառուցողական առաջարկների և դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացմանն ուղղված քննադատության համար: Սակայն, անընդունելի ենք համարում անհիմն ոտնձգությունները Հայաստանի դիվանագիտական անձնակազմի նվիրված ու պատասխանատու ծառայության նկատմամբ, հատկապես վերջին ամիսներին ԱԳՆ-ում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ֆոնին:
Ընդգծեմ, որ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը 27 տարվա պատմություն ունեցող, նվիրված մասնագետներից կազմված կուռ կառույց է, որը հպարտորեն կատարում է ամենօրյա իր աշխատանքը` ծառայելով հանրությանը:
ԱԳՆ հաղորդագրություն